Մեկնաբանություն

25.04.2020 17:25


Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակը և հարգանքի իրական տուրքը

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակը և հարգանքի իրական տուրքը

Մինչ երեկ շատերի ուշադրությունը գրավել էր նույն այդ շատերի վրա օրվա վերջում բեմադրության տպավորություն թողած պատմությունը, օրվա մեկ այլ կադր շատ ավելի խոսուն էր, ըստ իս, ու բազմապատիկ ազդեցիկ:

Ըստ էության՝ քաղաքական հետապնդման ենթարկվող և գործնականում շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող ԼՂՀ առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ էր տեղադրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հանրությունը տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ, որի հետ զետեղվել էր փաստն արտացոլող լուսանկարը https://www.facebook.com/presidentrobertkocharyan/photos/a.238995933425451/569326990392342/?type=3&theater):

Հնարավոր է, որ լրացուցիչ անդրադարձի կարիք չլիներ: Բայց ուշադրություն գրավեցին նշված գրառման տակ եղած մեկ-երկու ընդգծված չարակամ ու իշխանության եկած շրջանակների կողմից տարիներով սերմանած անձնավորված ատելության միֆերն արտացոլող արձագանք: Դրանք առավել ևս աչք էին ծակում միանգամայն նորմալ բազմաթիվ արձագանքների շարքում: Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրով, ինչ-որ անձինք չէին զլացել անպայման իրենց չարությունն ու մաղձն արտանետել: Ու ի՛նչ առիթով:

Մինչդեռ, երբ նայում ես թե՛ ոչ վաղ անցյալի, թե՛ առկա իրողություններին, ապա մեր պետության նախկին ղեկավարների շարքում առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է, որ նաև կատարած պարտքի որոշակի զգացմամբ կարող է խոնարհվել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եվ թեկուզ իր անունից տեղադրված ծաղկեպսակը այն տպավորությունն է թողնում, որ ասես՝ անձամբ էր եկել ու այդպիսով իր հարգանքի տուրքը մատուցել:

Այնուհանդերձ, արժե որոշ իրողություններ հիշեցնել, հատկապես այսօր աջուձախ ցեխարձակող ոմանց: Արժե, որովհետև կյանքն ապացուցում է, թե որքան կարճ և «ընտրողական» կարող է լինել որոշակի սևեռմամբ տարվածների հիշողությունը:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Դա 1998-ին էր, եթե ոմանք հասցրել են մոռանալ:

Ավելին, Ռոբերտ Քոչարյանն է եղել Հայաստանի այն ղեկավարը, ում պաշտոնավարման շրջանում որդեգրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման արտաքին-քաղաքական ուղեգիծը: Մի քաղաքականություն, որի համար Ռոբերտ Քոչարյանին խստորեն, կասեի՝ անխնա քննադատում էին հատկապես նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական ու քարոզչական արբանյակները: Մի քաղաքականություն, որը ոչ միայն քննադատական, այլև ծաղրական ակնարկների էր արժանանում այսօր իշխանության եկած ամբոխահաճական շրջանակների ու ներկայացուցիչների կողմից:

Բայց հիշողը չի մոռանա, որ հենց այդ շրջանում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման ժամանակ՝ 1998-2008թթ. միջակայքում էր, որ մի նոր թափով ծավալվեց աշխարհի բազմաթիվ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ալիքը: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքական ակտեր ընդունեցին Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Իտալիան, Սլովակիան, Լեհաստանը, Լիտվան, Նիդեռլանդները, Վենեսուելան, Չիլին, ընդհանուր առմամբ՝ 13 պատություն, և միջազգային 6 կազմակերպություն, այդ թվում՝ Եվրոպական խորհուրդը:

Դա, ի՞նչ է, ինքնըստինքյա՞ն էր տեղի ունենում: Ոչ, և կրկին՝ ոչ: Դա տեղի էր ունենում նաև այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության արտաքին-քաղաքական օրակարգում էր դրված, և մեր երկրի պետական կառույցները, դինվանագիտական կորպուսն աշխատանք էր տանում այդ ուղղությամբ, հասկանալի է՝ Սփյուռքի կառույցների հետ համատեղ:

Եվ, էլ ո՞վ տեղ ուներ, թեկուզ հեռակա կարգով, իր անունից երեկ ծաղկեպսակ ուղարկելու Ծիծեռնակաբերդ, եթե ոչ հենց հանիրավի բանտարկված Ռոբերտ Քոչարյանը:

Մի պահ էլ կա:

Արցախի հիմնախնդիրը, այսինքն այն, որ Արցախը, այն էլ՝ անկլավի տեսք տրված ԼՂԻՄ-ի տարբերակով, ամբողջ 7 տասնամյակ մտցվել էր սովետական Ադրբեջանի կազմ, մեծ հաշվով ու որոշակի առումով նաև Հայոց ցեղասպանության հետևանք է: Եվ պատահական չէ, որ ադրբեջանական հրոսակը հիմնախնդրի լուծումը տեսնում էր ու մինչև հիմա էլ պատկերացնում է Արցախի հայության բնաջնջման տարբերակով:

Նրանց այդ հակամարդկային ծրագրերը ձախողվեցին թե 28-30 տարի առաջ, թե նաև 4 տարի առաջ, թե ձաղողվելու են հետագայում: Բայց 1992-ի ամռանը հակառակորդը բավականին մոտ էր իր արյունարբու ծրագրի իրականացմանը: Եվ ահա այդ ծանր շրջանում հենց Ռոբերտ Քոչարյանն էր, որ ստանձնեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի՝ Արցախի փաստացի ղեկավարի պատասխանատվությունը և անուրանալի դերակատարում ունեցավ պատերազմի ընթացքը բեկելու, նորանոր հաղթանակների հասնելու և ի վերջո, հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Նա, որպես պետական գործիչ, կարելի է ասել, իր կարողությունների չափով ներդրում ունեցավ Ցեղասպանության հետևանքներից մեկը գործնականում վերացնելու գործում, վկա՝ Արցախի հայոց պետականությունը:

Եվ հիմա, երբ բավականին տագնապահարույց հայտարարություններ են շրջանառվում Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացում քննարկվող խնդիրների շուրջ, համարեք, որ Ռոբերտ Քոչարյանի անունից Ծիծեռնակաբերդում տեղադրված ծաղկեպսակը ոչ միայն հարգանքի տուրք է մեր սրբադասված նահատակներին: Ոչ միայն հարգանքի իրական տուրք է: Ըստ իս, դա նաև անուղղակի, բայց ազդու հիշեցում է Արցախի հետ կապված: Հիշեցում, որ ով էլ լինի, սայթաքելու կամ տեղի տալու իրավունք չունի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը