Մեկնաբանություն

27.04.2020 13:35


Անշուշտ, ադրբեջանական ԱԳՆ-ն թող «ռադը կշռի», բայց խնդիր, այնուամենայնիվ, կա

Անշուշտ, ադրբեջանական ԱԳՆ-ն թող «ռադը կշռի», բայց խնդիր, այնուամենայնիվ, կա

Աչքովս ընկավ նախօրեին տարածված այն լուրը, թե բա՝ «ադրբեջանական ԱԳՆ-ն հայկական կողմին խորհուրդ է տալիս ժողովրդին ճիշտը պատմել...»:

Իսկը՝ ո՛վ ինչի՛ց է խոսում: Խորհրդատուին տեսե՜ք: Բաքվի ֆաշիստախանական ռեժիմի ԱԳՆ-ն ավելի լավ կանի նախ ինքն ընդունի իրողություններն ու ճշմարտությունը, հետո Ալիև Իլհամին խորհուրդներ տա, հետո նոր միայն փորձի բերան բացել այլոց, առավել ևս՝ հայկական կողմերի ուղղությամբ:

Ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարությունը թշնամական կողմի դրսևորում է: Իսկ թշնամու ասածով կողմնորոշվելը ճիշտ չէ ոչ մի դեպքում, այս դեպքում՝ առավել ևս, իհարկե:

Այստեղ, գոնե տողերիս հեղինակի համար քննարկելի բան չկա: Ու թշնամական երկրի ԱԳՆ-ի հայտարարության վրա հիմնվելով ինչ-որ բաներ պնդելն էլ արմատապես սխալ և անընդունելի է:

Ի դեպ, նման գործելակերպ տարիներ շարունակ դրսևորել են Հայաստանի տարբեր ընդդիմադիր կերպարներ ու նաև քաղաքական-քարոզչական սուբյեկտներ: Նրանց մի շարք ներկայացուցիչներ, նկատեմ, այսօր իշխանության ղեկին են: Եթե հասցրել եք մոռանալ, արժե հիշեցնել, որ տարիներ առաջ բավական էր, որ Ալիևը կամ թեկուզ պրոադրբեջանական որևէ մեկնաբան անգամ ակնհայտորեն խառնակչական բան հայտարարեին, երբ հայկական ու Հայաստանում գործող որոշակի լրատվամիջոցներ այդ ամենն արագորեն տարածում էին, շրջանառում, դրա վրա հիմնվելով անվանարկում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, մեղադրանքներ ներկայացնում և այլն, և այսպես շարունակ: Ովքեր չեն հիշում, կարող են թեկուզ Ազգային գրադարանում ծանոթանալ որոշակի թերթերի անցյալի հրապարակումներին, քանի դեռ դրանք հետին թվով չեն վերախմբագրվել:

Այնպես որ, կարծում եմ, շատերիս ադրբեջանական ԱԳՆ-ի ինչ-որ «բլթոց» չէ, որ այս հարցում պետք է մտահոգի կամ մտահոգվելու առիթ տա:

Մտահոգիչն այլ բան է: Այն, որ խնդիր, ամեն դեպքում, կա: Մեծ հաշվով, խնդիրը Հայաստանի գործող իշխանության ղեկավարի՝ հակասական հայտարարություններն են: Իսկ կոնկրետ այս դեպքում խնդիրն այն է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկի՝ Ռուսաստանի նարկայացուցիչը՝ ԱԳ նախարարի մակարդակով հայտարարում է, որ քննարկվում է փուլային կարգավորման տարբերակը, իսկ մյուս երկու համանախագահները ոչինչ չեն ասում: Չեն նշում, օրինակ, որ միստր Լավրովը ճիշտ չի ներկայացնում վերջին շրջանի բանակցային գործընթացի բովանդակային կողմը: Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչները չեն հակադարձում Ռուսաստանի ԱԳ նախարարին:

Մենք տեսել ենք միայն մեր ԱԳՆ-ի հակադարձումը, ըստ որի նման բան չկա: Ու վերջ: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այլ դեպքերում, նույնիսկ ոչ նշանակալի առիթներով «ուղիղ եթեր» է մտնում ու առնվազն մի կես ժամ ելույթ ունենում, այս դեպքում լռեց ու թեմային գերադասեց հրապարակավ չմոտենալ: Ինչո՞ւ:

Չնայած, չէ, մի անհասկանալի «խմբագրական» անդրադարձ եղավ Փաշինյանի ընտանեկան թերթակայքում, այն էլ՝ թե՝ «բա Լավրովը նվեր է մատուցել Հայաստանի իշխանության ընդդիմադիրներին»: Էհ, մատուցե՞լ է, վերցրեք այդ «նվերը» ու փռեք ասֆալտին, ծեփեք պատին, թաթիկները կտրեք, ո՞վ է ձեռքներդ բռնել կամ «լայվներդ» կասեցրել:

Բա խոսեիք, բա արտահայտվեիք՝ ուղղակիորեն Սերգեյ Լավրովի ու նրա ասածների, ՄԽ մյուս համանախագահ երկրների ներկայացուցիչների լռության վերաբերյալ: Ի՞նչ է, մի ընդարձակված վերելա՞կ է պետք, Լավրովն էլ մեջը, որ ուղիղ հակադարձեք: Չնայած, Մյունխենում, Ալիև Իլհամին իբր ի՞նչ ասացիք, որ...

Թե չէ տարիների վաղեմության զուտ բանակցային ինչ-ինչ թղթերից ընտրողաբար ջոկած հատվածներ ով ասես՝ կարող է էկրանից թափահարել:

Հա, ինչ վերաբերում է «փուլայինին» կամ ավելի պարզ ասած՝ Հայաստանին միակողմանի ու ոչ մի բանի դիմաց զիջումներ պարտադրելուն: Բոլոր ժամանակներում էլ նման մղումներ եղել են միջնորդական տարբեր ծրագրերում: Եղել է, որ նաև քննարկվել են, բայց քննարկողներն այն ճկունությունն ու հաշվարկելու կարողականությունն են ունեցել, որ հարցը մշտապես դեմ է առել ադրբեջանական կողմի մերժողականությանն ու նույն միջազգային հանրության տվյալ ձևաչափում ապակառուցողական դրսևորվելուն (մեծ հաշվով՝ ճնշումը մեզանից հակառակորդի վրա շեղելու մարտավարություն է կիրառվել), իսկ առաջարկությունն էլ «գնացել» է արխիվային գզրոց:

Իրականում Հայաստանի վերջին երկու նախկին ղեկավարները ոչ մի դեպքում չէին գնալու ոչ մի նման անհեթեթ զիջման: Նրանցից ոչ մեկը, համենայն դեպս, չնստեց ու «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» բնույթի հոդված չգրեց՝ ի տարբերություն առաջին նախագահի, ում համար այդ հոդվածը, հանրագումարում հրաժարականի գին ունեցավ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը