Քաղաքական

04.05.2020 21:04


Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Թեեւ անգամ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: «Ըստ էության ՀՔԾ քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի»,-ասաց Գեորգի Մելիքյանը։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

«Դատարանն այսօր բավարարեց մեր բողոքը, ճանաչեց Գրիգորյանի իրավունքների խախտումը, որ նրա նկատմամբ հանցագործություն է կատարվել: Դա արդեն պարտավորություն է սահմանում դատախազության համար, որ հարուցեն քրեական գործ դեպքի առթիվ»,-ասաց Գ.Մելիքյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանական կողմը բողոքարկել էր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի նաեւ այդ բողոքը ու բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,- «Փաստինֆո»-ին ասել էր Գեորգի Մելիքյանը։

Փաստացի՝ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ, որի պայմաններում դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

Այս խորագրի վերջին նյութերը