Կարծիք

25.04.2020 16:59


Սա ծայրից ծայր հակապետական և անարխիստական մի բեմականություն էր

Սա ծայրից ծայր հակապետական և անարխիստական մի բեմականություն էր

Հարևաններիցս մեկն այսօր առաջարկեց ինչ-որ կերպ (սնունդ, գումար և այլն) աջակցենք երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ ցանկացող այն ծերունուն։ Ճիշտն ասած՝ լռեցի, չարձագանքեցի։ Եվ այս երկու օրն էլ լուռ հետևում էի այդ մարդու շուրջ զարգացող իրադարձություններին ու բորբոքվող կրքերին։ Բայց երևի ոչ թե լռել, այլ ասել է պետք այն, ինչն իմ համոզմամբ տեղի է ունեցել իրականում։

Արար առաջին։ Ժողովրդի ցավն ու մրմուռը սրտում պահած, բարետես ու քաղցրաբարբառ ծերունին, չնայած իր պատկառելի տարիքին, գալիս և ոտքով ուզում է բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք։ Բայց, օ՜ աստվածներ, նա բախվում է չար ոստիկանության պատին։ Գրեթե ենիչերական սառնասրտությամբ օրենքի պաշտպանները ժամերով նայում են, թե ինչպես է խեղճ ծերունին թրջվում անձրևի տակ, բայց միևնույն է աներեր են մնում և այդպես էլ թույլ չեն տալիս նրան ծաղիկ խոնարհել անմար կրակի մոտ։

Արար երկրորդ։ Սկսվում է պապիկի և հանիդսատեսի երկխոսություն, որի ավարտին ծերունին դառնում է մեր ժողովրդի, նրա հույզերի ու մեծ սիրո մարմնավորումը։ Ի դեմս այդ ծերունու, մարդիկ սկսում են տեսնել Դեր Զորի անապատները քշված իրենց նախնիներին։ Իսկ օրենք պահող ոստիկանները, բնականաբար, հիշեցնում են ոչ ավել ոչ պակաս, եղեռնագործ մեր թշնամիներին։ Կրքերը թեժանում են, արթնանում են ազգի խիղճն ու կամքը։

Անտրակտ։ Մարդիկ այդ ընթացքում մտածում են տեսածի ու լսածի մասին։ Փորձում հասկանալ ամեն ինչ, բայց չեն կարողանում՝ գլխներում չի տեղավորվում։

Արար երրորդ։ Ժողովուրդը սկսում է մխիթարել ծերունուն։ Հույզերը խեղդում են մարդկանց։ Նրանք Ծիծեռնակաբերդի մակետ են կառուցում, պապիկին տանում այնտեղ՝ ծաղիկ դնելու։ Ծերունին խաչակնքվում է այդ մակետի դիմաց։ Կուլմինացիա։ Թվում է, թե ելք չկա և ամեն ինչ արդեն կորսված է, բայց հայտնվում է նա՝ պողոսների ալֆան ու օմեգան և հնչեցնում ավետիսը՝ պապիկը պետական ուղեկցությամբ գնում է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Ազգի խիղճն ու արդարությունը հաղթում են չար ոսոխին՝ օրենք և կարգուկանոն պահպանող ոստիկաններին։

Վարագույր։

Հիմա... Ասացեք խնդրեմ՝ ինչի՞ մասին էր այս ներկայացումը։ Ո՞րն է դրա բարոյախոսությունը։ Ըստ իս, այն, որ օրենք պահող ոստիկանը չարիք է։ Իսկ այդ ոստիկանին՝ իր օրենքով հանդերձ հաղթողը, փրկիչ։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, բայց սա ծայրից ծայր հակապետական և անարխիստական մի բեմականություն էր, որի չար հերոսը օրենքի ծառաներն էին, իսկ բարի հերոսը՝ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիմա ինձ առաջարկում են օգնել Պապիկին։ Դեմ չեմ։ Բայց սկզբից եկեք մտածենք, թե ոնց ենք փրկում մեր պետությունը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը