Կարծիք

30.04.2020 19:20


Հայկական ծխախոտի ոդիսականը

Հայկական ծխախոտի ոդիսականը

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակ ծխախոտ տեղափոխել։ Խոսքը՝ 40 տոննա բեռի մասին է, 2700 արկղ ծխախոտ, 300 մլն ռուբլի, կամ այսօրվա փոխարժեքով՝ 4 մլն դոլար։
Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մաքսանենգությունը կապված է Հրաչյա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբոր հետ։

Չգիտեմ Հրաչյա Հակոբյանն ինչքանով է կապված գործի հետ, բայց Հայաստանի պաշտոնական մարմինների ցայտնոտային հերքումները եկան հաստատելու, որ մի բան այն չէ։

Խնդրեմ փաստերը.
1. ՊԵԿ-ը տարածեց պարզաբանում, որտեղ ընդամենը տեղեկացնում էր, որ իրենց իմանալով Հայաստանից Աֆղանստան ծխախոտ են արտահանել, ձևակերպումն էլ արել են Ղազախստանի տարածքում։ Արտաքուստ հերքման տպավորություն թողնող այդ տեքստն իրականում հերքում կամ պարզաբանում չէր։ Փաստն այն է, որ Ռուսաստանի տարածքում առգրավվել է ՀՀ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտ, այն էլ մեծ քանակությամբ, ինչն ինքնին արդեն մաքսանենգություն է։ Թե Հայաստանի մաքսային մարմիններն ինչ են արել, ոչ ոքի հետաքրքիր չի, որովհետև նրանց քթի տակով Հայաստանից դուրս է եկել հայկական ակցիզով ապրանք։ Վերջում դա Աֆղանստան էր գնալու, Կրասնոդար, թե Բուժումբուրա, էական չի։ ՀՀ մաքսային մարմիններն աչք են փակել 4 մլն դոլար արժողությամբ ապրանքի ապօրինի արտահանման վրա։ Կամ էլ՝ Հայաստանից դուրս ՀՀ ակցիզային դրոշմանիշեր են կեղծվում, իսկ մեր համապատասխան մարմինները դրանից տեղյակ չեն։
Բոլոր դեպքերում փաստենք, որ ՊԵԿ-ը ոչինչ չի պարզաբանել, այլ իմ կարծիքով՝ ընդամենը ցույց է տվել, որ պարզաբանում տալու հրահանգ ուներ։

2. 168.am-ը գրել էր, որ «Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել»։ Սրան ի պատասխան ԱԳՆ խոսնակը Infoport-ին ասել էր. «Նման բան չկա, Ռուսաստանի դեսպանը նման հարցով մեզ չի դիմել»։
Արտաքուստ թվում է, թե ԱԳՆ-ն հերքել է մամուլի հրապարակումը, բայց իրականում հարցեր են առաջանում և պարզաբանման կարիք կա։ Ի՞նչ «հարցով մեզ չի դիմել» դեսպանը՝ ծխախոտի՞, թե՞ Ավինյանի գրասենյակի պահվածքի։ Իսկ մի գուցե դեսպանը ծխախոտի թեմայով Ավինյանին է զանգել, իսկ ԱԳՆ-ին Ավինյանի թեմայով է կապ տվել։ Այդ դեպքում ինչու է ԱԳՆ-ի խիստ լակոնիկ ձևակերպումից ստացվում, թե ԱԳՆ-ն ծխախոտի թեմայով զանգն է հերքել։

3. Ամենաուրախ հերքումը եղել է ՀՀ ԱԻՆ-ից։ Ինչպես հասկանում եմ՝ հարկատուների հաշվին պահվող Infocheck.am-ը, որ իբր ֆեյքնյուզեր պետք է գտնի ու հերքի, ՀՀ ԱԻՆ-ից պարզաբանում է ստացել, որ ՀՀ ԱԻՆ-ը օդանավ չունի, հետևաբար չէր կարող ԱԻՆ-ի օդանավով մաքսանենգ ապրանք տեղափոխվել։ Այն խնդիրը, որ ռուսական աղբյուրներում տեղեկատվության մեջ ԱԻՆ բառից առաջ ՀՀ արտահայտությունը չկար, էական չէ։ Էականը «թեմա լինի, հերքենք» սկզբունքն է։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանում իշխանություններն անհանգստացած են մաքսանենգության բացահայտման փաստով։ Ըստ ամենայնի, դրա պատճառներն ունեն։ Եվ ահա թե ինչու։

Ծխախոտի մաքսանենգությունը հայտնի թեմա է։ «Սև գործարարները» հասկանալով, որ ակցիզային հարկի տարբերության հաշվին կարելի է «էժան երկրներից» արտահանում կազմակերպել դեպի «թանկ երկրներ», բազմաթիվ սխեմաներ են կիրառում։ Օրինակ, եթե դուք ավտոբուսով մեկնեք Թուրքիա, հենց Թուրքիայի մաքսատանը ձեզ կառաջարկեն, որ յուրաքանչյուր ուղևոր, եթե դեմ չէ, երկու «բլոկ» սիգարետ գնի։ Քանի որ ավտոբուսում լինում են մինչև 50-60 ուղևոր, ապա մեկ չվերթի ընթացքում կարելի է երկիր մտցնել մինչև 100-120 բլոկ, ինչի արդյունքում կազմակերպիչները մինչև 1000 դոլար գումար են վաստակում։ Սա մեխանիզմներից մեկն է, ու «ամենաանփորձանքը»։

Ռուսաստանի դեպքում սխեման շատ ավելի բարդ է, ռիկսը՝ մեծ, փոխարենը մեծ են նաև ծավալներն ու շահույթը։ Քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման չկա, իսկ Վրաստանը Ռուսաստան ուղևորվող բեռների նկատմամբ խիստ ուշադիր է, մաքսանենգությունը կազմակերպվում է օդային ճանապարհով։ Դրա համար ճարպիկ գործարարներին պետք է «սեփական մարդ» ունենալ Հայաստանի և Ռուսաստանի օդակայաններում, ցանկալի է՝ մաքսավոր կամ սահմանապահ, ինչպես նաև Հայաստանում՝ ձեռքբերման աղբյուր, իսկ Ռուսաստանում՝ իրացման ցանց։ Երկու երկրների պետական ապարատի կոռուպցիոն բնույթից գիտակ և անհրաժեշտ կապեր ունեցող որևէ մեկն այս սխեման կաորղ էր կիրառել։ Տվյալ դեպքում ծավալները կարող էին լինել այնքան, որ բավարարեր բարդ սխեմայի մեջ ընդգրկված յուրաքանչյուրի պահանջմունքը։

Տեղեկացնեմ, որ մեկ օրվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել եմ, որ Հայաստանից ուղևորվող ապօրինի ծխախոտի վայրէջքի հիմնական ուղղությունները չորսն են եղել՝ Մոսկվա, Ռոստով, Կրասնոդար և Վլադիկավկազ։ Եվ որպես կանոն, բեռնագրում իրական ապրանքը չի հայտարարգրվել, այլ ներկայացվել է կենցաղային տարբեր ապրանքներ։

Իսկ ինչն է փոխվել այս ընթացքում, որ հայկական 40 տոննա բեռն առգրավվել է։ Ի վերջո այդ քանակը բավականին լուրջ «տանիք» պետք է ունենար, որպեսզի սահմանափակումների պայմաններում ուղարկվեր, այն էլ՝ ԱԻՆ օդանավով։

Առաջին հանգամանքն, ըստ ամենայնի, բեռի ահռելի ծավալն է։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչի հետ գործ ունենք, բավական է ասել, որ ռուսական աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի Հարավային օկրուգով վերջին երեք տարում ներմուծվել է 100 տոննա ապօրինի ծխախոտ, իսկ այս դեպքում մեկ ակտով միանգամից 40 տոննա է տարվել։ (Ենթադրում եմ, որ գործարարներին ախորժակն է խանգարել. քանի որ բիզնես-սխեման նախկինում այնպես է «նալադկա» արված եղել, որ իրացվելիք ծխախոտը փոքր խմբաքանակներով է առաքվել, խնդիր չի առաջացել, և ավիաթռիչքների բացակայության պատճառով շուկայի պահանջարկը բավարարելու այս տարբերակն է ընտրվել, բայց ինչպես տեսնում ենք՝ ապարդյուն):

Երկրորդ կարևոր հանգամանքը ՌԴ իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունն է։ Վերջին երեք տարում մաքսանենգ ծխախոտի ծավալը ՌԴ շուկայում 5-ից հասել է 10 տոկոսի, և Մոսկվայում բավականին լուրջ լոբբիստական աշխատանքներ էին սկսվել դրա դեմն առնելու ուղղությամբ։ Իսկ կոնկրետ գործողությունների պատճառը, թերևս, ՌԴ ֆինանսական սպասվող ծանր վիճակն է։ Նախկինում, երբ նավթի իրացումից մեծ շրջանառու միջոցներ էին գոյանում, ԵԱՏՄ գծով դաշնակիցների (Հայաստանից բացի այս գործում մասնագիտացած է նաև Բելառուսը) ծխախոտային չարաճճիությունների նկատմամբ աչք էր փակվում։ Ըստ ամենայնի Ռուսաստանում դա համարում էին «փոքրիկ հպարտներին» սուբսիդավորելու եղանակ։ (ի վերջո, անցած երկու տարում «Գրանդ տոբակոն» հարկային վճարների ռեկորդներ է սահմանել)։ Բայց ինչպես երևում է, Ռուսաստանում սկսել են կոպեկ հաշվել, ու հիշել են, որ մաքսանենգ ծխախոտի իրացման արդյունքում տարեկան 1 մլրդ դոլար են կորցնում։

Այս ամենը դեռ ստուգման փուլում է, ու առաջիկայում կփորձեմ խնդրին անդրադառնալ ավելի մանրամասն՝ հստակ թվերով ու փաստերով, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ 40 տոննա մաքսանենգ ծխախոտի Կրասնոդարում հայտնվելու փաստը վկայում է, որ ի հեճուկս վարչապետի պնդումների, Հայաստանում կոռուպցիա կա, այն բավականին կազմակերպված հիմքերի վրա է, ու դրա բացահայտումը կախված է ոչ թե մեր իշխանությունների կամքից (որոնք, ըստ ամենայնի, դրա ակտիվ մասնակից են), այլ արտերկրում հանգամանքների փոփոխություններից։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը