Կարծիք

15.05.2020 13:25


Կրկին զանգ Կրեմլից

Կրկին զանգ Կրեմլից

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է իր հայաստանյան կոլեգային` Զոհրաբ Մնացականյանին, և զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի, ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև` արցախյան բանակցությունների վերաբերյալ:

Հատկանշական է, որ սա մեկ շաբաթվա ընթացքում Լավրովի երկրորդ հեռախոսազանգն է Մնացականյանին, ինչը նշանակում է, որ ինչ-որ թեմայի շուրջ ակտիվ երկխոսություն է գնում, ինչը դեռևս հրապարակման ենթակա չէ:

Սակայն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին ժամանակների բնույթից` կարող ենք եզրակացնել, որ կա երկու ցավոտ հարց: Առաջինը արցախյան խնդիրն է, երկրորդը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շարունակական կալանքը: Մնացած բոլոր հարցերը, այդ թվում և գազի գինը, այդ երկուսի ածանցյալներն են:

Պարզ է, որ Լավրովին անընդհատ խաբեբա հռչակելով` խնդիրները չէին հարթվելու, այլ հակառակը` ավելի էին սրվելու: Չունենալով բավարար ազնվություն և տղամարդկություն` ՀՀ իշխանությունները և մասնավորապես նախարար Մնացականյանը այդպես էլ չառերեսվեցին սեփական ժողովրդի հետ, չհերքեցին, որ քննարկվում է փուլային տարբերակը: Չպարզաբանեցին, թե ի՞նչ սկզբունքների շուրջ են բանակցում` ազգային ինքնորոշմա՞ն, թե՞ տարածքային ամբողջականության:

Հասարակության համար առ այսօր մութ է մնացել, թե որոնք են փաշինյանական արտաքին քաղաքականության հիմնասյուները: Կամ ` կա՞ն արդյոք նման հիմնասյուներ, թե՞ գնում ենք այն ուղղությամբ, որով կփչի քամին, միայն թե չնեղացնենք «կառուցողական» Ալիևին, միայն թե ամեն ինչ նրա սրտով լինի:

Հիմա գանք հայ-ռուսական արդի հարաբերությունների արմատին:

Դա Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքն է: Քանի դեռ երկրորդ նախագահը ազատազրկված է, Հայաստան-Ռուսաստան կապերը կրելու են թվացյալ նորմալ, բայց իրականում ծանր ու տհաճ բնույթ: Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ Քոչարյանը` որպես քաղաքական ֆիգուր և պետական գործիչ, անչափ կարևոր նշանակություն ունի ՌԴ ներկայիս իշխանական էլիտայի համար, նախագահ Պուտինը տարվա մեջ մի քանի անգամ շնորհավորանք է ուղարկում Քոչարյանին, իսկ ՀՀ այցելելիս տեսակցում է նրա տիկնոջը:

Ռուսական կողմի բոլոր այդ ժեստերը մնում են անարձագանք, սակայն կարող ենք եզրակացնել, որ այս ամենն ի վերջո անդրադառնալու է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա: ՀՀ իշխանություններն իրենց շարունակում են դնել, մեղմ ասած, չհասկացողի տեղ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը