Կարծիք

15.05.2020 17:20


Դե ինձ համոզեք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվողը «քրեական գործը խլելու» դատախազության և ՀՔԾ-ի համատեղ մշակված օպերացիան չէ

Դե ինձ համոզեք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվողը «քրեական գործը խլելու» դատախազության և ՀՔԾ-ի համատեղ մշակված օպերացիան չէ

Եվ այսպես այսօր հանրությունը տեղեկացվեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ըստ նույն հաղորդագրության քրեական գործը վերաբերվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննված գործերով դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր կազմելուն և այն գործի նյութերին կցելուն:

Նույն հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում իմ կողմից ներկայացված հաղորդման հիման վրա դեռևս 2019թ-ին փետրվարի 22-ին հարուցված քրեական գործը։

Տվյալ քրեական գործը վերաբերվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և վերջինիս աշխատակազմի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքներին, ինչպես նաև դրա հետևանքով ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքին։

Այսպես, 2018թ-ի դեկտեմբերի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանը, հաստատապես տեղյակ լինելով, որ անձն ունի պաշտպան, առանց պաշտպանին ծանուցելու, քննել և որոշել է բավարարել ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված անձին կալանավորելու մասին միջնորդությունը։

Իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել ակնհայտ ապօրինի դատական ակտը, սակայն վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պարզվել է, որ անձի կալանավորման վարույթի նյութերում «հայտնվել է» «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ ակնհայտ կեղծ մի փաստաթուղթ։

Այսպես.
Ըստ վերը նշված հեռախոսագրի, որն ի դեպ նյութերին ծանոթանալուս ժամանակ՝ 2019թ-ի հունվարի 10-ին, վարույթում չի եղել, 2018թ-ի դեկտեմբերի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանին մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվելուց 11 րոպե անց Դատարանի աշխատակազմը իբր փորձել է կապնվել ինձ հետ, սակայն ես՝ Միհրան Պողոսյանս հեռախոսազանգերին չեմ պատասխանել։

Քրեական գործի քննության ժամանակ հիմնավորվել է, որ ես Միհրան Պողոսյանս Դատարանի աշխատակազմից որևէ հեռախոսազանգ չեմ ստացել, /այսինքն վարույթում հայտնված հեռախոսագիրը իր բովանդակությամբ կեղծ է/, սակայն ՀՔԾ քննիչը որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Դատարանի և աշխատակազմի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճել է, իսկ որպես արդյունք՝ որոշել է քրեական գործ հարուցել Միհրան Պողոսյանիս կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի և նրա աշխատակազմի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքը չնկատելու են տալիս թե՛ ԲԴԽ-ն /նույնիսկ հարուցված կարգապահական վարույթն է կարճվել/, թե՛ դատախազությունը /մերժելով քրեական գործի վարույթը կարճելու դեմ բողոքս/, թե՛ ՀՔԾ-ն /գործը քննում է նույն քննիչը, ով իմ իրավունքների խախտում է կատարել/, մինչդեռ Դավիթ Գրիգորյանի դեպքում այս բոլոր մարմինները ջանք ու եռանդ չեն ափսոսում հանրային վտանգավորություն չոււնեցող դեպքը «բացահայտելու» համար։
Գիտե՞ք ինչու.

Արտուշ Գաբրիելյանը ենթադրյալ հանցագործությունը կատարել էր ՀՔԾ-ի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում և կայացրել էր ՀՔԾ-ի քիմքին հաճո որոշում, իսկ Դավիթ Գիգորյանը հանդգնել էր դատախազության և ՀՔԾ-ի ցանկություններից տարբերվող որոշում կայացնել, ինչի արդյունքում հրատապ անհրաժեշտություն էր առաջացել քրեական գործը «խլել» Դավիթ Գրիգորյանի վարույթից։ Ահա և ողջ պատմությունը...
Հ. Գ. Էս ամենի արդյունքում Դավիթ Գրիգորյանը ձեռք բերեց ԱՆԿԱԽ դատավորի կարգավիճակ, իսկ Արտուշ Գաբրիելյանը ստիպված եղավ ավելի լավ սերտել ՀՀ Վարչապետի կողմից մատնանշված տարբեր կենդանիների արտահայտած հնչյուններ...

Հ.Գ.Գ. Հետագայում, իհարկե, քննիչը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է իմ կողմից սուտ մատնություն կատարելու մասին գործը և այժմ քննում է միայն «կեղծիքի» գործը, սակայն չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս երկու գործերն էլ նույն քննիչն է քննում...

Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը