Մեկնաբանություն

08.05.2020 17:11


Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը․ հեղափոխության իրական դեմքը

Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը․ հեղափոխության իրական դեմքը

Մայիսի 8–ը մի քանի առումով խորհրդանշական ստացվեց։

2 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքվածների ուսերի վրայով հայտնվեց վարչապետի աթոռին։ Նա առաջ էր քաշել սիրո և համերաշխության կարգախոսը, սակայն պարզ էր, որ դա կեղծիք է։ Մեծագույն կեղծիք, քանզի և՛ անձամբ Նիկոլ Փաշինյանին, և՛ հրապարակում հավաքվածների մեծ մասին գործողության էր մղում ատելությունը։

Փաշինյանը, ով ծանր մանկություն ունենալու պատճառով ատում է աշխարհն ու մարդկանց, խիստ ավերիչ հատկանիշներ ունի և հակապետական մտածելակերպ։ Նրա հայտնվելը պետության ղեկին ցույց է տալիս, թե ինչքան չկայացած է մեր պետությունը և ինչքան խոցելի է մեր անվտանգությունը։

Մայիսի 8–ին մենք Շուշի ենք ազատագրել, բայց նաև պետությունը հանձնել ենք «փողոցայիններին»։ Փոփոխություններն անհրաժեշտ էին, բայց ոչ պետությունը քայլարածներին հանձնելու ձևով։ Ինչևէ։

Այսօր պաշտոնապես ազդարարվեց հեղափոխության, այսպես ասած, ժիրոնդիստական՝ թավշյա փուլի ավարտը։ Մենք հիմա մտնում ենք յակոբինյան, այսինքն՝ բռնությունների ու պետական տեռորի փուլ։

Ծեծկռտուքից հետո հնչած Փաշինյանի ելույթը կասկածի տեղ չի թողնում․ այն հրահանգվել էր անձամբ իր կողմից։ Միգուցե դա հենց այսօր չէր պլանավորվել, այլ պարզապես այդպես ստացվեց, բայց ակնհայտ է, որ Նիկոլը խրախուսում է բռնությունը։ Նա ողջունեց Սասուն Միքայելյանի վարքագիծը՝ հիշելով, որ նա «դուխով» է եղել նաև հեղափոխության օրերին։ Նա նույնիսկ չանդրադարձավ Թունյան Բաբկենի խուլիգանական ու սադրիչ ելույթին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլն իր թիմակիցների առաջ այդպիսի խնդիր է դրել։

Նիկոլը ցույց տվեց, որ տոտալիտար պատկերացումներ ունի և չի ընդունում ընդդիմություն հասկացությունը։ Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող կառույցներ են։ Հեղափոխական տրամաբանությամբ՝ այդ երկու խմբակցությունները հայտարարվեցին ժողովրդի թշնամիներ և օրենքից դուրս։

Փաշինյանի ելույթը հակապետական էր և կրում էր «դասակարգային» թշնամանքի հրահրման կնիք։ Ինքն ու իր դրածո Մակունցը հայտարարում են, թե բա երկրում կրքերը բորբոքվել են, ու Մարուքյանը սկսել էր սադրել այն բանից հետո, երբ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքը։ Այդպիսով Նիկոլն ուզում է պողոսներին խաբել, թե իբր իրենք ուզում են հարուստներից խլել ու աղքատներին բաժանել, բայց մութ ուժերը դա թույլ չեն տալիս և որպես գործիք օգտագործում են Մարուքյանին։

Նիկոլը ճիշտ է ասում, որ ուզում է սեփականություն խլել, բայց ստում է, երբ ակնարկում է, թե իբր այն բաժանելու է աղքատներին։ Նա խնդիր ունի տնտեսությունն ու բիզնեսը կենտրոնացնել անձամբ իր ձեռքում և հավերժ կպած մնալ վարչապետի աթոռին։ Իսկ պողոսներին նա կկերակրի «լայվերով» ու վրաները մուննաթ գալով։

Նա հիմա սասուններին քաջալերում է, որպեսզի նրանք բռնության դիմեն՝ փաստացի ցույց տալով, որ որևէ պատասխանատվության չի ենթարկելու սեփական թիմակիցների խուլիգանությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերն էր իշխանությունը պահելու համար պարբերաբար դիմում ներքին թշնամանքի հրահրմանն ու բռնությանը։

Նիկոլը տնաբույծ ֆյուրերիկ է։ Բայց Հայաստանը Գերմանիայի ռեսուրսը չունի, որ Հիտլեր պահի։

Նիկոլն իր նպատակին չի հասնելու, բայց ահագին վնաս կտա մինչև հեռանալը։

Իրեն հիմա ցնցումներ են պետք։ Ինքը զգում էր, որ սեփական թիմի ներսում վախ է առաջացել։ Զգում էր, որ ԼՀԿ–ն ունի «Իմ քայլը» կազմաքանդելու ռեսուրս։ Զգում է, որ հողը ոտքերի տակից գնում է։ Դրա համար էլ հանձնարարել էր որևէ պատրվակով հրապարակավ բռնություն կիրառել Մարուքյանի դեմ և այդ մասին ԱԺ ամբիոնից խոստովանեց։

Թե ինչ գին կվճարի հայ ժողովուրդը հեղափոխության յակոբինյան փուլի ընթացքում, դժվար է ասել։ Նիկոլին աթոռը պահելու համար մեծ ցնցումներ են պետք, բայց այդ ցնցումներից կարող են փլատակներ առաջանալ, որոնց տակ մենք Արցախն ու պետականությունը կարող ենք թողնել։

Առողջ ուժերի անելիքն, ըստ այդմ, Նիկոլին հնարավորինս անցնցում հեռացնելն ու նոր կառավարություն ձևավորելը պետք է լինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը