Մեկնաբանություն

12.05.2020 20:53


Աննա Դանիբեկյա՞նը կդատի, թե՞ Աննա Դանիբեկյանին կդատեն

Աննա Դանիբեկյա՞նը կդատի, թե՞ Աննա Դանիբեկյանին կդատեն

Վաղը դատավոր Աննա Դանիբեկյանի համար ճակատագրական օրերից մեկն է լինելու։ Նա ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «գործով» պետք է որոշում կայացնի խափանման միջոցի հարցով։

Ամեն ինչ շատ պարզ է։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ Դանիբեկյանը կայացնում է օրինական ու ողջամիտ որոշում՝ բավարարելով միջնորդությունները և փոխելով Քոչարյանի խափանման միջոցը, կա՛մ Դանիբեկյանն իր դեմ ապագա քրգործի հիմքերից մեկն է դնելու, ընդ որում՝ սարսափելի հոդվածներով։

Վաղուց արդեն հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քայլերը ոչ միայն ներքաղաքական բնույթ ունեն և կոչված են բավարարելու Նիկոլ Փաշինյանի կապրիզները, այլ նաև «գործն» ունի աշխարհաքաղաքական ու անվտանգային ասպեկտներ։

Աննա Դանիբեկյանին պետք է որ հայտնի լինի, թե ինչպիսի ոգևորություն ու ցնծություն էր առաջացրել Ադրբեջանում՝ Քոչարյանի ու պատերազմն անցած երկու գեներալների դեմ կարված գործի դատական նիստը մայիսի 8–ին՝ Շուշիի ազատագրման 28–ամյա տարեդարձի օրը նշանակելը։

Ադրբեջանում հաշվում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի այն գիծը, որը նրանից պահանջում են «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերը, ապա հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելը շատ շուտով կդառնա տեխնիկայի հարց։

Թուրք–ադրբեջանական ծրագրերում շատ կարևոր նշանակություն ունի Արցախյան պատերազմն իրենց ուսերին կրած ռազմաքաղաքական շրջանակների վարկաբեկումը։ Այդ առումով Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումն ունի անկյունաքարային նշանակություն, քանզի դա խորհրդանշական է։ Բացի այդ՝ լրջորեն նյարդայնացնում է Կրեմլին։

Քոչարյանի գործոնը հայ–ռուսական հարաբերություններում կարևոր հանգամանք է։ Քոչարյանին անազատության մեջ պահելը գրգռվածություն է առաջացնում մեր ռազմավարական դաշնակցի մոտ, ինչն ազդում է մեր անվտանգային համակարգի վրա։ Հենց դա է պետք մեր թշնամիներին և նրանք 5–րդ շարասյան միջոցով ակտիվ աշխատում են։

Պարզ է, որ անխուսափելի իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցողը լուրջ հետաքննության առարկա է դառնալու և պատերազմական ժամանակների խաղի կանոններով իրավաքաղաքական հետևանքներ է առաջացնելու։ Եթե Աննա Դանիբեկյանն այս ամենը չի հասկանում, ապա դա չի նշանակում, որ դա հետագայում որպես մեղմացուցիչ հանգամանք է գնահատվելու։ Դանիբեկյանը հետագայում չի կարող արդարանալ, թե, իբր, բանից անտեղյակ է եղել։ Ինչպես որ օրենքի չիմացությունը չի ազատում մեղադրյալին պատասխանատվությունից, այնպես էլ պետական դավաճանության թեմայով չիմանալ, բայց հրահանգ կատարելը չի ազատելու պատասխանատվությունից։

Աննա Դանիբեկյանը դեռևս շանս ունի դատելու։ Դատելու օրենքով և ողջամտությամբ։ Հակառակ դեպքում ինքն է դատվելու։ Ընդ որում՝ ոչ թե խափանման միջոցն ապօրինաբար չփոխելու և վարչապետից ստացած հրահանգները հնազանդորեն կատարելու, այլ լրիվ ուրիշ հոդվածներով։ Մեր երկրի անվտանգությանն առնչվող հոդվածներով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը