Լրահոս

07.05.2020 17:25


Շտապօգնության աշխատակիցներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով

Շտապօգնության աշխատակիցներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ավելացմանը զուգահեռ շտապօգնության կանչերը չեն ավելացել:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ծառայության 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելու փաստը:

«Բոլորը ասիմպտոմ վարակվածներ են, կլինիկական պատկեր չունեն, բայց բոլորը մեկուսացված են կլինիկական հաստատություններում»,-ասաց Ստեփանյանը:

Շտապօգնության տնօրենը չհերքեց, որ եղել են նաև այնպիսի աշխատակիցներ, որոնք հրաժարվել են աշխատել արտակարգ դրության օրերին: Նրա խոսքով` հիմնականում ռիսկի խմբում, մասնավորապես 55 տարեկանից բարձր տարիքի անձինք են եղել: Եղել են նաև մարդիկ, որոնք այդ օրերին արձակուրդ են վերցրել:

«Մենք ըմբռնումով ենք մոտեցել բոլոր աշխատակիցների որոշումներին, քանի որ ունենք բժիշկների մեծ բանակ, որոնք շտապօգնությունում աշխատելու պատրաստակամություն են հայտնել: Մենք ամեն օր ենք նման զանգեր ստանում»,- ասաց նա:

Տնօրենը նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ` ապրիլին շտապօգնության բժիշկներին, բուժքույրերին ու վարորդներին պարգևավճարներ են տրամադրվել: Բժիշկները ստացել են 95 000, բուժքույրերն ու վարորդները՝ 70 000 դրամ:

Հիմնարկի ղեկավարությունը պարգևավճարներ է տրամադրել նաև շտապօգնության կանչերի կենտրոնում աշխատող բժիշկ-կարգավարներին:

Ստեփանյանի խոսքով` շտապօգնության ծանրաբեռնվածությունը կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով չի աճել: Մարտ-ապրիլ ամիսներին ծառայությունն օրական 600-650 կանչ է սպասարկել: Համեմատության համար տնօրենը հայտնեց, որ հունվար-փետրվարին կանչերն օրական 800-850 են եղել:

Հիշեցնենք, Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2884–ի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը