Կարծիք

09.05.2020 13:12


Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կսկսվեր, եթե Գևորգ Զ կաթողիկոսը ոչ-քայլահաճո ինչ-որ գործողություն կատարեր

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կսկսվեր, եթե Գևորգ Զ կաթողիկոսը ոչ-քայլահաճո ինչ-որ գործողություն կատարեր

1938 թվականին Էջմիածնում խեղդամահ արվեց Ամենայն Հայոց 128-րդ Կաթողիկոս Խորեն Ա-ն։ Խորհրդային պետությունը չթույլատրեց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքին համապատասխան, գումարել Ազգային եկեղեցական իրավասու ժողով՝ ընտրելու նոր կաթողիկոս։

Կաթողիկոսական տեղապահությունը (պաշտոնակատարությունը) ստանձնեց Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, որը սկսեց եռանդուն ու իմաստուն աշխատանք՝ պահպանելու ու վերականգնելու Հայ Եկեղեցու իրավունքներն ու դիրքը։

Մեծ Հայրենական պատերազմի բռնկումից հետո կաթողիկոսական տեղապահը անմիջապես կոնդակով դիմեց բոլոր հայերին՝ հայրենիքում և սփյուռքում, կոչ անելով միահամուռ ուժերով պայքարել ֆաշիզմի դեմ։ Հայ Եկեղեցու հովանու ներքո սփյուռքում կազմակերպվեց հանգանակություն, հավաքված գումարով ու Մայր Աթոռի նվիրատվությամբ ձևավորվեցին «Սասունցի Դավիթ» երկու տանկային շարասյունները (նախ՝ 21, ապա՝ ևս 22 տանկ), որոնք 1944 թվականից Կարմիր բանակի կազմում ակտիվորեն մասնակցեցին պատերազմական գործողություններին (որոշ ժամանակ՝ Բանակի գեներալ Բաղրամյանի հրամանատարության ներքո)։

Հայ եկեղեցու կեցվածքի ու անձամբ կաթողիկոսական տեղապահի ջանքերի շնորհիվ Խորհրդային պետությունը փոխեց իր բացասական վերաբերմունքը մեր Մայր Աթոռի նկատմամբ. 1945թ. ապրիլին Ստալինն ընդունեց Գևորգ արքեպիսկոպոսին, նրան պարգևատրեց “за оборону Кавказа” մեդալով, ինչպես նաև տեղապահի միջնորդությամբ վերջապես թույլատրեց Ազգային եկեղեցական ժողովի գումարումն Էջմիածնում։ Նույն թվականի վերջերին մի քանի տասնյակ երկրներից շուրջ 110 պատվիրակների մասնակցությամբ Ժողովը վերջապես գումարվեց ու Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս ընտրվեց Գևորգ արքեպիսկոպոսը (Գևորգ Զ)։

Գևորգ Զ-ի կաթողիկոսության օրոք (1945-1954) վերածնունդ ապրեցին ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, վերաբացվեցին Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվեց ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև՝ Ս.Հռիփսիմե, Ս.Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։

Գևորգ Զ Կաթողիկոսը վախճանվեց ուղիղ 66 տարի առաջ՝ 1954թ. մայիսի 9-ին։

ՀԳ. Հուսամ՝ Աստված ներողամիտ կգտնվի մեղավորիս հանդեպ, բայց ասեմ, որ մի պահ պատկերացրեցի, թե Գևորգ Զ կաթողիկոսը ինչ-որ հրաշքով ողջ է և ոչ-քայլահաճո ինչ-որ գործողություն է կատարում կամ խոսք ասում։ Պատկերացնո
՞ւմ եք՝ ինչ կսկսվեր։ «Բա խի՞ Ստալինի վախտ չէիր խոսում», «Գնա մոմերդ ծախի, այ տերտեր», «քաղաքացի Չորեքչյանին կոչ ենք անում մեզ կոչ չանել», «դու չէի՞ր, որ ժողովրդին պատկանող գանձերը ատկատով ծախեցիր՝ իբր տանկեր սարքելու համար», «Ստալինի հանցավոր ռեժիմից մեդալ ես ընդունել՝ հիմա էլ խոսո՞ւմ ես» և այլն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը