Կարծիք

23.03.2011 18:40


Անպտուղ բանավեճ

Անպտուղ բանավեճ

Լևոն Տեր-Պետրոսյանը` ՀՀ առաջին նախագահը, իր հազարավոր կողմնակիցների հետ մուտք գործեց Ազատության հրապարակ, բայց չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ցանկացած քաղաքական տեխնոլոգ կպնդի, որ դա, մեղմ ասած, բացթողում է: Իհարկե, ոչ մի օրենքում գրված չէ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կամ նախկին նախագահները պարտավոր են մոտենալ հացադուլավորին և աջակցություն հայտնել, բայց կան նաև չգրված օրենքներ: Լևոն Տեր-Պետրոսյանը միայն կշահեր, եթե մոտենար հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին և զորակցություն հայտներ՝ անկախ նրանից՝ նախկինում Րաֆֆին սխաներ թույլ տվե՞լ է, թե՞ ոչ, կամ կիսո՞ւմ ես նրա հայացքները, թե՞ ոչ: Ի վերջո, արդյոք կա՞ մի քաղաքական գործիչ, որը սխալներ թույլ չի տվել: Բնականաբար՝ չկա:

Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին հիմա չկա մեկ այլ գործիչ, որ նրան ընկերաբար հուշի, թե որ քայլերը կարող են իրեն վնասել: Ավելին, հիմա նրան շրջապատում են մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանին նմանեցնում են Ստալինին կամ Բրեժնևին և պատրաստ են արդարացնել նրա ցանկացած քայլն ու խոսքը: Նա ասում է, թե հիմա երեք պահանջ են ներկայացնում, և հայտնվում են հոդվածներ, որոնց հեղինակները ապացուցում են, թե դրանից ճիշտ որոշում չէր կարող լինել: Առաջին նախագահը չի մոտենում Րաֆֆիին, և սկսում են ապացուցել, թե դրանից ավելի իմաստուն որոշում չէր կարող լինել: Հետո սկսում են հիշել Րաֆֆիի բոլոր սխալները, մերկացնում են նրան և ցույց տալիս խոցելի տեղերը: Ընդ որում, այնպիսի կեցվածքով են դա անում, կարծես թե իրենք անբիծ են, անսխալական և գրեթե սուրբ: Նա, ով համարձակվում է ասել, թե այնքան էլ ճիշտ չէր, որ Րաֆֆիին չմոտեցան, անմիջապես արժանանում է վիրավորական արտահայտությունների:

Գործը հասավ նրան, որ առաջին նախագահը որոշեց պարզաբանել, թե ինչու չի մոտեցել նախկին արտգործնախարարին: Պարզվում է՝ քրիստոնեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի համար բարոյական կոդեքս է, իսկ այդ կոդեքսը թույլ չի տալիս մոտենալ ցուցամոլներին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցամոլ է, քանի որ ցուցադրաբար ծոմ է պահում: Ավելին, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական պահանջներ էլ չի ներկայացրել: Իհարկե, այս հայտարարությունից հետո «Ժառանգությունը» հիշեցրեց քաղաքական պահանջների մասին, բայց դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ ըստ Տեր-Պետրոսյանի՝ բարոյական կոդեքսով չեն առաջնորդվում բոլոր նրանք, ովքեր այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ թվում և իր թիմակիցներ Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Սարգսյանը:

Մեկ այլ հետաքրքիր երևույթ էլ է նկատվում, որը բնորոշ է խորհրդային ժամանակներին: Երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էին հացադուլ անում, դա ճիշտ և ընդունելի պայքարի ձև էր: Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց Կոնգրեսի հետ ճշտելու՝ հացադուլ է անում, դա արդեն անընդունելի է:

ՍԴՀԿ առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասում է, թե չի այցելել  Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ պայքարի այդ ձևը արդյունավետ չի համարում: Ա՛յ քեզ տրամաբանություն: Հետաքրքիր է նաև, որ ընդամենը ամիսներ առաջ պայքարի այդ ձևը Լյուդմիլա Սարգսյանն արդյունավետ էր համարում և պարտաճանաչորեն այցելում էր հացադուլավորներին: Իսկ ՀԱԿ ակտիվիստ մի երիտասարդ էլ, որ ժամանակին ինքն էլ էր հացադուլ անում, հիմա Րաֆֆիին իր ընկերների հետ ծաղրում է սոցիալական ցանցերում, և իրենք իրենց գործողությունն արդարացնում են նրանով, թե ով ժողովրդի դեմ է դուրս գալիս, պետք է ծաղրի ենթարկվի: Եվ անհանդուրժողականության կրողներն ասում են, թե իրենք պայքարում են ժողովրդավարության համար: Մի պահ պատկերացրեք, թե նման մտածողության տեր մարդիկ իշխանություն ունեն: Փորձեք պատկերացնել, թե ինչ կանեին նրանց հետ, ովքեր կփորձեին հակառակ տեսակետները հայտնել:

Իրոք, վտանգավոր են նրանք, ովքեր վստահ են, որ իրենք բացարձակապես ճիշտ են, իսկ հակառակ տեսակետներ արտահայտողներին համարում են դավաճան, վնասարար կամ հակահեղափոխական:

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակին, ապա իսկապես անլուրջ է խոսել այն մասին, թե ով ազատագրեց այն` Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը: Անպտուղ և ոչինչ չտվող խոսակցություն, բայց ընդդիմադիր դաշտը մասնավորեցնել ցանկացողները ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու համար, որ իրենք են նվաճել, ազատագրել Ազատության հրապարակը: Մնում է հետաքրքրվել, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին ազատագրում:

Ահա այսպիսի քաղաքական դաշտ ունենք: Եվ գնալով ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում նոր քաղաքական դաշտի ստեղծումը, որն իրոք կնպաստի Հայաստանի զարգացմանը, Հայաստանի ժողովրդավարացմանը, և ոչ թե «Մեկ օլիգարխի տնտեսության» ձևավորմանը: Եվ ամենակարևորն այն է, որ այդ դաշտի ձևավորումն արդեն սկսվել է և հաջողությամբ էլ ավարտվելու է:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը