Մեկնաբանություն

06.05.2020 13:11


Նիկոլ Փաշինյանի կետը

Նիկոլ Փաշինյանի կետը

Բոլոր հեղափոխականներն ընդհանուր հիվանդություն ունեն։ Իրենց թվում է, թե մինչև հեղափոխությունն անապատ է եղել, իրենք եկել, ծաղկեցրել են։

Հեղափոխականներին թվում է, թե ամեն ինչ իրենցից է սկսվում։ Նրանց ձեռքը եթե ճար լիներ, ապա մաթեմատիկայի և ֆիզիկայի օրենքներն էլ կհռչակեին հակահեղափոխական ու կստեղծեին սեփական «ճշգրիտ» օրենքները, սեփական բազմապատկման աղյուսակը, տիեզերական ձգողականության օրենքը և այլն։

Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Նա համեստորեն կարծում է, որ հայ ժողովրդի պատմությունը սկսում է իրենից։ Նա ԱԺ-ում այսօր հայտարարել է, որ ինքը ոչ թե փոխել է, այլ ստեղծել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Այսինքն՝ մինչև իր վարչապետ դառնալն արտաքին քաղաքականություն չի եղել։ Հենց ինքը եկավ, ունեցանք արտաքին քաղաքականություն։ Իրականում դա հեղափոխական հիվանդության դրսևորումից զատ նաև յուրօրինակ «կռուտիտի» ձև է։ Արտաքին քաղաքական ոլորտում ու մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում իր ունեցած ձախողումը թաքցնելու միջոց։

Նիկոլը խորհրդարանի ամբիոնից համոզում էր, որ ՀՀ նախորդ բոլոր իշխանությունները դրսի առաջ վիզ են ծռել և կուչ եկել, իսկ ահա ինքը դուխով է, չի հպատակվում։ Այդպիսով նա ուզում էր հիմնավորել, թե ինչու է Կրեմլը ոչ դիվանագիտական ապտակներ հասցնում՝ Արցախի վերաբերյալ բանակցությունների էությունը բացահայտելով, Փաշինյանի հետ կապվող մաքսանենգ ծխախոտը ՌԴ-ում բռնագրավելով, գազի գնի հարցում զիջումների չգնալով։

Նիկոլն արտաքին քաղաքական դաշտում տապալվել է, ընդորում՝ բոլոր կենտրոնների հետ հարաբերություններում, ոչ միայն ՌԴ-ի։ Դեմագոգիկ ձևով հիմա դա պողոսներին հրամցվում է որպես ձեռքբերում, որպես դուխով արտաքին քաղաքականություն՝ «Դու թանկ գազ ես վճարելու, բայց «զատո» Մոսկվայի հետ մենք դուխով ենք խոսում» բլեֆային կարգախոսի շրջանակներում։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հեչ էլ դուխով չէ, ապացուցվել է վերջին երկու տարում։ Վլադիմիր Պուտինին քծնելու համար նա հրաժարվեց ԵԱՏՄ-ի, ապրիլյան պատերազմի վերաբերյալ իր նախկին ասածներից։ Կրեմլին դուր գալու համար Սիրիա զորախումբ ուղարկեց։ Բանը հասավ այնտեղ, որ «ժողովրդի» վարչապետը, խախտելով արարողակարգային ու արժանապատվության բոլոր կանոնները, Պուտինի հետևից վազեց դեպի «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի նորից ու կրկին քծնի նրան։ Եվ այս մարդը խոսում է, իբր, արտաքին քաղաքականությունը սեփական կետից վարելու ու արտաքին քաղաքականություն ստեղծելու մասին։ Ավելի անարժանապատիվ, անարդյունավետ, անողնաշար և անորոշ արտաքին քաղաքականություն ՀՀ-ն երբևէ չի ունեցել։

Արտաքին քաղաքականությանը պետք է գնահատական տրվի արդյունքներով, այլ ոչ թե դուխի չափման միավորով, մանավանդ երբ դուխն իսպառ բացակայում է։

Ի դեպ, վարչապետն այդպես էլ չպատասխանեց ՌԴ արտգործնախարար Լավրովի ասածներին՝ կրկին պտտեցնելով «Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին» թեզը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը