Մեկնաբանություն

01.05.2020 12:00


Կոմունալային հեղափոխություն

Կոմունալային հեղափոխություն

Հասանք։

Իջե՛ք։

Սա ավելի շուտ պետք է լիներ։ Բայց հիմա եղավ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե դուք գազի կամ լույսի փողը չեք վճարել, ապա իմացեք, որ մեղավորը ձեր սրիկա հարևաններն են, որ տեսնում են՝ ձեր տան լույսը չի վառվում ու չեն ֆայմում կամ չեն ուզում մուծել ձեր փոխարեն։

Վե՛րջ։ Կառավարությունն այլևս մեղավոր չէ չվճարումների համար։ Ճիշտ է, Փաշինյանն օրերս, պոպուլիստական նկատառումներից ելնելով, հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում մարդիկ կարող են չվճարել կոմունալները, բայց հետո հետ կանգնեց իր խոսքից, սակայն արդեն ուշ էր, քանզի մարդիկ տեսել են, որ մուծողները հարիֆ են հռչակվում, իսկ չմուծողները՝ հպարտ քաղաքացի։

Մարդիկ մտածում են, որ վաղը մյուս օրը Նիկոլը վախից կամ դիվիդենտներ հավաքելու համար կարող է չեղարկել կոմունալ վճարները, և չեն վճարում։ Նիկոլն էլ հասկանալով որ ղալաթ է արել, սկսել է բաժանորդներին զանգահարել պարզելու համար, թե ինչն ինչոց է։ Բայց դե հո հազարավոր բաժանորդներին չի՞ զանգահարելու։ Արդյունքում նստել են տնեցիքով՝ ինքն ու Աննան, մտածել են, թե ոնց ձեռքերը հերթական խնդրից լվանան ու հերթական անգամ մեղավոր գտնեն։ Մտածել ու գտել են, որ կարելի է «կոմունալային համերաշխություն» անհեթեթագույն բանաձևը հորինել ու մի կողմ քաշվել։

Նիկոլն ու Աննան որոշեցին իրենց գործի մեջ ներքաշել նաև փոքրիկ Արփիին, բայց երեխան շատ խելոք գտնվեց ու փախավ։

Հիմա մնում է շենքերում հարևաններն իրար չծեծեն՝ առաջնորդվելով Նիկոլի «կոմունալային» տրամաբանությամբ։

Ի դեպ, վաղն էլ Նիկոլը կարող է ասել, որ եթե զգում եք, թե ավելի շատ փող ունեք, քան ձեր հարևանը, ապա կարող եք փողով օգնել հարևանին ու կառավարության համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։

Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը մտածի ուրիշի կոմունալների ու սոցիալական խնդիրների մասին։ Չէ՞ որ նա վարչապետ դառնալիս տվել է զրո խոստում և ստացել լիքը ծափահարություններ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը