Մեկնաբանություն

13.05.2020 11:38


Նիկոլ Փաշինյանի նոր կոնսենսուսները

Նիկոլ Փաշինյանի նոր կոնսենսուսները

Խորհրդարանում տեղի ունեցած խայտառակ պատմությունից հետո կային միամիտներ, ովքեր կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր իսկ կողմից ամիսներ առաջ հռչակած համազգային կոնսենսուսի, պետք է դատապարտի բռնությունը և քաղաքական որոշմամբ պատժի սեփական թիմակիցներին։ Սակայն տեղի ունեցավ սպասելին։ Նիկոլը հռչակեց իր իրակա՛ն կոնսենսուսային կետերը։

Մինչ այդ նոր կետերին անդրադառնալը, հիշեցնենք, թե ինչ էր ասում բռնության մասին «ժողովրդի» վարչապետը հին կետերից մեկում։

«Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ Ի դեպ, այս համատեքստում կա միայն մի բացառություն՝ խոսքն օրինական ուժի կիրառման մասին է՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում»։

Փաշինյանի նոր «կտակարանը»

Փաշինյանը պաշտպանեց Սասուն Միքայելյանի, իր քավորի, իր նշանակած պատգամավորի վարքագծերը և զուգահեռաբար բարձրաձայնեց իր «համազգային» նոր կենսենսուսները։ Ահա դրանք․

1․ Բռնությունը ներհայկական ու ներքաղաքական հարցերի լուծման գործիք է։ Այդ գործիքի լեգիտիմ կիրառման իրավունքը պատկանում է բացառապես «Իմ քայլին»։

2․ Նիկոլ Փաշինյանին ու նրա ձևավորած խորհրդարանական մեծամասնությանը քննադատողները հռչակվում են սադրիչներ և ժողովրդի թշնամիներ, քանզի ժողովրդի լեգիտիմ մանդատ ստացած մարդուն քննադատելը սրբապղծություն է և օրինազանցություն։

3․ Խորհրդարանական ընդդիմությունը նախորդ ռեժիմի պարտադրած օրենսդրական դեֆեկտն է, որը պատեհ առիթի դեպքում կվերացվի։

4․ Ժողովուրդ պետք է համարել այն ամբոխին, որը ծափահարում է առաջնորդին և հայհոյում առաջնորդի քննադատներին։ Մնացածը ժողովուրդ չեն։ Դրանք հիասթափվածներ են, սևեր, հակահեղափոխականներ։

5․ Իշխանությանը քննադատելը համարվում է բռնության սադրանք և հետապնդվում բոլոր մեթոդներով։

6․ Իշխանության սխալների մասին խոսելը հոգեբանական բռնության կիրառման եղանակ է և դատապարտվելու է ժողովրդի անունից։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը