Մեկնաբանություն

04.05.2020 23:50


Չդիմացավ առերեսմանը

Չդիմացավ առերեսմանը

Եվ այսպես, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ազգային ժողովում, «ընդարձակ» պատասխանելով պատգամավորների և լրագրողների հարցերին, մի շարք ուշագրավ «արձանագրումներ» է արել։

Նախ` խոստովանել է, որ ինքն ու իր վարչապետը մոլորեցնում էին հպարտ քաղաքացուն` երդվելով, որ վերջին երկու տարիներին բանակցություններ չկան ու չեն եղել։ Ուղղակի մինչև հիմա ինքը «հակված չէր» դա բանակցություն համարել, իսկ հիմա, երբ առերեսվել է ճշմարտության հետ` Լավրովը խառնել է իրենց խաղաքարտերը, ասելով այն, ինչը իրենք խնամքով թաքցնում էին, և զրկել մանևրելու հնարավորությունից, «հակված է»։

Իսկ թե ինչի՞ է հակված գլխավոր բանակցողը` վարչա(հրամայա)պետ Փաշինյանը, բանակցությունները բանակցություննե՞ր է համարում, «կոնսուլտացիանե՞ր», թե՞ Արցախյան կարգավորման դինամիկայի, սկզբունքների և տարրերի, բանակցային գործընթացում ընդունված ստանդարտ ձևակերպումների ստուգաբանության «անվճար դասընթաց», հայտնի չէ։ Տղամարդ է, խոսքի տերն է` թախտի տակից դուրս չի գա. ինչպես պարտիզանի նման լռում էր, այնպես էլ շարունակում է լռել։ Արցախի հարցը չի մտնում նրա հետաքրքրությունների մեջ, և վե՛րջ` հո չի՞ կարող մի քանի կես լինել` հա՛մ զբաղվել Արցախի հարցով, հա՛մ պատերազմել անկախ դատավորների, փաստաբանների, ընդդիմադիր գործիչների, մամուլի դեմ, հա՛մ համակարգել և իր իրավական կցորդների միջոցով իրականացնել հարուստների ունեզրկման գործընթացը։

Մնացականյանը «միանշանակ» չի հաստատել, բայց և չի հերքել, որ սեղանին շատ կոնկրետ փաստաթուղթ է դրված։ Ավելին` չի բացառել, որ դա հենց Լավրովի բարձրաձայնած տխրահռչակ փուլային կարգավորման տարբերակն է` ըստ էության, հերքելով իր խոսնակի հավաստիացումները, թե հայկական կողմը փուլային կարգավորման որևէ տարբերակ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։

Ուրիշ բան, որ «հիմա այդ հարցը թափ տալու կարիք չկա»,-ասել է նա, ու նորից փափուկ բարձ դրել գլխներիս տակ, թե բա «տերմինները»` փուլային, փաթեթային, կարևոր չեն. «Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ հայկական կողմը խախտում է պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Կար մի գործընկեր ժամանակին` ասում էր, համաձայն ենք փուլային տարբերակին, եթե առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո` մնացածը։ Այսինքն` մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են»։ Ո՞վ էր անհայտ «գործընկերը», ինչո՞ւ իր ու իր վարչապետի լեզուն չի պտտվում` գեթ մեկ անգամ երկրորդելու հաղթողական այդ մոտեցումը, չի ասել։

Փոխարենը «սխալ է հանել» իր խոսնակի, «գլխավոր հրամանատարի» և անձամբ իր սեփական պնդումները, թե փակ դռների հետևում հակառակորդի հետ ժամեր շարունակ բանակցություններ վարելով հանդերձ՝ բովանդակային հարցեր չեն քննարկել` միայնանշառ հումանիտար խնդիրներ. «Վերջին հանդիպումը հունվարի վերջին էր, Ժնևում, և բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են կարգավորմանը` թե՛ զուտ բովանդակային մասով, թե՛ բոլոր այն հարցերով, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն։ Դա վերաբերվում է և, առաջին հերթին, միջավայրին` խաղաղությանը նպաստող»։

Հիմա էլ, չնայած սահմանափակումներին, իրենք մշտական կապի մեջ են համանախագահների հետ. «Մշտապես, շատ արագ, միմյանց տեղյակ ենք պահում (ինչի՞ մասին` չի հստակեցրել.-Լ.Պ.)... անհամբեր սպասում եմ, երբ որ հնարավորությունը կբացվի, և մենք կշարունակենք բոլոր ծրագրված աշխատանքները շարունակել և իրականացնել այն նորմալ աշխատանքային միջավայրում, որտեղ մինչև հիմա աշխատել ենք»։ «Համատեղ բնակեցման գոտիներ» ստեղծելը մտնո՞ւմ է այդ «ծրագրված աշխատանքների» մեջ, թե՞ չէ, արտգործնախարարը չի բացահայտել։

Բավարարվել է, ինչպես միշտ՝ ոչինչ չասող և ոչինչ չպարտավորեցնող լղոզված հայտարարություններով. «Մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում բանակցություններում», «Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեր ժողովրդի համար անվտանգային միջավայրը դառնում է խոցելի, և այդ առումով շարունակելու ենք», «Մեր աշխատանքային մեթոդը կառուցողական է, և այդ մեթոդով շարունակում ենք, բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակի մեջ, երբ մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ», «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում», և այլն, և այդպես շարունակ։

Ինչ վերաբերում է գազային թնջուկին և ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, ապա, ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն «ընդարձակ է», և այդ օրակարգում, «բնականաբար, կան հարցեր։ Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն խորքային ինչ-որ խնդիր կա։ Ունենք հարցեր, խնդիրներ, որոնք երկու դաշնակից բարեկամ երկրներ միմյանց հետ քննարկում են։ Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով, ինչպես որ աշխատել ենք վերջին երկու տարվա ընթացքում, նույն վճռականությամբ շարունակել աշխատել մեր երկկողմ օրակարգի ամբողջ ծավալի շուրջ»։

Այնպես որ, հույսներդ կտրեք` հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ չեն սպասվում. քանի «Նիկոլը կա», դրանք, ինչպես եղել են, այնպես էլ կմնան «պլինտուսից» ցածր մակարդակի վրա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը