Հարցազրույց

29.04.2020 10:20


Լրատվամիջոցների հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարգանք են լրագրողների նկատմամբ. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

Լրատվամիջոցների հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարգանք են լրագրողների նկատմամբ. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

Ոչ մի անգամ որևէ մեկի դեմ որևէ բան թույլ չեմ տվել, որպեսզի տպվի մեր թերթում: Իմ թերթում տեղ գտած նույնիսկ քննադատությունները ենթարկվում են լուրջ ուսումնասիրության: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ԱԶԳ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն՝ ուղղված լրատվամիջոցներին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել: Հիմա չեն ստանում, դրա համար էլ կատաղած են:

Հակոբ Ավետիքյանը Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումները որակեց անարգանք լրատվամիջոցների նկատմամբ. «Ուրիշ երկրներում նման հայտարարությունները լուրջ հետևանքներ կունենային: Ասել՝ լրատվամիջոցների 99 տոկոսը ծախված են, սա անմեղության կանխավարկածի ոտնահարում է»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ամոթ է, չի կարելի նման բառեր օգտագործել: Մեր ամբողջ խորհրդարանը դարձել է «ա-յախոս», բայց չէ՞ որ մենք «է-ախոս ենք»: Նիկոլ Փաշինյանի խոսքում կան բազմաթիվ բառեր, որոնք հայերեն չեն, էլ չեմ խոսում՝ «սամասուդ» բառի մասին»:

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ նմանատիպ բառապաշարը հատուկ է քրեական ենթամշակույթին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողություններից՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ինձ համար անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի ճառը Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որը նաև ինքնագովազդի ճառ էր: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ այլ հնարավորություններ ունի իր կարծիքը ժողովրդին, աշխարհին ներկայացնելու, բայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը չի կարելի վերածել հանրահավաքի վայրի»:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ ոգեկոչման արարողությունը հիշեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաք:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը