Լրահոս

27.04.2020 15:55


ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Նախատեսում ենք 2020-2021 թթ․ ուսումնական տարում՝ սեպտեմբերի և հոկտեմբեր ամիսների շաբաթ օրերին ունենալ պահուստային օրեր։ Մենք քննարկում ենք նաև ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հարցը, սակայն այդ ամենը կախված է մայիս ամսվա՝ ուստարվա ավարտի ամփոփումներից։ Պահուստային օրերն անհրաժեշտ են մեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք բաց թողել, ինչպես նաև այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով ետ են ընկել կամ բաց են թողել որոշ դասընթացներ, կարողանան լրացնել դրանք»,- նշեց Հարությունյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Այս խորագրի վերջին նյութերը