Մեկնաբանություն

04.05.2020 15:20


Ռեֆլեքսներով ինքնակառավարում՝ զուգահեռ ինքնապատասխանատվությա՞մբ

Ռեֆլեքսներով ինքնակառավարում՝ զուգահեռ ինքնապատասխանատվությա՞մբ

Այգին տպավորիչ էր: Այգում զետեղված զրուցատաղավարն էլ: Ամեն դեպքում, ինչ էլ ասես, կառավարական «դաչաները» հենց այնպես չեն այդպես կոչվում: Այգեպանն էլ էր լավ աշխատել, ծառերն ու այգին խնամված տեսք ունեին: Ես, օրինակ, այգեպանին հավելապարգևավճար դուրս կգրեի: Հաճելի է գիտակցել, որ երկրում, այն էլ կառավարության հետ որոշ չափով շաղկապված ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, լավ է աշխատում:

Կուզենայի նույնն ասել վերը հիշատակված խնամված այգու տաղավարում խալխին ի տես և ի լուր կիրակնօրյա զրույցի նստած եռյակի մասին, բայց, չէ, էլի, չէ՛:

Նստած էին, գիտեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ու՝ ի՞նչ:

Երկար-բարակ քննարկում են, թե որքան հաճախ է պետք ձեռքերը լվալ, ախտահանել ու նման բաներ: Տղաներ կամ զուտ ձեր զբաղեցրած պետական պաշտոններից ելնելով՝ պարոնա՜յք, նման բաներ բացատրելու համար սոցիալական գովազդահոլովակներ, հրահանգաթերթիկներ գոյություն ունեն: Դուք ու ձեր պաշտոնի ժամանակն ափսոս են նման պրիմիտիվությունների ու կրկնաբանությունների համար:

Հա, մեկ էլ հանկարծ պարոն Փաշինյանին հետաքրքրում է, թե կոնկրետ իրենք կորոնավարակին դիմակայելու տեսանկյունից ճի՞շտ են նստած, թե՞ սխալ: Ըստ Արսեն Թորոսյանի, ոնց որ թե հիմնականում ճիշտ էին նստած: Կարևորը, որ վերջում բոլորը ճիշտ նստեն:

Հետո մի որոշ ժամանակ ստիպված էինք ունկնդրել Նիկոլ Փաշինյանի «գիտունիկությունները»՝ ռեֆլեքսների մասին: Մինչդեռ բուն հարցն այն չէ, թե ինչ պայմանական ռեֆլեքսներ ժամանակի ընթացքում մարդիկ ձեռք կբերեն: Բուն հարցն այն է, որ պետությա՛ն կառավարումն է ռեֆլեքսներով իրականացվում:

Լավ, այսօրվանից, այսինքն՝ մայիսի 4-ից չեղարկվում են արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված մի ամբողջ շարք սահմանափակումներ: Դա արվում է մի ժամանակահատվածում, երբ վարակվածների թիվն ավելանում է: Պետք չէ Պավլով կամ Քամյու լինել հասկանալու համար, որ եթե նման պատկեր էր այսպես ասած՝ խիստ սահմանափակումների ժամանակ, ապա վարակի տարածման առումով ավելի ծանր վիճակագրություն և պատկեր ենք ունենալու «լայթս» սահմանափակումների պայմաններում:

Չնայած, մեկ բան արժե թեթև դրական լույսի ներքո դիտարկել. ավելի լավ է սահմանափակումները կամ այսպես ասած՝ կարանտինային միջոցառումները չլինեն, քան թե սահմանափակումների կամ կարանտինի տնազ լինի: Այն, ինչ կար մեր երկրում վերջին մեկուկես ամսվա ընթացքում:

Հիմնականը: Ինչպես և պետք էր սպասել, վարչապետ Փաշինյանն ու իր կառավարության ներկայացուցիչները, մեծ հաշվով, վարակին դիմակայելու առումով պատասխանատվությունը վերապատվիրակեցին հանրությանը: Հույսն Աստծո վրա է մնում: Դա՞ է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասած «ապակենտրոն պայքարի ռազմավարությունը»: Ուժեղ ռազմավարություն է, խոսքեր չկան:

Իբր, կենտրոնացված պայքարի առումով սարեր շրջեցին, հիմա էլ ապակենտրոնին են անցնում:

Դե, եթե covid-19 կորոնավարակի դեմ ամեն մեկիս ինքնապաշտպանության վրա է ամբողջ հույսը, եթե պայքարի արդյունավետության հարցում էլ է ամբողջ պատասխանատվությունը հանրության ու յուրաքանչյուր անհատի վրա, կներեք, էլ ո՞ւմ են պետք կառավարությունը, իշխանությունը, պետական մարմինները: Միանգամից անցնենք ինքնակառավարման, թող վերջանա-գնա, էլի: Առհասարակ, դպրոցներն ու բուհերն էլ կարելի է լուծարել: Ինքնակրթություն թող լինի: Այնքա՜ն հայտնի մարդիկ են ինքնակրթությամբ աճել ու ձևավորվել, Ի՜նչ է եղե՞լ, որ...

Մի դրական տարր էլ կար: Այս ընթացքում, որքան կարելի էր կռահել, Նիկոլ Փաշինյանը վերընթերցել կամ մի հատ էլ է թերթել Քամյուի «Ժանտախտը»: Քանի որ մեր երկրի ներկայիս վարչապետը տարբեր անուղղակի զբաղմունքների համար առավել քան բավարար ժամանակ ունի (չնայած, պիտի որ քիթ սրբելու ժամանակ չունենար), ապա խորհուրդ կտայի մի հատ էլ նույն հեղինակի «Անկումը» վերաթերթել: Վերջում, եթե ժամանակ մնա, «Օտարը»: Թեպետ, դեպքերը, կարծես, ծավալվում են դեպի Կաֆկայի հայտնի գործերից մեկը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը