Մեկնաբանություն

13.05.2020 09:30


Քայլ արա՛, մերժի՛ր թավշյա վարագույրի հետևից քմծիծաղ տվող սուտը և ճղճղան բռնապետությունը

Քայլ արա՛, մերժի՛ր թավշյա վարագույրի հետևից քմծիծաղ տվող սուտը և ճղճղան բռնապետությունը

Եվ այսպես, նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը չզարմացրեց իր երկու տարվա անփառունակ «գործունեությանը»` փաստացի անգործությանը ուշի-ուշով հետևող քաղաքացիներին. վերցրեց ու վավերացրեց «թավշապետի» աչքին «ապօրինի» գույքի բռնագրավման օրենքը, որ այլ բան չէ, քան օրենք Նիկոլի կողմից պերսոնա նո գրատա ճանաչված անձանց կուլակաթափության մասին։

Աստված «հոգին լուսավորի». ՆԱ ուներ բոլոր հնարավորությունները և կարող էր չստորագրել անգամ ի՛ր կարծիքով խնդրահարույց օրենսդրական ակտը և ուղարկել Սահմանադական դատարան, բայց չարեց. երևի համարում էր, որ «քայլապետությունը» դեռևս բավականաչափ թույլ և խոցելի չէ Փաշինյանի ասածին «չէ» ասելու համար։ Եթե հիշում եք, 2018-ին էլ գնաց հրապարակ և «կանգնեց ժողովրդի կողքին» միայն այն բանից հետո, երբ տեսնելի էր, որ Սերժ Սարգսյանի «օրերը հաշված են»։

Դրան նախորդեց Ազգային ժողովում բոլորի աչքի առաջ տեղի ունեցած «քուչի կռվի» մակարդակի «էլիտար ծեծկռտուքը»` ընդդիմադիր խմբակցության ղեկավարին շշով խփելու, «ցխելու», «վիզը կտրելու» սպառնալիքներով, քացիներով ու «գոտկատեղից ներքև»`աջից, ձախից, թիկունքից հասցված բռունցքի հարվածներով։

Վարչա(հրամայա)պետի ներկայությամբ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի նկատմամբ «սամասուդի» պսակը դարձավ Փաշինյանի հոխորտալի հայտարարությունը, որով վերջինս տեղի ունեցածի պատասխանատվությունը դրեց «ծեծված կողմի» ուսերին` գնահատեց դա որպես «քստմնելի սադրանք սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի խորհրդարանական սպասարկուների» կողմից։ Եվ օրինականացրեց բռնությունը` սպառնալով «պադեզդներում ասֆալտին պառկացնել» բոլոր նրանց, ովքեր կշարունակեն «սադրել» իրենց` քննադատել կառավարությանը։

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը` ԲՀԿ-ն, միջադեպի ընթացքում և հետո հիմնականում դիտորդի դերում էր` «անշառ գլուխը շառի տակ չդնելու» տրամաբանության մեջ, ու չխառնվեց «բանավեճին»։ Դեպքին հաջորդած կռիվ-ղալմաղալի, փոխադարձ մեղադրանքների, դատապարտող հայտարարությունների արանքում քայլարած մեծամասնությունը հաջողությամբ սղղացրեց «Լանզարոտեի կոնվենցիան», որով փորձ է արվում արտաքուստ «անմեղ» ձևակերպումների տակ անցկացնել «գենդերային քաղաքականության» անվան տակ սեռը սեռական կողմնորոշումից տարանջատելու «գաղափարը», որպես անցումային քայլ` ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «նախերգանք»։

Քայլարածների ցինիզմը հասավ նրան, որ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ` «ելք», բարտեր առաջարկեցին «Լուսավորին»։ Կոլեգիալ որոշումը ԱԺ «բարձր ամբիոնից» պաշտոնապես ներկայացրեց խմբակցության ղեկավար Մակունցը` մշակույթի նախկին նախարարը, որ ասում էր` «մշակույթը իմ մեջ է»։ Այն է` փոխանակություն`«մեկը մեկի» կամ «երեքը երեքի» ձևաչափով. Էդմոն Մարուքյանը և ԼՀԿ ևս երկու պատգամավոր վայր են դնում մանդատները, դրա «դիմաց» հրաժարական են տալիս ծեծկռտուքը սադրած Սասուն Միքայելյանը և Մարուքյանին թիկունքից հարվածած հավատավոր երկու «իմքայլական», որոնցից մեկը Փաշինյանի մտերիմն է` քավորի եղբայրը։

«Լուսավորը», ինչքան հասկացանք, արդեն մերժել է «գործարքը», և ճիշտ է արել։ Նախ` այդ խայտառակ «բոլոլան» Մարուքյանե՛նք չեն սկսել, երկրորդ, և ամենակարևորը` «արևելյան բազարին» սազական այդ «փոխանակությունն» ինքնին անհեթեթ է և անընդունելի` իրեն հարգող որևէ քաղաքակիրթ քաղաքական ուժի համար։

Եթե «Լուսավոր»-ում համարժեք են գնահատում երկրում ստեղծված բոլոր առումներով արտառոց իրավիճակը, որի բաղադրիչներից մեկն էլ` ես կասեի, հիմնական բաղադրիչը, Արցախյան կարգավորման գործընթացում ահագնացող աղետալի զարգացումներն են, և ուզում են վերջ տալ անեծքներով, «քֆուրներով», ատելության խոսքով, «առօրյա» մի բան դարձած ֆիզիկական և բումերանգի էֆեկտով քայլարածների դեմ շուռ եկած «բարոյահոգեբանական» բռնության մթնոլորտին (որից անգամ ատելության քարոզի մաեստրոն է արդեն նեղվում), պետք է քայլ անեն. բոլորը մի մարդու պես վայր դնեն մանդատները և խորհրդարանական մեծամասնության համար «խաղից դուրս վիճակ» ստեղծեն։

Սահմանադրության համաձայն, խորհրդարանում պիտի առնվազն երեք խմբակցություն լինի, և «Լուսավորի» դուրս գալու դեպքում Ազգային ժողովը ստիպված կլինի գնալ ինքնալուծարման։ Իսկ եթե ԲՀԿ-ն, որ միառժամանակ առաջ նույնպես երկչոտ փորձեր էր անում`հակադրվելու փաշինյանական ավտորիտար կառավարմանը և ամենաթողությանը, Ծառուկյանի օգնականի նկատմամբ սկսված քրեական հետապնդումից հետո «լեզուն իրեն է քաշել»` սսկվել է, իր հերթին հրաժարվի մանդատներից, արտահերթ ընտրություններն ուղղակի անխուսափելի կդառնան։ Տղա են` թո՛ղ անեն։ Եթե ոչ, թո՛ղ էլ ընդդիմություն չձևանան` ընդդիմության խղճուկ իմիտացիա չանեն։

Ելք կա՛ ցանկացած իրավիճակից։ Ուղղակի ամեն մեկը պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը, հասկանա, որ վաղվա օրը կախված է մի մարդուց, և այդ մարդը ինքն է` դատավորը, որ հրահանգներ է կատարում կամ չի կատարում, դատախազը, քննիչը, որ պարում է «բարձրյալի» դուդուկի տակ կամ սուսուփուս անում է իր գործը` ապավինելով իր խղճին, մտքին, բարոյականությանը և օրենքի տառին, պատգամավորը, որ համակերպվում է գոյություն ունեցող արատավոր համակարգի հետ ու դառնում դրա մի մասը, կա՛մ մերժում սուտ ժողովրդավարությունը, բռնությամբ պատած թավիշը, թավիշի տակից «քմծիծաղ տվող», ճղճղացող սուտը, բռնությունը, թավշապետին ու քայլ անել` դեպի իրական ժողովրդավարություն, արդար և արժանապատիվ Հայաստան...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը