Մեկնաբանություն

09.05.2020 09:40


Նիկոլի ֆոբիաները վերջինն են մեռնում

Նիկոլի ֆոբիաները վերջինն են մեռնում

Շուշիի ազատագրման օրը Արցախյան ազատամարտի «պատասխանատուներին» մեղադրյալի աթոռին նստեցնելու դավաճանական «ակտը»`Մարտի 1-ի գործով դատական նիստը չհետաձգվեց` թերևս, այն կմտնի պատմության դասագրքերի մեջ՝ որպես սեփական հաղթանակներն արժեզրկելու էտալոնային նմուշ։

Պաշտպանական կողմը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները, որոնց մասին շատ է խոսվել` թե՛ 4 նախկին վարչապետների անձնական երաշխավորության, թե՛ գրավի դիմաց նախագահի կալանքը ազատազրկում չենթադրող այլ միջոցով փոխարինելու, թե՛ կորոնավիրուսով պայմանավորված վտանգները չեզոքացնելու մասով։

Մեղադրողներն էլ արեցին այն, ինչով զբաղված էին վերջին մեկուկես տարվա ընթացքում, բայց «հատուկ ջանասիրությամբ». գերազանցեցին իրենք իրենց` փորձելով հիմնավորել, որ չկա այս երկնքի տակ ոչինչ` ոչ մի երաշխիք, որ կարող է զսպել 6-7 տարի Արցախը և 10 տարի Հայաստանը ղեկավարած անձի ազատության մեջ գտնվելու «անհաղթահարելի ռիսկերը», երաշխավորել դատաքննության բնականոն ընթացքը և հետ պահել նրան քննությանը խոչընդոտելու «հանցավոր» մտադրություններից։ Ինքներդ էլ հասկանում եք` Քոչարյանը միջազգային մակարդակի մի այնպիսի «ահաբեկիչ» է, որ Հռոմի պապն էլ գա` չի կարող ապահովել նրա «պատշաճ վարքագիծը»։ Համարյա Բեն Լադեն։

Որպես ի հայտ եկած «հույժ վտանգավոր» նոր հանգամանք, նշեցին տարեվերջին` Ամանորի տոներից առաջ, իրավապահ մարմինների կողմից սարքված և շրջանառության մեջ դրված ֆանտաստիկ թեզը։ Այն է` բանտում գտնվող Քոչարյանին կից գործել է «կազմակերպված խումբ», որը իր «ներկայացուցչի» միջոցով փորձել է կաշառել Մարտի 1-ի գործով մի վկայի, որի ցուցմունքը, նկատենք, ոչ մի առնչություն չունի նախագահին առաջադրված «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքի հետ։ Ասվածը համոզիչ դարձնելու համար հիշեցրին, որ սպիտակ թելերով կարված այդ «գործը» մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (երևի «մոռացել» էին, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել դատարանում և չի ամրագրվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով)։

Մնում էր ասեին`Քոչարյանը «չի մուծվել» համապատասխան հիմնադրամներին, ստվերային գործարք չի կնքել Նիկոլի հետ, ուրեմն «զինված է, խիստ վտանգավոր», չի կարող գտնվել ազատության մեջ, և բացականչական նշան։

Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, որ երազում իրեն արդեն ՍԴ դատավորի աթոռին է տեսնում, իր հերթին կաշվից դուրս եկավ` ապացուցելու, որ «ամբաստանյալի» դրսում գտնվելը մահացու սպառնալիք է պետության համար։ Փորձելով «հիմնավորել», որ կորոնավիրուսի համաճարակը հիմք չէ` փոխելու խափանման միջոցը, չխորշեց անգամ Քոչարյանի`առանց դիմակի լինելու հանգամանքը շահարկել. իբր`եթե ինքը լուրջ չի վերաբերվում պանդեմիայի վտանգին, ինչո՞ւ պիտի դատարանը հաշվի նստի դրա հետ։

Հետո մի այլ կարգի ներշնչանքով անցավ խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ հանդես եկած 4 նախկին վարչապետների վրայով ու բոլորին «գող, ավազակ» անվանեց` հղում անելով «ժողովրդին»։ Ասաց, որ ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Խոսրով Հարությունյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը չունեն այնքան հեղինակություն, որ կարողանան վերահսկել Քոչարյանի «վարքագիծը»։ Պարզ է, չէ՞. կա՛ մի մարդ, ով ի զորու է իրեն ի վերուստ տրված «գերմարդկային» զորությամբ զսպել այդ ռիսկերը, և այդ մարդը Փաշինյան Նիկոլն է. բավական է`«իշմար տա», ու բոլոր ռիսկերը միանգամից կցնդեն վատ երազի պես, ասես երբեք չեն եղել։

Որպես Խոսրով Հարությունյանին «վարկաբեկող» փաստ Եգորյանը գնաց, հասավ 1998թ., երբ Տեր-Պետրոսյանի հրաժարական տվեց, և նա, լինելով ԱԺ նախագահի պաշտոնում, չստանձնեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, այլ Սահմանադրությամբ նախատեսված կարգով այդ բեռը դրեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ուսերին։ Սա ներկայացրեց իբրև 22 տարվա վաղեմություն ունեցող «հանցավոր համաձայնության» իրեղեն ապացույց։

Պակասը լրացրին տուժող կողմի մյուս երկու ներկայացուցիչները` տխրահռչակ Սեդա Սաֆարյանը և Կարինե Պողոսյանը` նախկին վարչապետների շուրջ դեղին մամուլից փոխառնված բամբասանքների և ասեկոսեների շարքը հարստացնելով անհիմն և անապացույց նոր «մեղադրանքներով»։ Ագրեսիվությամբ փայլեց հատկապես հընթացս «վենա մտած» թեթևաբարո արտաքինով տիկինը. տարավ-բերեց, թե բա`կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը որ լավ աշխատեր, հիմա «վարչապետ կոչվածներն» իրե՛նք երաշխավորի կարիք կունենային։

Դատավոր Դանիբեկյանը գլուխը կախ լսեց այդ ամենը. տոժող կողմի շահերը ներկայացնող «ազնվազարմ տիկնանց» կոռեկտության կոչելու մեկ-երկու երկչոտ փորձից հետո «հանգստացավ» («փաստարկները» երևի շա՜տ համոզիչ էին) և թույլ տվեց, որ իրենց գրագիտության և բարոյականության չափով զրպարտեն մարդկանց` լկտիաբար խախտելով անմեղության կանխավարկածը և մեղադրելով հազարումի մեղքերի մեջ. է՛լ պաշտոնական դիրքի չարաշահում, է՛լ ապօրինի գործարքներ, է՛լ գո՛ղ փիսո, է՛լ քաչալ շուն... Անգամ Վազգեն Մանուկյանին չխնայեցին։

Այս ամենը մի բան է նշանակում. Փաշինյանն, ինչպես մեկուկես տարի, ամիսուկես առաջ էր սարսափած Քոչարյանին ազատության մեջ տեսնելու մղձավանջային հեռանկարից, այնպես էլ` հիմա. անկարող է հաղթահարել իր ֆոբիաները, և վե՛րջ։

Ու դատավոր Աննա Դանիբեկյանը, դատելով ամենից, ուզի էլ` չի կարող հաշվի չնստել այդ փաստի հետ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը