Մեկնաբանություն

28.04.2020 13:40


Հիմա դուք աղքատ-հպաաաա՜րտ եք, թե՞ համ էլ՝ սոված-ծարավ

Հիմա դուք աղքատ-հպաաաա՜րտ եք, թե՞ համ էլ՝ սոված-ծարավ

Բա իմացա՞ք, սիրելի ընթերցողներ ու հատկապես՝ ընտրողներ, պարզվում է, որ Ազգային ժողովի իշխանական պատգամավորների շարքերում սոցիալապես անապահովներ կան: Այսինքն, ի՜նչ «անապահով» ուղիղ տեքստով՝ աղքատ:

Չեք հավատո՞ւմ: Լսեք ԱԺ փոխնախագահ, գործող իշխանության կարկառուն դեմքերից Ալեն Սիմոնյանին, ավելի շուտ, ծանոթացեք «Հրապարակին» նրա տված պատասխաններին (https://hraparak.am/post/b1d82906b202a20002745e5586602752):

Թղթակիցը հետաքրքրվում է, թե՝ ԱԺ «Իմ քայլը» (Փաշինյանի «քայլը», էլի) խմբակցությունում կարո՞ղ է դժգոհություն-մժգոհություն կա առ այն, որ մարտի պրեմիաները չեն ստանալու և փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին, գումարած՝ առաջիկա եռամսյակում էլ պրեմիա-մրեմիա չի լինելու: ԱԺ անզուգական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անուղղակիորեն հաստատում է, որ ինչ-ինչ խնդիրներ կան, ասում է. «Որևէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ, թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել»:

Բնական հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է ԱԺ պատգամավորը, ամիսը 500 հազար դրամ ռոճիկով ու մի էդքան էլ պարգևավճարով «սոցիալապես ի վիճակի չլինել»:

Հա, հատուկ ընդգծենք, որ ներկայումս շարքային պատգամավորի ամսական աշխատավարձը, այսպես ասած՝ «մաքուրով» հենց 500 հազար ՀՀ դրամ է: Ոչ շարքայինների՝ ԱԺ փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահների ամսական աշխատավարձի չափն ավելի բարձր է:

Բայց Ալեն Սիմոնյանը շարունակում է. «Մենք, ի տարբերություն նախկինների, օլիգարխների իշխանություն չենք, ոնց 2 տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա ևս շատ մարդիկ էդ վիճակում են»:

Այդպես էլ մղվում ես փաշինյանիզմներից մեկով ռեպլիկելու, թե՝ «Ալեն Սիմոնյան, աղքատությունը ձեր գլխի մեջ է...»:

Շարունակենք «ունկնդրել» ԱԺ մեր անկրկնելի փոխխոսնակին. ««Որպեսզի դուք, մնացյալը կարողանան բարձր աշխատավարձ ստանալ, երկրի, որևէ ֆիրմայի կառավարումը պետք է իրականացնեն արհեստավարժ մարդիկ, և որ պառլամենտական երկրի պատգամավորը ստանում է ընդամենը 800-900 դոլար, ես կարծում եմ` լուրջ մտածելու տեղիք պետք է տա»:

Իսկ դուք ասում էիք: Չնայած, վերջին արտահայտությանը համամիտ եմ, այս ամենն իսկապես էլ լուրջ մտածելու տեղիք պետք է տա: Օրինակ, այն ուղղությամբ, թե ժողովուրդ սիրելի, տեսնո՞ւմ եք, թե ում եք բերել ու իշխանություն կարգել, ցավոք, ոչ միայն ձեր գլխին: Ու առհասարակ, ինչ եք բերել երկրի ու հասարակության գլխին:

Բայց, այո՛, լուրջ կամ ավելի ճիշտ՝ լրջորեն մտածելու, խորհելու և ասելու շատ բան կա, որքան էլ դժվար է ԱԺ փոխխոսնակի մակարդակով արված ցինիկ, անգամ՝ անպատկառ արտահայտություններն առանց սարկազմի դիտարկել:

Առաջինը՝ ամսական 500 հազար դրամ աշխատավարձ ստացողին Հայաստանի պայմաններում շատ դժվար է բնորոշել որպես սոցիալապես անապահով:

Երկրորդը՝ ԱԺ պատգամավորները, «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավորները որ հաստատ, աշխատավարձից բացի, բավականին հաճախակի, գործնականում, գրեթե յուրաքանչյուր ամիս ստացել են նաև ռոճկաչափին համադրելի պարգևավճար կամ ինչպես վարչապետի աներորդի պատգամավորն էր ասել՝ հավելավճար: Թող լինի՝ հավելավճար: Աշխատավարձի հետ կազմում է արդեն 1 միլիոն ՀՀ դրամ: Ամեն ամիս: Ու դա՝ արդեն 1 տարի և առնվազն 3 ամիս շարունակ: Տարեկան կազմում է 12 միլիոն դրամի կարգի գումար:

Եթե ամսական կես միլիոն դրամ ստացողին «սոցիալապես անապահով» ասելիդ չի գալիս մեր երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձի չափը դրանից մոտ 10 անգամ ցածր է՝ 68 հազար դրամ, ապա ամիսը 1 միլիոն ու տարին 12 միլիոն դրամ եկամուտ ունեցողին առավել ևս չես կարող անապահով ասել: Լեզուդ կբոյկոտի:

Երրորդ՝ աշխատավարձից ու պրեմիա-հավելավճարից բացի, նրանք օգտվում են նաև մի շարք արտոնություններից, ոմանք՝ ծառայողական մեքենաներից (պետբյուջեի հաշվին), մեկնում են գործուղումների, ստանում են օրապահիկ (պետբյուջեի հաշվին): Այդ ամենը նշանակում է, որ ստացած աշխատավարձի մի մասը այլ ծախսերի անելու վրա չի գնում, ինչը ավելի է ընդգծում ամիսը 1 մլն դրամ եկամուտով «սոցիալապես անապահով իշխանական պատգամավոր» ձևակերպման անհեթեթ ու ծիծաղելի լինելը:

Չորրորդը՝ «ինչպես աղքատ եղել ենք 2 տարի առաջ», մինչև հիմա էդ օրին են ասվածի վերաբերյալ: Իրո՞ք: Թե՞ ոչ մի իշխանական պատգամավորի ծանոթ պետբյուջեից հատկացված միջոցներ տնօրինելու ոչ մի մրցույթ չի շահել: Լո՞ւրջ: Ասում եք՝ լո՞ւրջ: Է՜խ, գորգ լվալու տրամադրություն առաջացավ այդ «պատասխանից»...

Հա, մի բան էլ՝ «ժողովրդի ծառաներին» բարձր վճարելու վերաբերյալ: Դե, որ ասում են՝ պիտի իրենք բարձր վարձատրվեն, որովհետև իրենք արհեստավարժ են, և ինչպես ԱԺ մեկ այլ փոխխոսնակ խոստովանել էր՝ նվիրյալներ էլ չեն, ու այդ արհեստավարժությամբ այնպես են տքնում, որ մնացած բոլորն էլ բարձր վարձատրվեն:

Նախ, այդ ի՞նչ կամ ինչո՞ւմ են արհեստավարժ, որ ասում են, թե՝ աղքատ-սոված են եղել ու կան մինչ օրս: Եվ հետո՝ այդ որտե՞ղ են արհեստավարժ, կիսատ պռատ ու իրավական տարրական սկզբունքների վրայով անցնող օրենքի նախագծեր գրելու հարցո՞ւմ: Քայլաշեննե՜րն, անգամ ՍԴ դեմ հայտարարած իրենց «ջիհադի» նախագիծը չէին կարողացել մարդավարի ձևակերպել, «կրկին փորձեցին», էլի այն չէր: Եկել ու արհեստավարժությունից են ճամարտակում:

Լրիվ անեկդոտային վիճակ է.

-Քայլիկ, քայլիկ, շուտ արի նիստերի դահլիճ:

-Ինչի՞, պրեմիա են տալի՞ս:

-Հա, համ էլ սոված ես...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը