Քաղաքական

27.04.2020 14:00


Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու մեջ. փաստաբան

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու մեջ. փաստաբան

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

Նշենք, որ Առուստամյանն ապրիլի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է։ Սուքիասյանը հայտնեց, որ այսօր կամ վաղը վերաքննիչ բողոք է ներկայացնելու կալանավորման որոշման դեմ։

«Մոտ 10 տարի առաջ պայմանագրով, տոկոսով փոխառությամբ գումար է տվել 2 անձի, տարեկան 4%-ով։ Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են 2 անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն. մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը։ Պարտավորական իրավունք կա այստեղ, առկա է պայմանագիր»,-ասաց Սուքիասյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Առուստամյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է դեռեւս 2019 թվականի օգոստոս ամսին. «Դրանից հետո նրան չեն կանչել հարցաքննության ու հանկարծ ապրիլի 25-ին հրավիրում են հարցաքննության ու կալանավորում։ Այստեղ բացարձակապես իրավաբանություն գոյություն չունի, չկա իրավագիտակցություն»։

Անդրադառնալով համավարակի տարածման խնդրին նաև ՔԿՀ-ներում, Սուքիասյանն ասաց, որ Սեդրակ Առուստամյանը գտնվում է ռիսկային խմբում. «Առուստամյանը 60-ն անց է, ունի սրտի հետ կապված խնդիր, որի մասին մենք դատարանում բարձրաձայնել ենք»։

Նշենք, որ բացի այս քրեական գործից, Սեդրակ Առուստամյանին եւս 2 մեղադրանք էր առաջադրվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու համար. ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը)։

Մյուս քրեական գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը, որի շրջանակում Սեդրակ Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը