Լրահոս

27.04.2020 14:20


Վարակվածը 60–ն անց կին է. մեկուսացվել են ընտանիքի 3 անդամները և բուժքույրը. Արտենիի բնակիչ

Վարակվածը 60–ն անց կին է. մեկուսացվել են ընտանիքի 3 անդամները և բուժքույրը. Արտենիի բնակիչ

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչը, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել 60–ն անց կին է, ժամանակին ֆերմայում աշխատել է, որպես կթվորուհի, սակայն երկար ժամանակ է առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չէր գնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենիի բնակիչներից մեկը։

«Ապրում է տղայի, հարսի եւ 2 շաբաթական թոռնիկի հետ։ Լավ ընտանիք են, նոր են եկել Արտենի։ Տղան էլ Ռուսաստան էր մեկնում աշխատանքի, բայց հիմա այստեղ է։ Որքան գիտեմ՝ շփման շրջանակն արդեն պարզվել է, բոլորը մեկուսացված են, այդ թվում՝ բուժքույրը, որն առաջին բուժօգնություն է ցուցաբերել, չնայած պաշտպանված է եղել՝ դիմակ, ձեռնոցներ»,ասաց նա։

Հարցին, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում, արդյոք ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում, բնակիչը պատասխանեց. «Ոստիկանությունը արտակարգ սրություն հայտարարելու սկզբին է շրջել, հայտարարել, որ մարդիկ պահպանեն սահմանված կարգը։ Այս պահին ուժեղացված ծառայություն չկա, գյուղապետարանի աշխատակիցներն են շրջում, իրազեկում են, որ մարդիկ դուրս չգան տներից»։

Նշենք, որ Արտենի գյուղը ընդգրկված է խոշորացված Արագածավան համայնքի կազմում։ Արտենիի նախկին գյուղապետ, այժմ Արագածավանի համայնքի ղեկավարի տեղակալ Գեւորգ Խլղաթյանը NEWS.am-ի հետ զրույցում չցանկացավ, որեւէ մեկնաբանություն տալ։

Այս խորագրի վերջին նյութերը