Կարծիք

27.04.2020 22:35


Երկու պապի, երկու քաղաքակրթություն և մեկ անհաջող ֆեյք իշխանություն

Երկու պապի, երկու քաղաքակրթություն և մեկ անհաջող ֆեյք իշխանություն

Վերջին օրերին երկու պապիների մասին պատմությունները դարձել են իմ լրահոսի անբաժան մասը:

Առաջինը հայ Արտյուշ Միրզոյանի պատմությունն է, ով Ապրիլի 24-ին օրվա գլխավոր հերոսն է դարձել: Իսկ երկրորդ պատմությունը բրիտանացի 99-ամյա կապիտան Մուրի մասին է:

Ինչպես հայտնի է, Ապրիլի 24-ին Արտյուշ պապիկը ցանկացել էր այցելել Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով նրան դա թույլ չտվեցին: Այս իրադարձությանը հետևեցին հասարակության տարբեր շերտերի սկզբունքորեն տարբեր արձագանքները:

Հասարակության մի մասը կարծեց, որ Արտյուշ պապիկն իսկապես օրվա հերոսն է, որ հենց նա, այլ ոչ թե վարչապետն իրենց փոխարեն ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդում:

Հասարակության մյուս մասն անմիջապես պեղեց Արտյուշ պապիկի հին նկարները, որոնցում նա պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի քարոզչական բուկլետով: Հաշվի առնելով Փաշինյանի իշխանության սերը հասարակությանը հրամցնել կեղծ պապիկներ ու տաիկներ («Աշոտի» «տատիկը», Ռոբերտ Աբաջյանի «պապիկը»), շատերը սկսեցին կարծել, որ Արտյուշ պապիկը հերթական իշխանական ֆեյքն է, և ատելության խոսքերով լցրեցին համացանցը:

Այլոք Արտյուշ պապիկի համար պենոպլաստե հուշահամալիր կառուցեցին, որպեսզի նա կարողանա հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (անկեղծ ասած, շատ վիճելի նախաձեռնություն):

Եվ վերջապես իշանությունը, տեսնելով համացանցային արձագանքը և հասկանալով, որ Արտյուշ պապիկը լայք է բերում՝ որոշեց գիշերվա ժամը 02:00-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ տանել պապիկին հուշահամալիրի մոտ:

Հաջորդ պատմության հերոսն է Երկրորդ աշխարհամարտի վետերան Թոմ Մուրը: Ըստ կապիտան Թոմ Մուրի, ով ամիսներ առաջ բժիշկների օգնությամբ ապաքինվել էր քաղցկեղից ու բարդ կոտրվածքից, մինչև իր 100-ամյակը պիտի տան շուրջ քայլելով անցներ օրական 10 շրջան, և արդյունքում նվիրատվությունների միջոցով հավաքեր 1000 ֆունտ: Իսկ հավաքած գումարն ուղղեր Բրիտանական Առողջապահության ազգային ծառայությանը (NHS):

Բայց ինչ-որ բան «սխալ գնաց»: Նվիրատվություններ կատարվեցին ավելի քան 450 հազար մարդու կողմից, և նա բժիշկների համար հավաքեց ավելի քան 28 միլիոն ֆունտ:

«Նրանք (NHS) արժանի են յուրաքանչյուր կոպեկի, որը ստանում ենք մենք»,-պատմում է Մուրը: Վետերանի դուստր Աննան պատմում է, որ կատարվածը գերազանցեց իրենց սպասելիքները:

Կառավարության ամենօրյա ասուլիսում Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը շնորհակալություն հայտնեց վետերանին. «Այսօր ես ուզում եմ հատուկ հարգանքի տուրք մատուցել կապիտան Թոմ Մուրին: Կապիտան Թոմ, դուք ոգեշնչում եք մեզ բոլորիս, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:

Կապիտան Թոմ Մուրը, ով ապրիլի 30-ին կդառնա 100 տարեկան, դրանից հետո դարձավ նաև երգիչ:

Մուրը կատարել է հայտնի «You’ll Never Walk Alone» ֆուտբոլային երգը: Երգը նրա հետ կատարել են նաև երգիչ Մայքլ Բալին և NHS-ի աշխատակիցները: Երգն այժմ Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող սինգլն է այս շաբաթ, և դրանից ստացած հասույթը կրկին կփախանցվի NHS-ին:

«Իմ թոռները չեն կարող հավատալ, որ ես երգիչ եմ: Այս ամենը միայն ապացուցում է, որ մարդը երբեք միայնակ չի մնում»,-ասում է Թոմ Մուրը, ում կյանքը երկու շաբաթվա ընթացքում կտրուկ փոխվել է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թոմ Մուրը մասնակցել է Հնդկաստանի և Մյանմարի մարտերին: Ճապոնիայի հանձնվելուց հետո նա մեկնել էր Սումատրա, իսկ այնուհետև որպես հրահանգիչ վերադարձել Անգլիայի ռազմական դպրոց:

Երբ ծանոթանում ես այս երկու պատմություններին, տպավորություն է ստեղծվում, որ դրանք տեղի են ունեցել տարբեր տասնամյակներում և տարբեր աշխարհներում: Սակայն իրականում այս ամենը տեղի է ունեցել մի քանի օրվա տարբերությամբ: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ Բրիտանիայի իշխանությունները «չփիարվեցին» տարեց կապիտանի պատմության հաշվին: Ինչո՞ւ Բորիս Ջոնսոնը կապիտանին չհռչակեց բրիտանացիների սրտերի պապիկ:

Այս հարցի պատասխանը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 27-ի առավոտյան իր ուղիղ եթերի ժամանակ: Եթե վարչապետի խոսքերն ընդհանրացնելու լինենք, ապա ստացվում, է, որ նախկինում Ապրիլի 24-ի իրադարձությունները իշխանություններն օգտագործել են փող աշխատելու համար (շատ հետաքրքիր դիտարկում մի անձի կողմից, ով պետական միջոցներից 105 հազար ծաղիկ է «դուրս գրում» այդ օրը), քաղաքացիներն էլ այցելում էին Ծիծեռնակաբերդ հատուկ այն բանի համար, որ ճանապարհին արևածաղիկ «չրթեն»:

Այսինքն, ընդամենը 3-4 րոպեում վարչապետը երկարամյա, տասնամյակների պատմություն ունեցող (իհարկե, որոշ կազմակերպչական թերություններ ունեցող) ավանդական քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ անվանարկեց և, գլոբալ առումով, պիտակավորեց որպես «հետամնացություն»:

Սրա հետ մեկտեղ նա ավանդական քայլերթին հակադրեց իրենց կողմից կազմակերպած լուսային շոուն, որն իր կողմից ներկայացվել է որպես գրեթե գեղարվեստական հրաշք: «Հրաշք»՝ առանց իրական մարդկանց ներկայության:

Հեղափոխության հիվանդություններից մեկը հենց այն է, որ իրենք փորձում են ջնջել նախկինից մնացած թե՛ լավը, թե՛ վատը, իսկ աշխարհի ի հայտ գալը թվագրում են իրենց իշխանության գալուց հետո:

Երբ նայում ես վարչապետի ուղիղ եթերը, հասկանում ես, որ ավելի շատ մենք ունենք ոչ թե անհոգատար հասարակություն, այլ թերզարգացած էլիտա:

Քաղաքական էլիտաները ունեն մի շարք գործառույթներ՝ կոնսոլիդացիա, կառավարում, կոնֆլիկտների չեզոքացում և այլն: Բայց կարևոր գործառույթներից մեկն այն է, որ էլիտան պետք է կրթի հասարակությանը: Իսկ հիմա հարց՝ արդյոք ներկայիս քաղաքական էլիտան ունի՞ որևէ բան տալու հասարակությանը, ինչը հասարակության զարգացվածության մակարդակը կբարձրացնի նոր աստիճանի, ինչի շնորհիվ կբարեփոխվեն մեր սոցիալական հարաբերությունները և ինչի շնորհիվ մարդկանց պատրաստակամությունը՝ հոգատար վերաբերմունք դրսևորել մերձավորի նկատմամբ, չի վերածվի իշխանահաճո էժան փիարի:

Իշխանական էլիտան ակնհայտորեն չունի վերը նշված տարրերը: Հետևաբար, այդ խնդիրը պետք է կարողանան լուծել իշխանական շրջանակներից դուրս գտնվող էլիտաները, որոնց գործողությունները մի քանի փուլի պետք է բաժանված լինեն, ինչի մասին կխոսենք հաջորդ հոդվածում:

Շարունակելի․․․

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը