Մեկնաբանություն

01.05.2020 10:54


Ընտանիքապետության դուխով աներձագը և շպիոնամանիան

Ընտանիքապետության դուխով աներձագը և շպիոնամանիան

Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվում «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով։ Դա է պատճառը, որ իր կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, դարձել է պատգամավոր։

Հրաչյան նաև այլ ֆունկցիա ունի։ Նա փաշինյանական ընտանիքապետության մամլո խոսնակն է։ Նա ասում է այն, ինչ իր փեսան հարմար չի գտնում սեփական անունից ասել։

Հրաչյան խոսում է այն դեպքում, երբ լուռ են քույրը և զարմուհիները և երբ հերթական սրացումն է արձանագրվում փեսայի մոտ։

Հրաչյան նաև ընտանիքապետության անունից մեղադրական եզրակացություն ներկայացնող է աշխատում՝ ծխախոտային թեմաներից ազատ ժամանակ, իհարկե։

Աներձագն ասում է, որ իրենք՝ ընտանիքապետությունը, օտարերկյա գործակալ են բռնել, բայց շուխուռ չեն արել, քանզի չեն ուզեցել գործակալին հավաքագրած պետության հետ հարաբերությունը փչացնել։

Աներձագը չի նշել, թե ո՞ր պետության մասին է խոսքը, բայց դատելով այն բանից, թե որ պետության մեջ են բացահայտել Հայաստանից ինքնաթիռով մաքսանենգ ծխախոտը և ում անվան հետ է կապվում այդ ամենը, կարելի է կռահել, թե ումից են ուզում մուռ հանել աներձագը և մաքսանենգ ծխախոտի իրական տերերը՝ ընտանիքապետությունը։

Եթե առաջնորդվենք աներձագի միջոցով փեսայի հայտնած մեղադրանքի տրամաբանությամբ, ապա շատ անհարմար բան է ստացվում, և ահա թե ինչու։

Ինչպես հայտնի է, Հրաչյայի քույրն ու փեսան անընդհատ խոսում են այն մասին, որ պետք է հայ ժողովրդին պատրաստել խաղաղության, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին, որ Ալիևը կիրթ ու նորմալ անձնավորություն է, որ Ալիևի կինը կարող է մուղամ լսել Ստեփանակերտում, որ․․․

Մի խոսքով, փաշինյանենք ուզում են քիրվայություն անել Ադրբեջանի հետ կամ առնվազն չփչացնել իրենց հարաբերությունները Բաքվի հետ։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ եթե ընտանիքապետությունը ադրբեջանական գործակալ հայտնաբերի, ապա նրան չեն բացահայտելու և չեն կալանավորելու, որպեսզի գործակալին հավաքագրած Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնեն։

Սա զուտ հռետորական հարցադրում է, որը ծնվել է ընտանիքապետության աներձագի ֆեյսբուքյան էջում Փաշինյանի տեղադրած գրառումից հետո։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը