Լրահոս

15.05.2020 11:56


Տրանսպորտային միջոցներում ուղևորների թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի թվաքանակին. հրապարակվել են տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Տրանսպորտային միջոցներում ուղևորների թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի թվաքանակին. հրապարակվել են տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Պարետատունը հրապարակել է մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել էական կետերը:

Վերգետնյա հասարակական տրանսպորտ

Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:

Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները:

Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տեւողությամբ երթուղիների ժամանակ՝ նաեւ ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):

Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:

Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

Տաքսի

Արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

Երկաթուղային տրանսպորտ եւ մետրոպոլիտեն

Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:

Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը:

Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:

Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը