Կարծիք

27.04.2020 16:17


Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 4-րդ

Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 4-րդ

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ, 2-րդ մասն՝ այստեղ, 3-րդ մասն՝ այստեղ։

Հանրության համար հասկանալի ու ընկալելի պետական քարոզչություն անելու համար պետք է ձևավորել պետական քաղաքականություն, որը հենվում է արտաքին, ներքին քաղաքականությունների ուղենիշների վրա և թիրախում ունենում է ազգային անվտանգության խնդիրները։ Երբ պետական քաղաքականությունը չի ունենում իրական հայեցակարգ, այլ սիտուատիվ է, ըստ առաջացած խնդիրների, չունի զարգացման հեռանկար, ապա հասարակությունը դառնում է ապակողնորոշված, ինչի հետևանքով ստեղծվում են ֆորսմաժորային իրավիճակներ։ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը կարելի է նման կերպ բնութագրել։

Սերժ Սարգսյանի շրջան

Ներքաղաքական վիճակ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ ներքաղաքական ու արտաքին քաղաքականության ծանր իրավիճակներում: 2008-ի «Մարտի 1»-ի իրադարձությունները ողջ կառավարման շրջանում «հետապնդում» էին նրան։ Ընդդիմության հիմնական թեզը նրա ոչ լեգիտիմ լինելն էր՝ մոռանալով, սակայն, որ ընտրակեղծիքների համակարգը ներդրվել է դեռևս 1995 թվականից և «գողին բռնիր» բացականչողները հիմնականում հենց այդ երևույթի հեղինակներն էին։

Մյուս առանձնահատկությունն այն էր, որ 1998-ից հետո, երբ «հայտնի ուժերը» իշխանությունից հեռացրեցին Տեր-Պետրոսյանին, քաղաքական էլիտան ճեղքվել էր և «հեռացածները» փորձում էին ռևանշի հասնել՝ վերադառնալ իշխանության, դրանով վերականգնելով «արդարությունը» կամ «սահմանադրական կարգը»։

Ներքաղաքական կյանքում վեճի առարկան ոչ թե երկրի զարգացման ընթացքն, այլ հիմնականում պոպուլիստական մեղադրանքներն էին, ինչպիսին էր, օրինակ, «հայաստանցի-ղարաբաղցի» թեզը, ինչի վրա քաղաքական օրակարգ հնարավոր չէր կառուցել, սակայն հնարավոր էր հասարակության մեջ բաժանարար գծեր գծել։ Մյուս կողմից ընդդիմությունը չուներ հասարակության մեջ առկա սոցիալական արդարության պահանջը բավարարելու հայեցակարգային առաջարկներ։

Օլիգարխները, բանտերում մարդկանց կտտանքների ենթարկողները, անօրինակ հարստություն դիզածներն ու կոռուպցիոներները ներկա էին տարբեր ճամբարներում, այդ թվում նաև հիմնական ընդդիմադիրների մեջ, ինչն անվստահություն էր առաջացնում հասարակության շրջանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մի զգալի հատվածի հանդեպ։ Հայաստանում քաղաքական համակարգն օտարված էր հանրությունից, ինչը պետք է ունենար իր հետևանքները, և ունեցավ։

Արտաքին քաղաքականություն․ Արտաքին քաղաքականության մեջ նույնպես լուրջ ջրբաժաններ էին կառուցվում։ Հիշենք, որ նույն 2008-ին, «Մարտի 1»-ից ամիսներ անց՝ օգոստոսին, տեղի ունեցավ ռուս-վրացական զինված հակամարտությունը, ինչի արդյունքում Վրաստանը ընդգծված հակառուսական դիրքերի վրա հայտնվեց, խզվեցին այդ երկրների դիվանագիտական հարաբերությունները։ Վրաստանը Ռուսաստանի հետ Հայաստանի համար հիմնական կոմունիկացիաներն է ապահովում, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվեց չափազանց ծանր վիճակում։ Մեծ խնդիրներ առաջացան նաև ռազմական մատակարարումների հարցում, ինչը չափազանց լուրջ հետևանքներ կարող էր ունենալ։

Ըստ էության, խորացավ Հայաստանի շրջափակումը, ինչն իր հետևանքներն ունեցավ։ Հայաստանը ստիպված էր վարել «լարախաղացի քաղաքականություն»՝ բալանսավորված քաղաքականություն հակամարտող կողմերի միջև, երբ ցանկացած աջ կամ ձախ թեքում կարող էր ճակատագրական լինել։ Հիշենք, որ այն ժամանակվա հիմնական ընդդիմություն հանդիսացող Տեր-Պետրոսյանը դատապարտեց Վրաստանին, ինչը փակեց նրա առջև Արևմուտքի դռները, սակայն իշխանությունը նման «ճոխություն» չէր կարող իրեն թույլ տալ։

Հետագայում, երբ տեղի ունեցան ուկրաինական դեպքերը, Հայաստանի «լարախաղացի քաղաքականությունը» ավելի մեծ ճկունություն էր պահանջում թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական հարցերում։ Ֆիքսենք, որ «Մինսկի խմբի» համանախագահներն են և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքի երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչն ավելի էր բարդացնում արտաքին քաղաքանության ուղենիշների որոնման հարցը։

Պետք է հիշել նաև 2007 թվականին Մյունխենում Պուտինի ունեցած հայտնի ճառը, որտեղ նա հայտարարեց Ռուսաստանի «ինքնիշխանության» մասին և կասկածի տակ դրեց միաբևեռ աշխարհի ապագան։ Դրանով Արևմուտքն ու Ռուսաստանը մտան կոշտ հակամարտության փուլ, արդեն ապագա աշխարհակարգի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների հիման վրա։

Սերժ Սարգսյանը փորձում էր միանգամից նստել երկու աթոռի վրա։ Արտաքին քաղաքականության մեջ փորձում էր վարել բալանսավորված քաղաքականություն, ունենալ տանելի հարաբերություններ Ռուսաստանի ու Վրաստանի հետ, լինել ընդունելի Արևմուտքի համար։ Նույնը երկրի ներսում էր փորձում անել։

Ներքաղաքական կյանքում ընդդիմության հետ վարում էր «երկխոսություն», փորձում էր բոլոր քիչ, թե շատ ազդեցություն ունեցող խմբավորումների հետ կառուցել հարաբերություններ։ «Մարտի 1»-ի գլխավոր դերակատարներին, ովքեր բանտերում էին, ներում էր շնորհում, հետո նրանք հայտնվում էին կամ խորհրդարանում, կամ էլ պետական, ու դիվանագիտական պաշտոնների էին նշանակվում։ Խորհրդարանի Հանրապետական ֆրակցիայում ներգրավվում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այնտեղ տեղ ունեին նաև օդիոզ դեմքեր՝ ռազմական ու օլիգարխիական շրջանակներից։ Դա բոլորին բավարարելու քաղաքականություն էր։ Օրինակ, 2012-ի խորհրդարանում կային 6 ֆրակցիա և անկախ պատգամավորներ։ Ֆրակցիաներն իրենց հերթին ունեին տարբեր ուժերի ու կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այսինքն ֆրակցիաներն իրենց հերթին նույնպես ֆրակցիաներ էին, ինչն արհեստական երևույթ էր։ Փաստորեն Հայաստանի քաղաքական ուժերն իրենցից «մատրյոշկաներ» էին ներկայացնում, ինչի պարագայում լուրջ քաղաքական գործունեություն իրականացնել հնարավոր չէ։ Այդ խորհրդարանական «բորշը» չէր կարող քաղաքական դիմագիծ ունենալ, սակայն արտահայտում էր Սերժ Սարգսյանի շրջանի քաղաքականության դիմագիծը։

Քարոզչություն․

Սերժ Սարգսյանի լուրջ բացթողումը պետական քարոզչության ոլորտում էր, որի հետևանքով նրա քայլերն ու քաղաքականության տրամաբանությունն անհասկանալի էին հանրության լայն շերտերի համար։ Դա տարաբնույթ պոպուլիստների առջև ճանապարհ էր բացում։

Իշխող Հանրապետական կուսակցության ծրագիրն ու գաղափարախոսությունը նույնպես էկլեկտիկ բնույթ ուներ։

Հասկանալի է, որ վերը թվարկած իրավիճակներում Սերժ Սարգսյանին մնում էր վերցնել պահպանողական գիծ, որն իր էությամբ իներտ գաղափարախոսություն է, և խաղալով ազգային զգացմունքների ու կաղապարների վրա՝ փորձել միավորել ում որ հնարավոր է։ Այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը, պետք էին ռիսկային ու ստեղծագործական քայլեր, շատ դեպքերում նախահարձակ քայլեր և բոլորին բավարարելու քաղաքականությունը չէր կարող լուրջ արդյունքներ ունենալ։

Իշխանությունը չէր կարողանում լուծումներ գտնել, իսկ օդիոզ ու հանրության համար անընդունելի կերպարների ներկայությունը խորհրդարանում ու պետական կյանքում ավելի էր խորացնում հանրային դժգոհությունը։ Մյուս կողմից իշխանությունը չէր կարողանում հանրությանը ներկայացնել այն իրական խնդիրները, որոնց առջև հայտնվել էր երկիրը և բացատրել իշխանության քայլերի տրամաբանությունը, որոնք շատ դեպքերում պարտադրված էին, այլ ոչ թե ազատ որոշման արդյունք։

Լինել բոլորի համար ընդունելի նույնն է, թե ոչ ոքի համար չդառնալ ընդունելի։ Սերժ Սարգսյանի իշխանության շրջանը հատկապես բացահայտեց պետական քաղաքականության ու պետական քարոզչության կարևորությունը հանրության համար։ Թե որքանով այդ դասը կըմբռնվի ու կհասկացվի Հայաստանի քաղաքական ուժերի ու ապագա իշխանությունների համար, դժվար է ասել։ Առայժմ մենք պոպուլիզմի հաղթարշավ ենք տեսնում։ Այսինքն՝ դասեր չեն քաղվել։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը