Լրահոս

01.05.2020 12:10


Սամվել Ալեքսանյանն իր շահառու աշխատակիցների գումարները գրպանում է. «Իրատես»

Սամվել Ալեքսանյանն իր շահառու աշխատակիցների գումարները գրպանում է. «Իրատես»

«Մինչ կառավարությունն իրար հետևից միջոցառումների ծրագրերի մասին է հայտարարում, դրանցից ոչ միայն շատերը չեն կարողանում օգտվել, այլև իրական շահառուներն էլ գումար չեն կարողանում ստանալ։ Ավելի կոնկրետ։ Բոլոր իշխանությունների, հատկապես Փաշինյանի սիրած գործարար Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթիներում» աշխատողները հայտնվել են անելանելի վիճակում։

Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառու դարձած առևտրի կենտրոնի աշխատակիցներին մի «քոռ» կոպեկ էլ չի հասնում։ Պատճառը հավանաբար կառավարություն-գործարար խիստ ինքնատիպ կապի մեջ է։ Մեզ դիմած բազմաթիվ աշխատողներ փաստեցին, որ երբ դիմել են բանկ իրենց հասանելիքը ստանալու նպատակով, այնտեղից նրանց փոխանցել են, թե գումարը փոխանցված է, բայց չեն կարող ստանալ, արգելք է դրված։ Մյուս բոլոր հարցերի պատասխանը մեկն է եղել. «Գնացեք ձեր գործատուի հետ հարցերը պարզեք»։

Հաշվի վրա արգելք դրած գործատուն՝ Սամվել Ալեքսանյանը, ավելի հեռուն է գնացել։ Որոշ աշխատողներ, որոնք կարողացել են սկզբնական շրջանում ստանալ փոխհատուցում, զգուշացվել են, որ նրանց հաջորդ աշխատավարձից այդքան գումար պահվելու է։ Աշխատակիցների համար այդպես էլ հստակ բացատրություն չի տրվել, թե ինչու պիտի իրենք այդ գումարներից չօգտվեն, երբ այդ միջոցառման շահառու են, իսկ պետությունն էլ գումարը փոխանցել է։

Նրանց փոխանցմամբ, առևտրի կենտրոնների աշխատակիցները չեն էլ կարող բողոքել, քանի որ այս ծանր օրերին աշխատանք կորցնելու մտավախություն ունեն։ Իսկ այդ մտահոգությունն անտեղի չէ, որովհետև արդեն աշխատակիցներին նախազգուշացրել են, որ հնարավոր է կրճատումներ տեղի ունենան։

Ընդ որում, այսօրվանից արդեն ոմանք շաբաթը մի օր ոչ աշխատանքային օրվա փոխարեն հարկադիր պարապուրդի են ուղարկվում 2-3 օր։ Դրան գումարած ամեն օր աշխատակիցներն իրենց միջոցներով են տաքսիով աշխատանքի գնում-գալիս, եթե ընդմիջման գումարն էլ հանում ենք, տակը ոչինչ չի մնում։ Ստացվում է՝ բարեգործություն են անում Հայաստանի ամենախոշոր գործարարին։

Ամենաուշագրավն այն է, որ արտակարգ դրության պայմաններում ոչ մի օր չփակված «Երևան սիթի» առևտրի կենտրոնների ղեկավարությունը, որ ի տարբերություն մյուս տնտեսավարող սուբյեկտների, ֆինանսական մեծ կորուստներ չի ունեցել, անգամ մեկ կոպեկով չի ուզում սեփական աշխատողներին աջակցել, դեռ մի բան էլ՝ պետության փոխհատուցումն է կոպեկ առ կոպեկ խլում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը