Մեկնաբանություն

01.05.2020 09:40


Հակառակորդի ականանետային ահազանգը և մեր կորոնասուդային անցուդարձը

Հակառակորդի ականանետային ահազանգը և մեր կորոնասուդային անցուդարձը

Մինչ երկրի կառավարող վերնախավը, քաղաքականացված շրջանակները, առհասարակ, հասարակության մեծ մասը ապրում են վիրտուալ կամ աներևակայելիության հասցված անցուդարձով, իրական կյանքում արձանագրվում են շատ ավելի մեծ մտահոգության առիթ տվող իրադարձություններ:

Խոսքն, իհարկե, 2 օր առաջ Արցախի ՊՆ տարածած հաղորդագրության մասին է, որ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Մեր մարտիկները, բարեբախտաբար, որևէ կորուստ չեն կրել: Ի լրումն, հայկական ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Ինչո՞վ է հատուկ ուշադրության արժանի շփման գծում ոչ առաջին, ու, կարելի է չկասկածել, ոչ էլ՝ վերջին անգամ (ցավոք) արձանագրվող միջադեպը: Մանավանդ, մի իրավիճակում, երբ հայրենական լրահոսը, կարծես, գարնան միջնամասում խառնած մեղվաբույն լինի, այնքան որ՝ թե՛ բզզոցն ու իրարանցման աստիճանն են բարձր, թե՛ մեկը մեկից ցնցող դեպքեր են կատարվում, լուրեր տարածվում:

Բանն այն է, որ ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, 2019 թվականի հունիսից ի վեր սա ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետի կիրառման առաջին դեպքն է:

Այլ կերպ ասած՝ վերջին 10 ամիսների ընթացքում, հակառակորդը, որքան էլ որ իրեն «հանգիստ չի պահել», հրադադարի պայմանները խախտել է առավելապես հրաձգային զենքերից: Իսկ ապրիլի 29-ին, օրը ցերեկով, ինչպես ասվում է, կրակ է բացել 60 մմ-ոց ականանետերից:

Կրկնենք, սա, առհասարակ, ադրբեջանական կողմից ավելի «ծանր» զինատեսակ կիրառելու առաջին դեպքը չէ: Ավելին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում հակառակորդը աստիճանաբար, օրեցօր «ծանրացնում» էր մեր առաջապահ դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններում կիրառվող զինատեսակները:

Երբ վերջին միջադեպը դիտարկում ես արտաքին-քաղաքական, կոնկրետ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարությունների խորապատկերում, ապա որքան էլ որ դա ոմանց չափազանցված չթվա, հանգում ես ենթադրության, որ դա հակառակորդի կողմից ահազանգ կամ, կարելի է ասել՝ «ազդանշան» է:

Հասկանալի է, առաջին հերթին նկատի ունենք Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի վերջին հայտարարությունը՝ բանակցությունների սեղանին «փուլային» տարբերակի դրվելու մասին, դրան հակադարձ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը: Բնականաբար, չի կարելի անտեսել նաև ադրբեջանական կողմի վերջին հոխորտալի ձայնարձակումները, զուտ որպես փաստ:

Հազիվ թե գտնվի որևէ ողջամիտ հայրենակից, ով կասկածի, որ Արցախի հայության բնաջնջման մշտական ծրագրեր ունեցող ադրբեջանական կողմը, ցանկացած պահի կարող է դիմել ռազմական լայնածավալ գործողությունների հերթական արկածախնդրության, եթե համոզմունք ունենա, որ ա) «միջազգային հանրությունը» առնվազն մի որոշ ժամանակահատված ձայն չի հանի ու չի միջամտի, բ) կարող է ռազմական հաջողություն ունենալ:

Այս համատեքստում ամենից առաջ չեն կարող չանհանգստացնել մեր երկրի ընդհանուր ներքին-քաղաքական մթնոլորտը, հիմնական քաղաքական ակտորների պահվածքն ու հռետորաբանությունը, ներհասարակական տրամադրությունները: Սրանք էական գործոններ են ոչ միայն որևէ արտաքին ագրեսորի դիմակայելու, այլև, առհասարակ, որպես պետական ու հասարակական հավաքականություն որևէ արդյունք կամ առաջխաղացում ունենալու համար: Մանավանդ, այս կորոնավարակային կիսակաթվածքի պայմաններում:

Ներքաղաքական իրավիճակը, եթե կարելի է այդպես բնորոշել դիտարկվող վազվռտուքը, մեղմ ասած, բավականին տխուր ու հիասթափեցնող, անգամ՝ վանող տպավորություն է թողնում: Հիմնականում գործող իշխանության նախաձեռնությամբ, ավելի ու ավելի խորանում են տարանջատվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը, շարունակվում է իշխանափոխությունից հետո ընդգծված և անընդունելի «սև-սպիտակ» սորտավորման կեցվածքը: Ավելին, շարունակաբար գեներացվող վերբալ ագրեսիան արդեն դրսևորվում է իրական բռնության և բռնության սպառնալիքի տարբերակներով:

Թշնամին վերստին արկակոծում է հայրենիքի պարսպադարպասը: Գոնե դա պետք է որ քաղաքական տարբեր դեմքերի ու հատկապես իրադարձությունների բերմամբ պետության կառավարման պատասխանատու ու բարձր դիրքերում հայտնված անձանց սթափեցնի:

Կսթափեցնի՞: Սխալվելու մեծ ցանկությամբ, այնուհանդերձ կարծում եմ, որ՝ ոչ: Մինչդեռ ժամանակը չի սպասում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը