Մեկնաբանություն

11.05.2020 11:40


Փաշինյանն ազդարարեց հակահեղափոխության մեկնարկը

Փաշինյանն ազդարարեց հակահեղափոխության մեկնարկը

Մայիսի 8-ին՝ ծեծկռտուքից հետո, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ծրագրային ելույթ հնչեցրեց։ Ազդարարվեց ոչ բռնի, թավշյա և ժողովրդական հեղափոխության ավարտի ու հակահեղափոխության մեկնարկի մասին։

Ճիշտ է, հակահեղափոխությունը սկսվել էր 2018-ի մայիսի 8-ին՝ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը, բայց 2020-ի մայիսի 8-ին արդեն պաշտոնապես հնչեցվեց այդ մասին։

Բաց ձեռքերի, գանդիզմի, սիրո և համերաշխության մասին երկու տարի առաջ խոսող Փաշինյանն արդարացրեց բռնությունը, խորացրեց ատելության ու թշնամանքի մթնոլորտը։ Զրո համերաշխություն ու լիքը բաժանարար գծեր։

Նիկոլն այդ առումով օրիգինալ չէ։ Բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել։ Հեղափոխականները իշխանության հասնելուն պես դառնում են մոլի հակահեղափոխական։ Նրանք սկսում են պայքարել այն արժեքների դեմ, որոնք, իբր, պաշտպանելու համար դուրս էին եկել փողոց։

Բոլոր հեղափոխականները ձգտում են տոտալիտար ռեժիմ ձևավորել՝ հենվելով ամբոխի ստորին բնազդների ու սեփական կոմպլեքսների վրա։ Նիկոլը բացառություն չէ։ Նա արդարացրեց իր թիմակիցների խուլիգանական վարքագիծը և բռնություն կիրառելու իրավունքը՝ «հեղափոխական նպատակահարմարությամբ»։ Ավելին՝ Փաշինյանը խրախուսեց ընդդիմախոսների դեմ բռնությունը՝ «ժողովրդից ստացած լեգիտիմության» իրավունքով։

2020-ի մայիսի 8-ին ՀՀ-ում իշխող ուժն այլևս հակահեղափոխության առաջնորդ Փաշինյանի կողմից հռչակվեց որպես բանդա։

Փաշինյանը նաև ցույց տվեց, թե ինչպիսին է իր պատկերացրած արդարադատությունը և գանի գրոշ արժեն նրա կարած մեղադրանքները բոլոր քաղաքական հետապնդումների դեպքերում։

Երբ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածը որակվում է որպես սադրանք ու «սուխոյ ատկազ» են կանգնում, որ հարված է տեղի ունեցել, ապա պարզ է, թե ինչեր են կատարվում մարդկանց աչից հեռու դեպքերում։

Այս տարվա մայիսի 8-ին հակահեղափոխության առաջնորդ Փաշինյանի կողմից ֆետիշացվեց սուտը, դեմագոգիան ու ամբոխավարությունը։ Հայտարարվեց, որ իշխող ուժի միակ նպատակը, ավելի ճիշտ՝ ինքնանպատակն իշխանությունը պահելն ու հանրային բարիքներից օգտվելն է։ «Իզմը» տվյալ դեպքում արտահայտվում է թալանիզմով ու տոտալիտարիզմով։

Կարճ ասած՝ Նիկոլն իր ելույթով իշխանափոխություն սադրեց։ Հանրության ողջամիտ ու առողջ հատվածները պետք է տրվեն այդ սադրանքին՝ իրական արժեքային հեղափոխություն անելով։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը