Կարծիք

08.05.2020 14:57


2։0` հօգուտ Ադրբեջանի

2։0` հօգուտ Ադրբեջանի

Այսօր Շուշիի ազատագրման օրն է, բայց Փաշինյանը, որ չզլացավ ընձառյուծի Իջևանի անտառներում հայտնվելը նշանավորել` մեկի փոխարեն 2 ֆեյսբուքյան գրառում ձոնելով դարակազմիկ այդ իրադարձությանը, ոչ մի բառ չի ասել այդ մասին։ Ո՛չ ՖԲ իր էջում, ո՛չ պաշտոնական հաղորդագրության ձևաչափով։

Փաշինյանի, իր թրաշամանուկների և անգամ իր ձեռքի գլխավոր երկրապահ Սասուն Միքայելյանի համար, ինչպես գիտեք, մայիսի 8-ը նախ և առաջ «երեսի զոռով»` փողոցը խորհրդարանական մեծամասնության վրա տղա բերելու սպառնալիքի տակ վարչապետի պաշտոնը յուրացնելու երկրորդ «տարեդարձն» է։ Այդ առումով, ամեն ինչ «ճիշտ» է։

Մեզ համար խորհրդանշական այս օրը փոխարենը «արժեվորվեց» շատ «խորհրդանշական» երկու փաստով. ավելի քան մեկուկես ամսվա բացակայելւթյունից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ Շուշիի ազատագրման առանցքային դերակատարներից մեկին` Ռոբերտ Քոչարյանին և մեր հաղթանակները կերտած գեներալներին «դատելու» իր առաքելությանը։

Երկրորդ «նշանավոր» իրադարձությունը, որին ականատես եղավ հպարտ քաղաքացին, քայլարածների խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած «տոնական» ծեծկռտուքն էր` նույն Սասուն Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ։

Սա, նախ, սպառնաց «ցխել» նախօրեին «գերագույն գլխավորի» հետ իր առանձնասենյակում սուրճի սեղանի շուրջ խորաթայի բռնված էդմոն Մարուքյանին` միայն նրա համար, որ վերջինս թիմի նվազ ագրեսիվ ներկայացուցիչներից մեկին` տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հորդորեց ԱԺ ամբիոնից ընդդիմախոսներին «սրիկայի» և դրան համարժեք այլ պիտակներ չկպցնել։ Իսկ երբ Մարուքյանն իջավ ամբիոնից` պատիվ պահանջելու վիրավորանքի համար, տեղից վեր թռավ, վրա տվեց, ու... «կաշը» գնաց։

Ով շահեց, ով տանուլ տվեց «ճակատամարտը»` դժվար է միանշանակ ասել։

Մի բան պարզ է` հաղթեց Ադրբեջանը. «Հարսանիք լեռներում» օպերացիայից 28 տարի անց 2։0 հաշվով առավելության հասավ մեր նկատմամբ թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական, թե՛ բարոյական, թե՛ հոգեբանական հարթության վրա։

«Կիրթ» Ալիևը, վստահ եմ, արժանին կմատուցի Նիկոլին ու քայլարածների իր թիմին Ադրբեջանի հպարտ քաղաքացիներին «էսօրվա օրով» սկուտեղի վրա մատուցած այդ նվերի համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը