Մեկնաբանություն

12.05.2020 13:35


Մանդատները դնենք, իջնենք փոսը, ջոկենք, թե ով է ճիշտ Պողոսը

Մանդատները դնենք, իջնենք փոսը,  ջոկենք, թե ով է ճիշտ Պողոսը

Չէ, բայց «իրքայլ»-ականները հիացնում են: Նույնիսկ ստեղծագործական բուռն ոգևորության պարագայում որևէ երգիծաբան չէր կարող երազել այսքան հորդառատ առիթներ, որքան տալիս են խորհրդարանական մեծամասնության քաջապանծ ներկայացուցիչները:

Վերցնենք թեկուզ նախօրեին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը՝ «մանդատ՝ մանդատի» դիմաց անզուգական բանաձևով: Ըստ որում, դա «իրքայլական» մեծամասնության պաշտոնական դիրքորոշումն է: Ամենից տխուրն այն է, որ անլրջության այդ խտանյութը հրամցվում է ամենայն լրջությամբ:

Դե լսած կլինեք, ասում են, թե՝ Սասուն Միքայելյանը և թիկունքից հարվածելու (կամ քաշքշելու) մեջ կասկածվող ևս երկու իշխանական պատգամավոր պատրաստ են պատգամավորական մանդատները վայր դնել, եթե միաժամանակ մանդատները վայր դնեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ու իր խմբակցությունից ևս երկու պատգամավոր:

Ու Լիլիթ Մակունցը այս աբսուրդային առաջարկությունը ներկայացնում է որպես մայիսի 8-ին արձանագրված խայտառակ տուրուդմփոցի վերաբերյալ իշխող ուժի պատկերացրած «քաղաքական հետևանք», «արդարություն» (արդար լուծում, էլի): Կարելի է հանդիպակաց առաջարկություն անել իշխող մեծամասնությանը: Օրինակ, քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ, մասնավորապես, որ այսուհետև որևէ հանցանքի, ասենք՝ խուլիգանության, մարմնական վնասվածք պատճառելու և նման բաների համար ամբաստանյալների հետ ազատազրկման դատապարտվեն նաև տուժողները: Կամ, եթե ասենք, մեկի տնից ինչ-որ բան են գողացել, գողության մեջ մեղադրվողներից բացի, պատասխանատվության ենթարկվի նաև տանտերը, քանի որ բնակարանի դուռը լավ չի կողպել, նաև՝ ունեցվածք է տնօրինել, ինչով սադրել է ուրիշի ունեցվածքն օտարելու կամ յուրացնելու հակում ունեցողներին:

Առհասարակ, կատարվածի վերաբերյալ «իրքայլական» պատկերացմամբ այդ «քաղաքական հետևանքը» նախ թերի է ու անհամարժեք: Սասուն Միքայելյանը, միգուցե, իշխանական թևի համար կարևոր պատգամավոր է, բայց խմբակցության ղեկավար չէ: Ուստի, եթե թեկուզ «տեղեկանքով» ընդդիմադիր համարվող խմբակցության ղեկավարին առաջարկվում է վայր դնել մանդատը, ապա իշխող մեծամասնությունից էլ պետք է մանդատ վայր դնողը համարժեք կարգավիճակ ունենա, պարզ ասած՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը դա պետք է անի:

Չէ, բայց «ատամն ընդ ատաման», կներեք, «մանդատն ընդ մանդատան» մոտեցումը որքան ծիծաղելի, նույնքան էլ հրապուրիչ է: Այն զարգացնելու բազում տարբերակների շարքում հատկապես գայթակղում է այն, թե օրինակ, Նիկոլ Փաշինյանն ինչի՞ դիմաց է պատրաստ վայր դնել վարչապետական լիազորությունները: Կարող եմ առաջարկել հետևյալ տարբերակը. տողերիս հեղինակը վայր է դնում լրագրողի մանդատը (թողնում է պրակտիկ լրագրությունը), իսկ Նիկոլ Փաշինյանը թողնում է վարչապետի պաշտոնը ու վերադառնում լրագրության ասպարեզ (որտեղից չի էլ հեռացել՝ դատելով իր լրատվամիջոցի որոշ անանուն հրապարակումներից):

Կարծում եմ, որ բավականին համարժեք «փոխանակում» կլինի, չնայած, պատրաստ ենք քննարկել այլ «արդարացի» առաջարկություններ:

Եթե, այնուամենայնիվ, առանց սարկազմի, ապա առանձնապես հիասթափեցնում է այն, թե իշխանության ղեկին հայտնվածները ինչպիսի խեղաթյուրված պատկերացում ունեն «քաղաքական հետևանք» ասվածի մասին, եթե նրանք այլ բան չեն կարողանում առաջարկել, քան «մանդատ՝ մանդատի» դիմաց, կներեք, երեխայական մոտեցումն է: Այդ սկզբունքով դեռահասներն են բակային ֆուտբոլի կամ «գործագործի» թիմեր կազմում, երբ մի կողմում բակի մասշտաբով «Մեսսի» կա, «Ռոնալդուն» պիտի մյուս թիմի կազմում լինի, այլապես՝ խաղն ուղղակի չի կայանա:

Մի ժամանակ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով կար, մի կես տարի անգամ Նիկոլ Փաշինյանն է այդ հանձնաժողովի նախագահ եղել: Կարծեմ, դեռևս չեղարկված չէ նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Ուստի, եթե քաղաքական հետևանքից են խոսում, ապա լուծումը պետք է լինի այդ օրենքի շրջանակներում: Էլի քաղաքական պահեր կարելի էր նշել, բայց, կներեք՝ ո՞ւմ համար: Այնպես որ, ավելի լավ է չափածո եզրափակել՝ մասամբ արտացոլելով այդ ամենի «սատիրական հետևանքները».

Մանդատները դնենք, իջնենք Փոսը,

Ջոկենք, մեզնից ո՛վ է ճիշտ Պողոսը:

Վիզ դնենք՝ ջարդենք գլուխը,

Ցուցադրենք թավշյա սերն ու դուխը,

Գլուխ գլխի տանք, հոշոտենք վիզը,

Միայն կատարենք շեֆի կապրիզը:

Գզենք շնաբարոների բուրդը,

Պադյեզդներում անենք սամասուդը...
և այլն, և այդպես շարունակ:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Խորհրդարանական մեծամասնության ղեկավար-ներկայացուցիչ Լիլիթ Մակունցը նաև «հակառակորդ կողմի» բառամթերքից էր բողոքում: Այն թափոն-բառամթերքից հետո, ինչ որպես վարչապետ գործածել է իրենց առաջնորդը, ով՝ ով, բայց իշխանության ցանկացած ներկայացուցիչ այդ թեմայով ավելի լավ է ծպտուն չհանի:

Այս խորագրի վերջին նյութերը