Մեկնաբանություն

03.05.2020 11:25


Մրից դուրս գալու, մրջուրն ընկնելու մաստեր-կլաս թիվ 1 աներձագից

Մրից դուրս գալու, մրջուրն ընկնելու մաստեր-կլաս թիվ 1 աներձագից

Փաշինյանի ընտանիքը ծանր ժամանակներ է ապրում։

Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ այնքան ժողովրդին (որի մասին ասում էր` «իմ ընտանիքն է»), որ նիկոլավիրուսի և կորոնավիրուսի երկկողմանի «էքսպանսիայի» պատճառով իրոք հայտնվել է ճգնաժամային վիճակում, ոչ միայն «իրքայլական» ախպերությանը, որ օր օրի ահագնացող կենտրոնախույս տրամադրությունների պատճառով լինել-չլինելու սպառնալիքի տակ է, որքան իր «մերձավոր» շրջապատին` «փոքր ընտանիքին», որտեղ ուրույն դեր է վերապահված աներձագ Հրաչին։

Աներձա՛գն է Փաշինյանի վստահելի «պերսոնաժներից» մեկը, որոնց միջոցով Փաշինյանը բարձրաձայնում է այն, ինչ չի ուզում ասել իր անունից։ Այդ մարդկանց կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել։ Մեկը ընտանիքի մայրն է` Աննա Հակոբյանը, որի հիմնական առաքելությունը պացիֆիզմի քարոզչությամբ զբաղվելն է։ Մյուսը Մարիամ Փաշինյանն է, որին վստահված է ժողովրդավարության, խոսքի ազատության և կառուցողական ընդդիմության թեմաներով լիկբեզ անցկացնելու պատասխանատու գործառույթը։

Օրերս փորձեց փոքրիկ Արփիին էլ ներքաշել այդ խաղի մեջ` առաջարկեց գնահատական տալ իր հակաճգնաժամային քաղաքականությանը, բայց Արփին փախավ` չմտավ այդ պատասխանատվության տակ։ Թե չէ մի գեղեցիկ օր ստիպված կլիներ իր հեղինակավոր կարծիքը հայտնել նաև Փաշինյանի «ղարաբաղյան քաղաքականության» վերաբերյալ։

Դե, իսկ Աննա Հակոբյանի եղբայրը լինելու «հիմքով» խորհրդարան խցկված Հրաչ Հակոբյանին բաժին է ընկել Փաշինյանին «բան ասողների» հասցեին անպատասխանատու հայտարարություններ բլթացնելու պատվավոր դերակատարությունը։ Հենց նա էր, որ «վավերացրեց» ընտանեկան կայքում հրապարակված վարկածը, թե ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն էն գլխից հավաքագրված է եղել Միքայել Մինասյանի, նրա միջոցով` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` հատուկ Նիկոլի դեմ դավեր նյութելու (ընտանիքի դեմ քարոզչական պատերազմը ֆինանսավորելու և կազմակերպելու) համար։ Իհարկե, ԱԱԾ-ը հերքեց այդ «մեղադրանքը»` հայտարարեց, որ սույնը հաստատող փաստեր չունեն, բայց աներձագը պատասխան չտվեց զրպարտության համար։

Հիմա Փաշինյանն աննախադեպ ջղագրգիռ վիճակում է` նյարդայնացած է Լավրովի վերջին բացահայտումներից, շփոթված, եթե չասենք`խուճապի մեջ է. ոտքի տակից հողը փախչում է` մի կողմից, կորոնավիրուսն է անում իր սև գործը, մյուս կողմից` փուլային կարգավորման, վերահաս պատերազմի սպառնալիքն է չոքել դռանը։ Եվ դարձյալ առաջին պլանում է հայտնվել աներձագը, իր վրա վերցրեց կրակը և... մի սկանդալից «չպրծած»` մխրճվել մյուսի մեջ։

Աչքը սարքելու տեղ ունքը քանդելու «նուրբ արվեստը»

Ամեն ինչ սկսվեց ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումից, ըստ որի`Մոսկվան որոշել է սանկցիաներ կիրառել ՀՀ նախկին բարձրաստիճանների դեմ քաղաքական «սամասուդ» իրականացնող «թավշյա» պաշտոնյաների ու նրանց մերձավորների նկատմամբ, որոնք տնտեսական շահեր ունեն Ռուսաստանում և հետամուտ են լինում այդ շահերին`շրջանցելով օրենքը։ Այդ համատեքստում սկանդալային մի վարկած դրվեց շրջանառության մեջ, որի համաձայն՝ ռուս իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել։ Ավելին`ապօրինի այդ «բիզնեսի» հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը։ Մասնավորապես, աներձագ Հրաչը։

Վերջինս, ինչ խոսք, շտապեց հերքել լուրը։ Թե բա` «որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում», որը «ծայրից ծայր սուտ է»։ Փորձելով շեղել հանրության ուշադրությունը մաքսանենգության շուրջ «սկանդալից», նոր՝ ավելի գլոբալ դիվանագիտական «սկանդալի» մեջ ընկավ. հակադարձելով նույն Վանեցյանի հարցադրմանը, թե «էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով»` կարո՞ղ է փուլային կարգավորման թեմա կա, ինչպես նշել է Լավրովն իր հայտարարության մեջ, ԱԱԾ նախկին տնօրենին հիմա էլ`ոչ ավել, ոչ պակաս`«օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու» մեջ մեղադրեց։

Չասաց` ո՞ր երկրի, բայց դպրոցականին էլ պարզ է, որ խոսքը Ռուսաստանի մասին էր։ Քանի որ էնքան «պլոճիկ» չուներ`ուղղակի մեղադրանք ներկայացնելու ԱԱԾ նախկին տնօրենին, դա արեց հարցի ձևաչափով` «կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», ու դրա համար էլ ազատել է գործից։ Իսկ թե ինչու քրեական գործ չեն հարուցել այլ պետության օգտին լրտեսություն անելու համար, «պարզից պարզ է». «Օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել։ Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել։ Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»։

Հարցին` կոնկրետ տեղեկություններ ունի՞ Վանեցյանի օտարերկրյա գործակալ լինելու մասին, ասել է` ո՛չ, տեղեկություններ չունի`ունի կասկածներ։ Երբ լրագրողը հետաքրքրվել է` իրավապահները պե՞տք է գնան իր հայտարարության հետքերով, թե՞ չէ, պատասխանել է` «չեմ կարծում`այնպիսի հայտարարություն է, որով անպայման իրավապահները պետք է զբաղվեն։ Ես որևէ բանում չեմ մեղադրել, ես հարցեր եմ տվել»։ Իսկ երբ լրագրողը համառել է, թե`այդ կասկածները նո՞ր են առաջացել, թե՞ Վանեցյանի հրաժարականից անմիջապես հետո, շատ «դիվանագիտական» պատասխան է տվել. «Հընթացս»։

Ասել, որ երկրորդ «սկանդալը» առաջինի տրամաբանական շարունակությունն է, և ցույց է տալիս աներձագ Հրաչի ու իր անունից ստատուսներ տիրաժավորող բարձաստիճան փեսայի իրավագիտակցության, մտավոր ունակությունների մակարդակը, նշանակում է ոչինչ չասել։ Սա քաղաքական, իրավական, դիվանագիտական անմեղսունակության այնպիսի մի բացառիկ նմուշ է, որ կարելի է մտցնել Գինեսի ռեկորդների մեջ, և, բնականաբար, չէր կարող անպատասխան մնալ`արդեն իսկ կոշտ հակահարվածի է արժանացել Ռուսաստանի կողմից։ Առայժմ ոչ պաշտոնական խողովակներով։

«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ռուսներին «շանտաժի ենթարկելու» այդ անճարակ փորձին, արձանագրել է, որ Հրաչյա Հակոբյանը ո՛չ որպես պատգամավոր, ո՛չ որպես աներձագ չէր կարող տիրապետել «գաղտնի» տեղեկություններին, որոնց մասին բարձրաձայնել է` ակնարկելով, ըստ էության, որ այդ «տեղեկատական արտահոսքի» աղբյուրը նույն ինքը` Փաշինյան Նիկոլն է։ Այսինքն` «վառել է փեսային», և դիվանագիտական այս սկանդալը հարթելու այլ տարբերակ չունի, քան պատասխան տալ սեփական հիմարության համար` վայր դնելով պատգամավորական մանդատը։ Հակառակ դեպքում` եթե հրաժարական չտա, կխոստովանի, որ այդ ամենի հետևում կանգնած է ինքը` նորին մեծություն «ժողովրդի վարչա(հրամայա)պետը»։

Կոլերովն առանց ձևականությունների ասել է, թե ինչ են մտածում Ռուսաստանում Փաշինյանի և իր կառավարության մասին` փաստել է, պաշտոնական Մոսկվան շատ լավ գիտի, ով է Փաշինյանը և ինչ է ուզում, քաջատեղյակ է, որ ժողվարչապետը «ստիպված» է պոչ խաղացնել Ռուսաստանի առաջ (իր բառապաշարով ասած` «լիզել Պուտինի կոշիկները»), որովհետև գնալու տեղ չունի, իրեն մնար` վաղուց էր Հայաստանի պորտալարը կտրել Ռուսաստանից։ Եվ եթե դեռ հանդուրժում են իրեն և իր «օտար» խաղերը, ապա` միայն այն պատճառով, որ Փաշինյանին և իր իշխանությունը չեն նույնացնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ։

Բայց փաստ չէ, որ միշտ այդպես է լինելու։ Վկա` Ադրբեջանի ավելի քան երբևէ սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այնքա՛ն «սերտ», այնքա՛ն «եղբայրական», որ կողքից նայելիս` կարելի է կարծել, թե Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գծով, ոչ թե Հայաստանը։

Սա՛ է արտաքին քաղաքականության «մեծագույն ձեռքբերումը», որի պտուղները քաղում ենք «Արցախյան կարգավորման» դաշտում` Լավրովի հայտնի հայտարարության և Ադրբեջանի հարաճուն ռազմատենչության տեսքով, և այդքանից հետո, բան ու գործ թողած` աներձագի տխմարություններն ենք քննարկում։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը