Հարցազրույց

12.05.2020 10:16


Բազմիցս ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Բազմիցս ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Իմ տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասել եմ՝ տալով իրավական գնահատական, ոչ թե քաղաքական։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով իր կողմից այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական հետապնդում սկսել՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Հիշեցնենք՝ ըստ Դավիթ Շահնազարյանի հայտարարության՝ 2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։

Ըստ Դավիթ Շահնազարյանի, եթե Նիկոլ Փաշինյանի համար Ադրբեջանը կառուցողական երկիր է, գուցե՝ Թուրքիան էլ բարեկամական պետությո՞ւն է․ «Ինձ համար անսպասելի էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական երկիր է։ Ես բազմիցս ասել եմ՝ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը և այս հայտարարությամբ նա ուղղակիորեն ապացուցեց իմ ասածները՝ անցնելով բոլոր սահմանները»։

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ հետագայում բացառված չէ, որ պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը գործում է հօգուտ Ադրբեջանի։

Դավիթ Շահնազարյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր հայտարարությամբ նա պահանջում է, որպեսզի դատախազությունը գործին ընթացք տա․ «Գրավոր դիմում չեմ ուղղելու դատախազություն, որովհետև այսօր դատախազությունը իշխանության կողմից քաղաքական պատվերներ է կատարում»։

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ իր պատմության մեջ Ադրբեջանը երբևէ Հայաստանի կողմից նման «նվեր» չէր ստացել․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատահական չէ․ նա ասում է՝ Հայաստանը կոնստրուկտիվ է, Ադրբեջանը ևս, էդ Արցախն է դեստրուկտիվ»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է ազգային բոլոր ինստիտուտները, մասնավորապես նշելով ոստիկանական համակարգի դերը․ «Դուք տեսեք՝ ինչ օրն է ոստիկանին գցել Փաշինյանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանը զենքով սպառնում է հինգ տարեկան երեխայի դիմաց նրա ընտանիքի անդամներին (խմբ․ նկատի ունի ոստիկանների կողմից Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) ընտանիքին պատկանող տներ մուտք գործելու և տունը տակնուվրա անելու միջադեպը)»։

Խոսելով «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքի մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Այս միջադեպը ծրագրել ու հրահանգել է Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի միջադեպով նա փորձել է ցույց տալ, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այս միջադեպը հակառակ ազդեցություն թողեց և ցույց տվեց, որ ԱԺ-ն ոչ միայն քաղաքական մարմին չէ, այլև Նիկոլ Փաշինյանի կուսակցության վարչությունն է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը