Մեկնաբանություն

30.04.2020 12:15


Մի ուրվական է շրջում «թավշյա նոր Հայաստանում»՝ ինքնադատաստանի ուրվականը

Մի ուրվական է շրջում «թավշյա նոր Հայաստանում»՝ ինքնադատաստանի ուրվականը

Կրկեսի վերածված մեր հայրենիքում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ չես հասցնում ուշքի գալ։

ԱԺ քայլարած փոխխոսնակի՝ խորհրդարանի ամբիոնից ցուցադրած անմեղսունակության մաստեր-կլասը`երբեմնի դաշնակիցների նկատմամբ «լեզվական սամասուդը» դեռ չմարսած, «ավետիս» ստացանք, որ Գավառում օրեր առաջ սկսված արյունալի վենդետան` «սամասուդի» գործողությունը, որի հետևանքով երկու մարդ էր սպանվել, շարունակություն է ունեցել։

Մետաղաձողերով զինված մի խումբ «խաղաղ», դատելով ամենից` «թավշյա» և շատ հպարտ քաղաքացիներ ճեղքել են ոստիկանության օղակը (իշխանություններին «մոտ կանգնած» աղբյուրների ասելով` խոսքը 500 հոգու մասին է, ինչը սակայն, իշխանություններից «հեռու կանգնած» ընդդիմադիր շրջանակների համոզմամբ, այնքան էլ խելքին մոտ չէ` միջադեպի մասնակիցների թիվը ուռճացվում է ոստիկանների ոչ համարժեք արձագանքը`անգործությունը լղոզելու համար), ներխուժել հիվանդանոց, որտեղ բուժօգնություն էին ստանում «գավառական» ինքնաբուխ ռազբորկայից տուժածները, երկուսի կոկորդը կտրել, ևս մի քանիսին` վիրավորել։

Մինչ կհասցնեինք կուլ տալ «սամասուդի» չհակված քաղաքացիների վրա «շոկային» ազդեցություն թողած ցնցող նորությունը, տեղեկացանք, որ նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած ոչ արյունալի միջադեպի հերոսը`Էդմոն Մարուքյանին իրեն «հոգնած» ասելու համար «քաղաքական տրյապկա» անվանած և, ի պատասխան, «անբարոյականի վաստակի» բնորոշման արժանացած Ալենь Սիմոնյանը լեզվական «սամասուդից» սահուն անցում է կատարել ֆիզիկական ինքնադատաստանի. թևքերը քշտած` հարձակվել է «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա և վնասվածք հասցրել դիմածնոտային հատվածում, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է հիվանդանոցում։

Այս դեպքում ոստիկաններն իրենց «բարձրության» վրա են եղել. հուսալիորեն արգելափակել են հիվանդանոցի մուտքը` թույլ չտալով, որ տուժածի ընկերները, համախոհները և անգամ փաստաբանը`Ռուբեն Մելիքյանը, բարձրանան վերև և հարցնեն նրա որպիսությունը։ Պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ առանց դիմակի են... Փոխխոսնակի գործողություններն արժանացե՞լ են իրավապահների ուշադրությանը, թե՞ չէ` չգիտենք, բայց Դանիելյանը չի խուսափել սրանց ամենատես հայացքից. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ինչքան հասկացանք` «թավշյա» փոխխոսնակին հայհոյելու համար։

Չխորանանք`ով է արդար, ով մեղավոր, ով է նախահարձակ եղել, ով` պաշտպանվել, ով ում է սադրել, նորատուսցի «ջիգիթները» քանի՞ հոգով են ներխուժել հիվանդանոց և «սամասուդի» ենթարկել թշնամական կլանի ներկայացուցիչներին, ոստիկանապետը պե՞տք է հրաժարական տա իր ներկայությամբ կատարված խայտառակ միջադեպը չկանխելու համար, թե՞ մնա իր տեղում, ինչպես առողջապահության նախարարը պատասխան չտվեց դատարանի որոշումն առ ոչինչ հայտարարելու համար։

Կարևորը բուն փաստն է. այն, որ վարչա(հրամայա)պետ Փաշինյանի թեթև ձեռքով «սամասուդը»` առանց դատ ու դատաստանի մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, որ, ինչպես ինքն էր հպարտությամբ արձանագրում, «հեղափոխության օրերին» (թերևս, դրանից առաջ էլ) խորթ չէր հպարտ քաղաքացուն, իսկ այսօր առավել քան երբևէ մեծ պահանջարկ է վայելում «հեղափոխական նոր Հայաստանում», դառնում է մեր կյանքի անբաժանելի մասը, լինի դա քաղաքակա՞ն, քրեակա՞ն, թե՞ կենցաղային ինքնադատաստանի ձևով։

Երբ ԱԺ փոխխոսնակի պաշտոն զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս դիմացինին (ում հետ ճանապարհ է անցել), «քաղաքական տրյապկայի» պիտակ կպցնել, բռունցքները սեղմած`հարձակվել քաղաքական ընդդիմախոսի վրա, սա, ինչ խոսք, նոր խոսք է քաղաքական ինքնադատաստանի ասպարեզում։

Դե, իսկ երբ վարչապետի աթոռին նստած «3 միլիոն վարչապետներից մեկը» մեղավորներ է նշանակում և իր «ձեռքի» կամ գրպանի քննիչներին, դատախազներին, դատավորներին հրահանգում գործի դնել «սամասուդի» մեխանիզմը` սպառնալով ազատել գործից կամ վեթինգի ենթարկել, և այդքանը քիչ համարելով`մի բան էլ անհնազանդներին («շնաբարո դուրսպրծուկներին» և «հոխորտացող թափթփուկներին») տներից հանելու և հե՛նց փողոցում սամասուդի ենթարկելու, սատկացնելու թաքնված սպառնալիքներ հնչեցնում (ու ո՛չ մեկ անգամ, որ ասենք` լեզվի սայթաքում էր), սա արդեն իրոք «քաղաքակրթական նոր նշաձող» է։

«Քաղաքակրթական» այն «բարձր» նշաձողը, որի մասին Փաշինյանը հարթմնի երազում էր Ցեղասպանության 105-րդ տարելիցի «միջոցառումներին» նվիրված ժամկետանց լայվ-շոուի ժամանակ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը