Մեկնաբանություն

11.05.2020 21:45


«Մուտիտ», «կռուտիտ», «պռապուսկատ» և, աներկբա ու միանշանակ՝ «տինտիրիդ»

«Մուտիտ», «կռուտիտ», «պռապուսկատ» և, աներկբա ու միանշանակ՝ «տինտիրիդ»

Իշխանական քարոզիչներին լսելը, ի դեպ, անկախ իշխանություններից ու ժամանակներից, առհասարակ, ձանձրալի զբաղմունք է ու կասկածելի հաճույք: Ասենք, հաճույք չկա էլ, պարզապես ձանձրալի է: «Իրքայլականների» դեպքում՝ հաստա՛տ: Ինչպես սիրում է ասել «թավշյա» առաջնորդը՝ միանշանակ ու աներկբա:

Վերցնենք թեկուզ ԱԺ վերջին խայտառակությունը: Շատերը հիմնականում կենտրոնացան իշխանության ներկայացուցչի առաջնահարված նախաձեռնությամբ արձանագրված հոռի երևույթի վրա: Իսկ նախապատմությունը մի տեսակ ստվերում մնաց: Մինչդեռ, այն շատ ավելի հետաքրքրական է:

«Թավշապետության» կարկառուն ներկայացուցիչներից մեկը փորձեց, ը-մմմ, հակադարձել այն դիտարկումներին, կասկածներին ու գնահատականներին, որ «բանկային գաղտնիք» ասվածը Հայաստանում խիստ պայմանական մի բան է դարձել, եթե վարչապետը տիրապետում է տեղեկության, թե ով որքան ավանդ ունի այս կամ այն առևտրային դրամատանը:

Եվ ահա, ըստ իշխանության քարոզչական մոտեցման, նման գնահատականներ ու կասկածներ արտահայտողները, կներեք, բութ են կամ սրիկա: Այսինքն, կա՛մ բան չեն հասկանում (ուղեղ չունեն, էլի), կա՛մ խառնակչությամբ են զբաղված, այսինքն՝ «մուտիտ» են անում: «Մուտիտի» սխեման էլ, փաշինյանականների հանճարեղ պատկերացմամբ, այն է, որ հատուկ նման բաներ են ասում ու շրջանառում, որպեսզի մարդիկ բանկերից իրենց միջոցները (ավանդները) հանեն, ու բանկերը լիկվիդայնության խնդիր ունենան:

Եթե դա «մուտիտն» է, ապա իշխանության տվյալ քարոզչական թեզը տեղով «կռուտիտ» է, այն է՝ կոնկրետ հարցից խույս տալու, խուսանավելու, ի վերջո հարցն ու բուն խնդիրը շրջանցելու փորձ:

Ասվածն էլ այն է, թե խոշոր չափի ավանդներ ունեցողների ՔԱՆԱԿԸ համադրել են, օրինակ, էլեկտրաէներգիա սպառողների ՑՈՒՑԱԿՆԵՐԻՆ ու այդտեղից իմացել, թե քանի հոգի բանկերում որքան ավանդ ունի ու հոսանքի փողը չի տվել: Թե ի՞նչ մաթեմատիկական ֆոկուսներով են կարողացել դա հաշվարկել, մեծարգո իշխանականը չբարեհաճեց բացատրել «անգրագետ Պողոսներին»:

Խնդիրն այն է, որ ինչքան էլ բանկերն ավանդատուների քանակությունը նշեն, ու որքան էլ էլեկտրաէներգիա սպառողների ցուցակները, այսպես ասենք՝ հասանելի լինեն, դուք չեք կարող իմանալ, թե հոսանքի դիմաց չվաճարողներից ով որքան ավանդ ունի բանկերում, մինչև անվանապես չստուգեք կոնկրետ մարդու կոնկրետ բանկում ունեցած կոնկրետ ավանդային հաշվի տվյալները: Դա է հուշում ցանկացած իշխանավորի ամենից շատ չսիրած բանը, նույն ինքը՝ տրամաբանությունը:

Մի խոսքով, իշխանական թիմի գաղափարական ներկայացուցիչներից մեկի «կռուտիտը», մեղմ ասած՝ «պռապուսկատ» է, նորմալ հայերենով ասած՝ թույլ է, խոցելի, բացթողում: Ու նաև դրա հետևանքով, իշխանական թեզի շարունակությունը վերածվում է, կներեք, «տինտիրիդի», տվյալ դեպքում՝ անտեղի բառակույտի:

Ցանկացած պարագայում մի քանի հարց, այնուամենայնիվ, ծագում է:

Ամենից առաջ, եթե ինչ-ինչ «սևեր», «հակահեղափոխականներ» ու «մուտիլովշիկներ» այնքան թափ ունեն, որ կարող են մեկ-երկու վերլուծական անդրադարձով կամ նույնիսկ ֆեյսբուքյան գրառմամբ քարուքանդ անել երկրի բանկային համակարգը, բանկերին լիկվիդայնության խնդրի առաջ կանգնեցնել, ապա էլ ի՞նչ իշխանություն եք դուք: Այն իմաստով, որ ստացվում է՝ գործող իշխանությունը այնքան ազդեցություն չունի հանրային ընկալման վրա, որ նրա ասածները ոչ ոք լուրջ չի ընդունում, և հակառակը՝ ընդդիմախոսների ասածներով են մարդիկ նստում-ելնում, բանկերից ավանդներ հանում, դոլար առնում և այլն:

Պատեհ-անպատեհ, անձամբ «թավշյա» առաջնորդը սիրում է հղում անել 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության արդյունքներին, ստացած բոլշևիկյան բարձր տոկոսներին (մոռանալով, իհարկե, որ դա միայն քվեարկությանը մասնակցածների ձայներն են, մինչդեռ ընտրողների կեսից ավելին քվեարկության չի գնացել):

Ամեն դեպքում, եթե գործող իշխանությունը այդքան համոզված է, որ վայելում է հասարակության 70-90, անգամ 150 տոկոսի աջակցությունը, ինչո՞ւ է այդպես ոտուձեռք ընկնում ֆեյսբուքյան ինչ-որ «հակա» գրառումներից: Նշանակում է՝ իրենք էլ շատ լավ համոզված են, որ եթե նույնիսկ ինչ-որ պահի, ասենք, մի երկու տարի առաջ, ունեին նույնիսկ 90 տոկոս աջակցություն, ապա հիմա շատ ավելի համեստ տոկոսների վրա կարող են հույս դնել: Ու դա, ի դեպ, ընդդիմադիրների կամ «սրիկա-չարախոսների» ձեռքբերումը չէ: Հանրային աջակցույթան կորստի համար իշխանությունը կարող է շնորհակալ լինել միայն ինքն իրեն, առավելապես՝ Նիկոլ Փաշինյանին: Երբ մի քանի օրվա տարբերությամբ ինքն իրեն հակասող հայտարարություններ է անում, մարդիկ, որքան էլ որ նորիշխանավորները նրանց «անգրագետ Պողոս» համարեն, իրենց հետևություններն են անում:

Հայկական ասացվածք է. «Մե՞կ անգամ խաբեցիր, ամո՛թ քեզ, երկրո՞րդ անգամ խաբեցիր, ամո՛թ ինձ»: Ինքներդ վերհիշեք, թե քանի անգամ է հանրությունը նմանօրինակ ընկալման առիթներ ունեցել: Ամենից թարմը հենց կոմունալ վարձավճարների հետ կապված պատմությունն է, երբ ասվեց՝ արտակարգ դրության պայմաններում անջատումներ չեն լինի, հետո՝ հազարավոր մարդիկ կանգնեցին փաստի առաջ:

Եվ էլի: Այն ինչ վերաբերում է փողին, առավել ևս՝ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին, ավանդներին, ապա այդպիսիք ունեցող և տնօրինող հայրենակիցները առանձնապես չեն առաջնորդվում որևէ ընդդիմադիր գործչի ասածներով: Մարդիկ սովորաբար իրենց բանկային ավանդների հետ կապված քայլերի են դիմում՝ հետևություններ անելով կա՛մ կոնկրետ իրավիճակից և դրա իրենց ընկալումից, կա՛մ առաջին հերթին՝ իշխանության պահվածքից ու հայտարարություններից:

Ի դեպ, «բանկային գաղտնիք» ասվածն ըստ էության վերացնելու համոզված կողմնակցի դերում մինչև հիմա հենց գործող իշխանությունն է հանդես եկել ու գալիս: Այնպես որ, եթե բանկերը իսկապես կանգնեն ավանդների զանգվածային հետպահանջի ու լիկվիդայնության խնդրի առաջ, ապա դա ամենից առաջ «թավշյա» պետերի ու պետիկների շնորհիվ կլինի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը