Լրահոս

27.04.2020 15:48


Քոլեջներում և ուսումնարաններում չի անցկացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն (տեսանյութ)

Քոլեջներում և ուսումնարաններում չի անցկացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն (տեսանյութ)

ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում չեն իրականացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն, ինչպես նաև քննություններ, իսկ դպրոցներում չեն անցկացվի ավարտական 12-րդ դասարանի քննությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դպրոցներում ավարտական 12-րդ դասարանի քննությունները չեն իրականացվելու։ Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականներ կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա։ Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու` պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- ասաց նախարարը: Ամփոփումը կկատարվի, և ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը: Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություն չեն իրականացվելու։ Ամփոփումն իրականացվելու է նույն սկզբունքով, ինչ դպրոցական ավարտականների դեպքում։ Այս ուսումնական հաստատություններում ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ որոշումներն ընդունվել են անվտանգության նկատառումներից ելնելով, ամեն ինչ արվել է զորակոչի ընթացքը որևէ կերպ չխոչընդոտելու համար:

«Մի շարք որոշումներ կայացրել ենք այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ մենք չենք կարող խնդիր ստեղծել զորակոչի համար։ Մեզ համար առաջնային է եղել այն, որ զորակոչին վնաս չտանք։

Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին, Հարությունյանի խոսքով, հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Այս խորագրի վերջին նյութերը