Կարծիք

07.05.2020 12:25


Հայաստանի իշխանությունների «ռեմբոյության» իմիտացիան և դառն իրականությունը

Հայաստանի իշխանությունների «ռեմբոյության» իմիտացիան և դառն իրականությունը

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միիքայել Մինասյանի գտնվելու վայրին և կարծիք հայտնել, որ վերջինս գտնվում է Մոսկվայի արվարձաններում, ինչ-որ տնակներում, պադվալներում թաքնվելով, որն, ըստ Սիմոնյանի, երկար այնուամենայնիվ չի կարող շարունակվել...

Ինչպես կասեր Սիմոնյանի «հերոսի» աները՝ իյա, իրո՞ք... Նախ, սկսենք նրանից, որ Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ փոխխոսնակ, առանց որևէ ապացույցի և ինչպես նա է ասում՝ ենթադրությունների հիման վրա, մեղադրում է ՌԴ-ին հայաստանյան իրավապահների կողմից հետախուզվողին իր տարածքում պատսպարելու մեջ, քանի որ բոլորն են հասկանում, որ Մինասյանը, եթե գտնվում է ՌԴ տարածքում, ապա դրա մասին շատ լավ գիտեն Ռուսաստանի իշխանությունները... Սա արդեն դիվանագիտական սկանդալի պատճառ կարող է հանդիսանալ, քանի որ տարօրինակ է, երբ ինչ-որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան մի այլ երկրի մեղադրում է առանց ապացույցների...

Ալեն Սիմոնյանը ենթադրաբար այդպես է մտածում, քանի որ Նիկոլ Փաշինյանի ոխերիմ թշնամիներ՝ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Գևորգ Կոստանյանը շատ հանգիստ ապրում են ՌԴ-ում... Պաշտոնական Մոսկվան բացահայտ մերժեց Փաշինյանին և չհանձնեց նրանցից որևէ մեկին հայ իրավապահներին... Զարմանալի է, եթե վերը նշված մարդկանց Մոսկվան չհանձնեց Փաշինյանի դատաստանին, ինչի՞ց է Ալեն Սիմոնյանը որոշել, որ նախկինի փեսան, որն ըստ իրեն գտնվում է Մոսկվայում, թաքնվում է, փախչում է իրենցից՝ պատսպարվելով նկուղներում, Մոսկվան կհանձնի...

Ծիծաղելի է այն, որ ԱԺ փոխխոսնակը, հոխորտալով, հայտարարում է, որ դա երկար շարունակվել չի կարող... Հետաքրքիր է՝ ի՞նքն է որոշել, թե դա որքան է շարունակվելու... Եթե Ալեն Սիմոնյանի ենթադրությունները ճիշտ են ու Միքայել Մինասյանը Մոսկվայում է, ապա ուղղակի զավեշտալի է մտածել, այս պահին գոյություն ունեցող հայ-ռուսական խայտառակ վիճակում գտնվող հարաբերությունների պարագայում, երբ վերը նշված հայաստանյան նախկին պաշտոնյաներին Մոսկվան Երևանին չհանձնեց, ՌԴ իշխանությունները Սերժ Սարգսյանի փեսային սկուտեղի վրա կնվիրեն Փաշինյանին...

Ալեն Սիմոնյանը և նրա պես մտածող հայաստանյան իշխանական «ռեմբոները» լավ կլինի նախ ինչ-որ ենթադրություններ անելուց առաջ շատ երկար մտածեն, նոր խոսեն, քանի որ, ցավոք սրտի, պաշտոնյաներ են և կարող են իրենց բանսարկություններով խնդիրներ ստեղծել երկրի համար, երկրորդ էլ` չմոռանան իրենց շատ սահմանափակ հնարավորությունները շատ ու շատ հարցերում...

Եթե Ալեն Սիմոնյանի ենթադրությունները ճիշտ են, ապա մեկ բանի հետ կհամաձայնվեմ՝ որ Միքայել Մինասյանը ապրում է Մոսկվայի արվարձաններում... Օրինակ՝ Ռուբլյովկայում...

Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, թե ինչ ենթադրություններ ունի Ալեն Սիմոնյանը Գուրգեն Խաչատրյանի՝ իրենց իշխանության համար խայտառակ անհետացման վերաբերյալ...

Հ.Գ. Հայաստանի իշխանությունները ամեն ջանք գործադրում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ժամ առ ժամ գահավիժեն... Հետևանքների վերաբերյալ ենթադրությունները թողնում եմ ընթերցողներին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը