Քաղաքական

21.03.2011 17:57


Նախընտրական փուլում կարգելվի բարեգործությունը, կնկարահանվի ընտրական գործընթացը և ժամանակավոր կնիք կդրվի

Նախընտրական փուլում կարգելվի բարեգործությունը, կնկարահանվի ընտրական գործընթացը և ժամանակավոր կնիք կդրվի

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Ներկայացնելով փոփոխությունները՝ նա նշել է, որ այսօրվա օրենսգրքում հանձնաժողովները ձևավորվում են կիսակուսակցական սկզբունքով, այդ համակարգը շարունակում է գործել նաև ստորադաս կառույցներում: Այս մոդելը հնրավորություն չի տալիս արդյունավետ վարչարարություն իրականացնել, և այդ պատճառով առաջարկվում է փոխել մոդելը, որի համաձայն ԿԸՀ–ն և ԸԸՀ-ները կազմված կլինեն առավել մասնագիտական և արհեստավարժ սկզբունքով: Ըստ առաջարկության՝ ԿԸՀ-ն պետք է բաղկացած լինի 7 անդամից, որոնց 15 թեկնածուների կազմից նշանակում է ՀՀ նախագահը. յուրաքանչյուրը 5 անդամի ներկայացնում են ՄԻՊ-ը, Փաստաբանների պալատի նախագահը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Մասնագիտական մակարդակն ապահովելու համար առաջարկվում է սհմանել նաև չափորոշիչներ, մասնավորապես պահանջվում է, որ այդ 5 թեկնածուներին առաջադրելիս հաշվի առնվի առնվազն 1–ի իրավաբան լինելը և 1–ի կին լինելը:

Հանձնաժողովի նախագահների, տեղակալների և քարտուղարների ընտրությունն ամբողջությամբ վերապահվում է ԿԸՀ-ին, որը ստանձնում է ԸԸՀ-ի ձևավորման պատասխանատվությունը: Սրանից տարբերվում է ՏԸՀ-ների կազմավորումը, որը կատարվում է հետևյալ ձևով. մեկական անդամ՝ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, 1 անդամ՝ ԸԸՀ-ի նախագահի և 1 անդամ՝ ՀՀ նախագահի նշանակմամբ: Այսինքն ՏԸՀ-ն կազմված կլինի 7 հոգուց:

Անդրադարձ է կատարվել այն հարցին, որ ՏԸՀ-ի ղեկավար կազմը չէր արտացոլում քաղաքական ուժերի բաշխվածությունը, այդ իսկ պատճառով օրենքով ամրագրվում է, որ հանձնաժողովների նախագահները, տեղակալները և քարտուղարները պետք է բաշխված լինեն այնպես, որ արտահայտեն համամասնական հավասարությունը, այսինքն յուրաքանչյուր խմբակցության ներկայացվածությունը Ազգային ժողովում:

Ներառվել է նաև շատ վիճելի և վտանգավոր դրույթ՝ հանձնաժողովների անդամներին հետկանչը: Առաջարկվում է, որ եթե համապատասխան անձը ԸՕ-ն խախտում է, ապա նրան նշանակման ներկայացնողն իրավունք ունի դիմելու վերադաս հանձնաժողովին, այնուհետև նաև Վարչական դատարան, որ այդ անդամը փոխարինվի:

Հրապարակայնության վերաբերյալ է ընտրական ցուցակների հարցը: Ներկայացվող նախագիծն առաջարկում է, որ քվեարկությունից 30, 20, 10 օր առաջ և քվեարկության նախորդ օրը հրապարակվի ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

Հրապարակայնությանը վերաբերող երկրորդ հարցը ընտրությունների արդյունքների ամփոփման փուլն է: Նախատեսված է եղել, որ քվեարկության արդյունքները պետք է աղյուսակավորվեն: Այդ աղյուսակավորումը սկսվում է քվեարկության օրը՝ ժամը 24։00-ից ոչ ուշ:

Ֆինանսական հատվածին է վերաբերում  Հիմնադրամի ծախսերին առնչվող հայտարարագրի հարցը, որոնք ներկայացվում են քարոզչության սկսվելուց 10 օր և ընտրությունների ավարտից 6 օր անց:

Նախընտրական քարոզչությանն է  վերաբերում դահլիճների տրամադրման հարցը: Հաշվի առնելով փոփոխությունները՝ անվճար պետք է տրամադրվեն ոչ միայն պետական, այլև համայնքային դահլիճները:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ ընտրական քարոզչության ժամանակ շատ կարևոր է բարեգործության հարցը:

-Կան բազմաթիվ հարցադրումներ, որ բարեգործության անվան տակ իրականացվում է քարոզչություն, ուստի առաջարկվում է նոր մոտեցում, ըստ որի այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել կամ ասոցացվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների հետ, նրանք նախընտրական քարոզչության ժամանակ իրավունք չունեն իրականացնելու բարեգործություն,-նշել է Դ. Հարությունյանը:

Առաջարկվում է նաև ստեղծել վերստուգիչ ծառայություն, որը վերահսկելու է կուսակցությունների կամ թեկնածուների ֆինանսական միջոցները:

Նա նշել է, որ որոշակի անդրադարձ է կատարվել ընտրություններին կանանց ներգրավվածությանը, մասնավորապես՝ եթե գործող օրենքը նախատեսում է 15 տոկոս, ապա փոփոխված տարբերակով նախատեսվում է 20 տոկոս:

Թեկնածուների թվի հետ կապված՝ գործող օրենքը նախատեսում է, որ կարող են լինել ոչ այլընտրանքային ընտրություններ, երբ ընդամենը մեկ թեկնածու է գրանցված: Առաջարկվում է փոխել այդ կարգը, և եթե առաջադրվում է ընդամենը մեկ թեկնածու, ապա նշանակվում է նոր ընտրություն՝ մշտապես այլընտրանք ապահովելու հնարավորություն ունենալու համար:

Ընտրացուցակները վարող և քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամների միջև նախատեսվում է աշխատատեղ վստահված անձի համար: Տեղական դիտորդների վերաբերյալ առաջարկությունը բավական քննադատվել և քննադատվում է, այն է՝ տեղական դիտորդները պետք է իրավունք ունենան գտնվելու ՏԸՀ-ում, եթե ցույց են տվել, որ ԸՕ-ի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ունեն:

Փոփոխություններ են կատարվել նաև գործընթացի թափանցիկության հետ կապված բուն քվեարկության կարգում: Մասնավորապես, խոսքը տեսանկարահանման մասին է.

-Իհարկե, մենք պատրաստ չէինք, որ պետությունը ստանձնի բոլոր տեղամասերում նկարահանման իրականացումը: Մենք առաջարկել ենք այլ մոտեցում՝ յուրաքանչյուր վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ իրավուքն ունի անարգել տեսանկարահանել քվեարկության ողջ գործընթացը, մեկ բացառությամբ՝ եթե այն չի խախտում քվեարկության գաղտնիությունը,-ընդգծել է Դ. Հարությունյանը:

Վենետիկի հանձնաժողովի կողմից քննադատության է արժանացել անձնագրերում կնիք դնելու հանգամանքը, ինչի հետևանքով առաջարկվել է կնիք, որը ժամանակի ընթացքում անհետանում է:

Պարզելու համար, թե հանձնաժողովի որ անդամն է խախտում կատարել, ստորագրության փոխարեն, որը հաճախ բավական դժվար է լինում նույնականացնել, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կունենա անհատական կնիք և ստորագրության փոխարեն կդնի իր կնիքը:

ԸՕ-ի նախագծին կցված է նաև այլ օրենքների փոփոխությունների բավական մեծ փաթեթ, սակայն, ըստ Դ. Հարությունյանի, ամենակարևոր փոփոխությունները վերաբերում են պատասխանատվությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը