Լրահոս

30.04.2020 11:41


Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Թորոսյան

Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպքի գրանցումը մեկ օրվա ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության հերթական նիստում «վատ իմաստով ռեկորդային ցուցանիշ» անվանեց:

«Արհեստական շնչառության սարքերին միացված այս պահին ունենք 6 քաղաքացի, ծանր վիճակում՝ 17, ծայրահեղ ծանր՝ 59: Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ շատ թեթեև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը: Բայց այդ որոշումն ընդունելու օրը մենք պետք է հասկանանք, որ դա բերելու է նաև նոր դեպքերի ավելացման: Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,-ասաց Թորոսյանը:

Նա նաև հայտնեց, որ գրանցված նոր 134 դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում իրար հետ փոխկապակցված անձինք, ինչը հույս է տալիս ենթադրելու, որ աճի այս տեմպը հետագա օրերին հնարավոր է` նվազի:

Աճի աննախադեպ մեծ թիվը, Թորոսյանի խոսքով, դարձյալ հետևանք է հուղարկավորության անցկացման:

«Հուղարկավորությանը վարակված անձ է մասնակցել ու մյուսներին վարակել: Դրա համար դարձյալ պիտի կոչ անենք հնարավորության դեպքում հուղարկավորությունների չմասնակցել ու չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,-ասաց Թորոսայնը:

Հիվանդների թվի ավելացումը չի հանգեցնի սահմանափակումների խստացման: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ ծրագրվող ռեժիմի թեթևացումը մայիսի 4-ից ու տնտեսական որոշ տեսակների բացումը ներկա պահին դեռ մնում է ուժի մեջ: Բայց, ինչպես նշեց պարետը, ամեն ինչ կախված կլինի հետագա օրերին գրանցվող իրավիճակից:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 134–ով և դարձավ 2066։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 929 մարդ, փաստացի բուժվողները 1103–ն են, անցկացվել է 21 125 թեստավորում։ Մահացածների թիվը 32 է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը