Մեկնաբանություն

21.03.2011 16:50


Երկակի ստանդարտներ

Երկակի ստանդարտներ

Այն, որ Լևոն Տեր–Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև որոշակի համաձայնություն ու պայմանավորվածություն է առկա, չի թաքցնում ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմը։

«Ազատ, բայց պատասխանատու» եթերը հեղեղված է լևոնական գովքով, իսկ Տեր–Պետրոսյանն էլ իր հերթին հնազանդորեն կատարում է հանրային լարվածությունը թուլացնելու, բողոքավորներին տուն ուղարկելու և իշխանության կայունության երաշխիքը լինելու գործառույթը։

Այլ խոսքերով ասած՝ Տեր–Պետրոսյանը հիմա դարձել է Սարգսյանի նորաթուխ հաճախորդը, բայց փորձում է քարոզչության ու իր զոմբիների միջոցով այլ պատկեր ստեղծել։ Այսպիսով ստացվում է երկակի ստանդարտ։

Այսպես. երբ 2003թ. ընտրություններից հետո Մատենադարանից մինչև «Նաիրի» կինոթատրոն հավաքված ժողովրդին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էր տուն ուղարկում ու հայտարարում սահմանադրական ճանապարհով պայքարը շարունակելու մասին, լևոնական մամուլը նրան ծաղրում էր ու տալիս «Ազգո»՝ իբր թե ազգընտիր, մականունը։ Դեմիրճյանին ձեռ էին առնում ու նշում, որ նա թույլիկ է։ Իսկ հիմա, երբ Տեր–Պետրոսյանն է տուն ուղարկում մարդկանց ու բռնում սահմանադրական կոչվածի ուղին, դա գնահատվում է որպես հմուտ ռազմավարություն։

Երբ 2008թ. Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե Լևոն Տեր–Պետրոսյանին քննադատում է, քանի որ ցանկանում է ապահովել ներիշխանական կայունությունը և առաջնորդվում է պետական շահով՝ լևոնականները նրան «դհոլ» որակումն էին տալիս։ Իսկ հիմա, երբ նույն բանն ավելի կեղտոտ ձևով անում է ՀԱԿ առաջնորդը, դա ձևակերպվում է որպես շախմատ խաղալ։

Երբ 2008թ. մարտի 1–ից մեկ օր առաջ Արթուր Բաղդասարյանը, դավաճանելով իր ընտրազանգվածին, միացավ Սերժ Սարգսյանին, լևոնականները նրան տվեցին «ախք» որակումը։ Իսկ հիմա, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը բացահայտ հայտարարում է, որ իշխանության հետ գնացել է քաղաքական գործարքի, դա գնահատվում է որպես արժանապատիվ համագործակցություն՝ իշխանության ու հասարակության մասնակցությամբ։

Իրականությունն այն է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ավելի ախքադհոլային քայլերի է դիմում, քան Ա. Գեղամյանն ու   Ա. Բաղդասարյանը միասին վերցրած, քանի որ ունենալով հանրային որոշակի լսարան և տալով տասը զոհ՝ նա այդ ամենը դարձնում է առևտրի առարկա ու մարդկանց գործիքի տեղ դնելով՝ նրանց մասնակից է դարձնում իր հաճախորդացմանը։

Մարտի 17–ի հանրահավաքը վերջնականապես բացեց նրանց աչքերը, ովքեր չէին պատկերացնում, որ կարող է նման բան պատահել։ Պատահե՛ց։ Շատերը հասկացան, որ ի դեմս Տեր–Պետրոսյանի գործ ունեն հերթական հաճախորդի հետ, ով իր հաճախորդացումը կազմակերպում է էջմիածնական միաբանների ոճով։ Այդքան բան։

Հիմա բոլոր նրանք, ովքեր դեռ կգնան «միաբանի» հետևից, թող իմացած լինեն, որ դարձել են Ս. Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքը և իրենց «վոժդի» հաճախորդացման գործիքը։

ՀԱԿ առաջնորդի հետևից կգնան նաև Բաղրամյան 26–ից հրահանգ ստացողներն ու ի պաշտոնե «լևոնական» գրչակները, ինչպես նաև Լևոնի տարած ու հետ բերած «վկաները»։

Եվ ուրեմն՝ պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջերս։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը