Լրահոս

29.04.2020 17:54


Առաջին անգամ նորատուսցիները ծեծել էին գավառցիներին, հետո էլի ծեծկռտուք ու սա էլ շարունակությունն էր. մանրամասներ

Առաջին անգամ նորատուսցիները ծեծել էին գավառցիներին, հետո էլի ծեծկռտուք ու սա էլ շարունակությունն էր. մանրամասներ

NEWS.am-ի աղբյուրը պատմեց, որ Գավառի երեկվա միջադեպը հին պատմության շարունակություն է եղել. սկզբում տղաներն են միմյանց հետ կռվել, հետո արդեն խառնվել են նաեւ ծնողները։

Մեր աղբյուրը պնդեց, որ տեղի ունեցած դեպքերը որեւիցե կապ չունեն Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության հետ։

«Որոշ ժամանակ առաջ ինչ-որ վեճ էր եղել, ու այդ վեճը չէր փակվել։ Ու երեկ երկու ախպեր՝ Արմենն ու Խաչիկը, իրենց մեքենայով գալիս են համալսարանի մոտ ու էսպիսի միջադեպ է ստեղծվում երկու կողմերի միջեւ։ Էս ամենը հին կռվի շարունակություն էր։ Էն կռվի, որտեղ ընդհանրապես մեղք ու մասնակցություն չէին ունեցել ոչ քննիչը, ոչ էլ նորատուսցին։ Գավառում մի հատ ակումբ կար, որտեղ մի ամիս առաջ Խաչիկի տղան ընկերների հետ խմած կռիվ էր արել նորատուսցիների հետ, ծեծվել էին, դրանից հետո Գավառի հրապարակում կեսօրին Խաչիկի տղան մի 30 հոգով ծեծել էին 5 նորատուսցու, ու սա էլ շարունակությունն էր»,- պատմեց մր աղբյուրը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Արմեն Հայթյանը նախկինում դատապարտված է եղել։ Նա իր հոր սպանողի գլուխն է կտրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երևան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Այս խորագրի վերջին նյութերը