Քաղաքական

11.05.2020 11:04


ԱԺ-ն 79 կողմ ձայնով ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը (տեսանյութ)

ԱԺ-ն 79 կողմ ձայնով ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը (տեսանյութ)

Ազգային ժողովն ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ ՝ 12:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգով նշեց, որ իրենք որևէ մեկին մեղադրանք չեն ներկայացնում, բայց այս կոնվենցիան ողջամտորեն սպառնալիքի տակ է դնում երեխաների դաստիարաակության շահերը: «Այսօր քաղաքացիական ակցիա էր այս կոնվեցիայի դեմ, և երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու կողմից բազմաթիվ ահազանգեր, նրանք բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային»,-ասաց նա և նշեց, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ երեխաների լավագույն շահերից:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ կոնվենցիայի վավերացման հարցին հանձնաժողովի նիստում քվեարկվել է, որտեղ, այդ թվում՝ ԲՀԿ-ն, կողմ է քվեարկել: «Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են Ձեր դիրքորոշման վրա ազդել և Ձեր դիրքորոշոււմը փոխել: Կոնվենցիան երեխաների շահերից է բխում, և սա կանխելու է մանկապղծությունը Հայաստանում»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց, որ խնդրահարույց դրվագներ կան: Նա կարևորեց լսումներ անցկացնելը նման հարցերի համար: «Եկեք հասկանանք այն հարցը, որ հանձնաժողովում է քննարկվում, դա վերջնական չէ, և հնարավրություն է մեծ օրակարգ ներկայացնել հարցը»,-պարզաբանեց նա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը արձագանքեց լսումների վերաբերյալ ասվածին և նշեց, որ այդ կոնվենցիան մասնագիտական հանձնաժողոովում է քննարկվել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, որի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է: «Հանձնաժողովներն ունեն անսահմանափակ թվով լսումներ կազմակերպելու հնարավորություն»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ այս կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է իրականացվում:

Նշենք, որ կոնվենցիան այս պահի դրությամբ ստորագրվել է ԵԽ 47 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել արդեն 45 պետության համար: ՀՀ-ն այս ստորագրել է 2010 թվականին:

Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է՝ ընդունված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը: Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը ստանձնելու է մի շարք պարտավորություններ, որոնց թվում են՝ ձեռնարկել օրենսդրական կամ այլ տեսակի՝ ներառյալ կազմակերպական, քաղաքականության փոփոխման միջոցառումներ՝ ապահովելու համար կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի, հանգստի ոլորտներում պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանությունն ու նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկումը:

Կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմանվաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն: Սա այն մինիմում կոնսենսուսն է, որ դրան միացող անդամ պետությունները համաձայնում են ընդունել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը