Մեկնաբանություն

23.03.2011 16:36


«Միջազգայնագետի» գյուղական արկածները

 «Միջազգայնագետի» գյուղական արկածները

Այն պահից սկսած, երբ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին հորդորեց և խնդրեց հաճախ այցելել գյուղ ու լինել գյուղացու կողքին, արդեն իսկ պարզ էր, որ ականատեսն ենք լինելու կալամբուրային իրադարձությունների։

Սպասելիքներն արդարացան շատ արագ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց գյուղ ու սկսեց կովի պտուկների և դրանց հետ շփման ձևերի մասին դասախոսություն կարդալ։ Հեռուստառեպորտաժներում ցուցադրվող՝ Ավան գյուղում նկարահանված «հիգիենիայի սիրահար վարչապետ–փնթի գյուղացիներ» կադրերը հիշեցնում էին սովետի ժամանակների կոլխոզի կամ սովխոզի ժողովները։ Տարբերությունն այն էր, որ կարմիր սփռոց չկար փռած վարչապետի դիմացի սեղանին, իսկ գյուղացիներն էլ իրենց խոսքը չէին սկսում մեծն Լենինին փառաբանելով, այլ հանդես էին գալիս կոնկրետ հարցադրումներով։ Մնացած առումներով «հին ու բարի» ժամանակների կադրեր էին ցուցադրվում՝ «մտահոգ ու առաջադեմ վարչապետ–հետադիմական կոլեկտիվներ» ծրագրի շրջանակներում։

Փաստորեն, հիմա եկել է գյուղացիների՛ գլխին քարոզ կարդալու ժամանակը։ Սկզբում, ինչպես գիտեք, մոդան կառավարության նիստերից առաջ փիլիսոփայելն էր, իսկ հիմա վարչապետի դռբի տակ է հայտնվել գյուղը։ Ի՞նչ արած, հրահանգ է, պետք է կատարի։

Պատկերացնել կարելի է վարչապետի հոգեվիճակը։ Մարդ, ով իր վարչապետության սկզբնական փուլում «միջազգային կենտրոնների» մեծ սիրահար էր ու «սիլիկոնային հովտից» բացի, այլ հարցեր քննարկելն իր պատվից ցածր էր համարում, իսկ տխրահռչակ հեռուստահարցազրույցում էլ անկեղծացավ, թե Հայաստանը պետք է ծառայություն արտադրի, այլ ոչ թե՝ ապրանք, այժմ ստիպված է բավարարվել «կակոյ նիբուձ» գյուղ այցելելով ու կովերի «էրոտիկ» հատվածների մասին գիտահանրամատչելի բացատրություններ տալով։

Այո՛, ծանր է իշխանության գործը։ Ստիպված են լինում, Գյումրիում նավահանգիստ «քաշելուց» զատ, զբաղվել նաև մանր–մունր գյուղերով։

Հարկ է նշել, որ եթե զբաղվելու են միայն ցուցադրաբար ու հեռուստախցիկների առջև, ինչպես նաև կովի պտուկների թեմայով դասախոսություններից այն կողմ չեն անցնելու, ապա դա դեռ ոչինչ. ահագին կզվարճանանք ու կմոռանանք այդ մասին։ Կարևորը, որ հանկարծ չսկսեն իրենց պատկերացումների շրջանակներում լրջորեն զբաղվել գյուղով, այլապես կխորանան բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Հետևաբար՝  եթե իշխանությունները որդեգրել են «լինել գյուղացու կողքին» բոլշևիկյան հնգամյակների կարգախոսները հիշեցնող բանաձևը, ապա գյուղացիների կարգախոսը պետք է լինի «փրկենք գյուղը կառավարության միջամտությունից»։ Ժամանակը ցույց կտա, թե ում կարգախոսի ներքո կընթանան գործընթացները, բայց ոնց որ թե գյուղի փրկության տարբերակ չկա.  իշխանություններն ամբողջ թափով գործի են անցել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կովի հետ կապված հարցերում Հայաստանի վարչապետներից մի քանիսի բախտը չի բերում։ Մեկն առաջնորդվում էր «որձ կովերի» տեսությամբ, իսկ Տիգրան Սարգսյանն էլ, ահա, ավելի հեռուն գնաց ու անցավ «սերվիզին»։

Այս խորագրի վերջին նյութերը