Մեկնաբանություն

12.05.2020 09:55


Որ թողնեինք, կծախեի՛ք

Որ թողնեինք, կծախեի՛ք

Փաշինյանը կիրակի օրով էլի «խմբագրապետական» ուղերձ է հղել ընթերցողին` ընտանեկան կայքի միջոցով փորձել է պարզաջրել արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր անմեղսունակ հայտարարությունների տպավորությունը, բայց, ես ասեմ` 100-րդ, դուք ասեք`1000-րդ անգամ, «խիյարը թարս է բուսնել»։

Սրտին դարդ է եղել, որ «ընդդիմությունն ու համացանցային հայրենասերները», որոնց «շնաբարո դուրսպրծուկներ», «հոխորտացող թափթվուկներ», վերջին խմբագրությամբ` «սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի սպասարկուներ» է անվանում, յուր հախուռն, անհոդաբաշխ «մտքերին» ի պատասխան, «քարոզչական տոտալ գրոհ» են սկսել իր դեմ. SOS են կանչում, թե`«հասեք, փրկեք, Նիկոլը խոստովանեց, որ թաքուն ծախում է Ղարաբաղը»։

Ավելին` «անհեթեթ հարցադրումներ» են անում։ Օրինակ` «ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովուրդ եւ Արցախի ժողովուրդ, այդ երբվանի՞ց են այդ ժողովուրդները տարբեր», մինչդեռ ամեն ինչ շատ «պարզ» է. «Երևի շատ բարդ է հասկանալ, որ հակամարտության մեջ ներգրավված են երեք պետական կազմավորումներ, որոնցից երկուսը` միջազգայնորեն ճանաչված, երրորդը` առայժմ չճանաչված, եւ այդ երեք երկրներում էլ ապրում են քաղաքացիներ»։ Ընդհանրապես` «ի՞նչ է նշանակում բողոքել, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներն առանձին-առանձին են նշվում, միաժամանակ պահանջել, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանն ու Արցախն առանձին-առանձին ներկայացված լինեն»։

Դե արի ու մի ասա. բա որ էդքան բանը գիտեիր, ինչո՞ւ էիր վեր-վեր թռնում, փորձում ծափեր կորզել «հանդիսատեսից»` պարզելով «Հայաստանը Արցախ է, և վերջ» կարգախոսը։ Մտքովդ չէ՞ր անցնում, որ Հայաստանը և Արցախը բանակցությունների սեղանի շուրջ առանձին-առանձին ներկայանալու խնդիր ունեն։ Թե՞ գիտակցաբար էիր դա անում. որ Ալիևի բերանը լեզու դնես և լեգիտիմ իրավունք տաս` Լավրովի ներկայությամբ աքլորանալու, թե բա` «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Եվ, ամոթ չլինի հարցնել` ինչո՞ւ ես վերադարձել «1992 թ. ընդունված տերմինոլոգիային». խոսում ես «ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների» մասին`վախենալով Արցախի Հանրապետության իշխանություններ բառակապակցությունից, ինչպես ժանտախտից։

Սա դեռ մի կողմ։ Փաշինյանը սարսափելի նյարդայնացած է «հայկական կողմի կարմիր գծերը ներկայացնելու «ուլտմատիվ» պահանջներից»։ Ոչ մի կերպ չի հասկանում`«բանակցությունները դեռ չսկսված», ինչո՞ւ են իրենից «հիստերիկ տոնով» պահանջում բացահայտել` ո՞րն է, ի վերջո, փոխզիջման սահմանը, որից այն կողմ պատրաստ չէ անցնել (փաստորեն, Մնացականյանը որ ասում էր` «հակված եմ բանակցություն համարել», իր անձնական կարծիքն էր ասում. Նիկոլի համար բանակցություններ, ինչպես չկային, այնպես էլ չկան)։

Ասում է` Սերժ Սարգսյանն ի՞նչ շահեց՝ ներկայացնելով իր կարմիր գծերը, հայտարարելով, որ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ պիտի Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապ ունենա»։ Եվ ինքն էլ պատասխանում է իր հարցին. ոչինչ էլ չի շահել` խոստովանել է, որ ոչ միայն Աղդամը`Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը «մեր հայրենիքը չեն», հետեւաբար` «կարելի է նաեւ քննարկել դրանց վերադարձը»։ Իսկ ինքը, ինչպես հասկանում եք, «ոչ մի թիզի» համոզված ջատագով է, ուղղակի «խաղաքարտերը չի բացում», որ Մինսկի խմբի համանախագահները գլխի չընկնեն։ «Փուլայինի» շուրջ էլ բանակցում է, որ բթացնի ադրբեջանցիների զգոնությունը`շատ չոգևորվեն և էլ ավելի չկոշտացնեն իրենց դիրքորոշումը (որքանո՞վ է ստացվում` դատեք ինքներդ)։

Մի խոսքով, ինքան էլ չար լեզուներն ասեն` «վե՛րջ, հարցը լուծված է, մի օր առավոտ արթնանալու ենք, տեսնենք նա (այսինքն` Փաշինյանը) գիշերը թաքուն հանձնել է տարածքները», չհավատաք. «Չգիտես ինչու` Ադրբեջանում ճիշտ հակառակ տրամադրություններ են։ Այնտեղ համարում են, որ Լավրովի վերջին հայտարարությունից հետո հայկական կողմն ըստ էության կոշտացրել է դիրքորոշումը, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ոչնչի չի հասնելու։ Հետաքրքիր է` ամեն առիթով ադրբեջանցիների կարծիքները սեփական քաղաքական նպատակների համար օգտագործող մեր ընդդիմադիրներն ինչո՞ւ այս անգամ չեն նկատում սա»։

Դե՛ եկ ու մի ասա` դո՞ւ չէիր, որ «ադրբեջանցիների կարծիքներն օգտագործում էիր սեփական քաղաքական նպատակների համար»` «քո քայլը» խմբակցության լավագույն գնահատականը համարելով այն, որ Ադրբեջանի սուլթանը ցրեց խորհրդարանը, և հիմնավորեց դա երիտասարդ, կարող ուժերի ներգրավելու անհրաժեշտությամբ։ Իսկ թե ինչո՞ւ են Ադրբեջանում անհանգստացած Լավրովի հայտարարությամբ` թերևս, պետք չէ բացատրել։ Որովհետև, ստի մեջ բռնվելով` ստիպված եղաք հետքայլ անել «փուլայինից», չնայած ո՛չ դու, ո՛չ քո արտգործնախարարը մինչև հիմա չեք հերքել, որ սեղանին հենց փուլային կարգավորման տարբերակն է, որ կա։

Եվ եթե Լավրովը չբացեր փակագծերը, այո՛, մի գեղեցիկ օր կարթնանայինք, ու կկանգնեինք փաստի առաջ` որ «գիշերը թաքուն հանձնել եք տարածքները», մենք` բանից բեխաբար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը