Մեկնաբանություն

24.04.2020 14:15


Հիշում եմ և... գործում, որպեսզի իրականացնեմ այն, ինչ պահանջում էի

Հիշում եմ և... գործում, որպեսզի իրականացնեմ այն, ինչ պահանջում էի

Այս օրերին բավականին արծարծվեց «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի փոփոխության փորձը: Առավել տարօրինակ էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հաստատված ու շրջանառվող կարգախոսը պարզապես «Հիշում եմ»-ի խմբագրելու նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից էր գալիս: Հանրային արձագանքը համարժեք էր իրավիճակին, և այդ նախաձեռնությունը, կարծես, մարեց:

Բայց հարցն այդ չէ սոսկ: Ճիշտ է, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը նույնպես խորհելու տեղ տալիս է: Ամեն դեպքում, այն հնարավորինս մոտ է հայության ընդհանուր կամ տիրապետող ընկալմանը: Այն առումով, որ ոչ միայն հիշում ենք, թե ինչ է կատարվել, ով և ինչու է իրականացրել Հայոց ցեղասպանությունը, այլև պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել արդարության վերահաստատում:

Իսկ խորհելու պարագան, կարծում եմ, պարզ է: Նախ, հիշելու մասին: Այստեղ երևի նույնիսկ քննարկելու բան չկա, որովհետև էլ ո՞վ ես դու, եթե չես հիշում: Ոչ միայն Ցեղասպանության մասին չես հիշում, այլ, առհասարակ, չգիտես քո իսկ ժողովրդի պատմությունը, քո իսկ նախնյաց անցյալն ու գործերը: Ո՞վ ես, եթե չես հիշում: Այնպես՝ կենսաբանական օրգանիզմ, մանկո՛ւրտ:

Հիմնականը պահանջելու պահն է: Ու դա կարևոր է այնքանով, որ ենթադրում է պայքար, գործունեություն, նպատակայնույթուն ու նպատակին հասնելուն ուղղված գործողությունների ծրագիր: Բայց այստեղ էլ նրբություններ կան:

Պահանջելը, սովորաբար, ենթադրում է, առնվազն երկու իրավիճակ: Մեկը, երբ պահանջատերը հիմնվում է իրավունքի (տվյալ դեպքում՝ միջազգային իրավունքի), անհերքելի փաստերի և իրողությունների վրա: Մյուսը, երբ պահանջատերը հիմնվում է ոչ միայն վերը ասվածի, այլև իր զորության, իր ուժի, իր կշռի վրա: Երկու դեպքում էլ, իհարկե, պահանջելը ենթադրում է որևէ սուբյեկտ, որին էլ պահանջը ներկայացվում է: Դա կարող է լինել միջազգային որևէ ատյան, դա կարող է լինել պարզապես երկրորդ կողմ:

Հարց է ծագում, թե մենք՝ հայերս, ումի՞ց ենք ինչ պահանջում: ՄԱԿ-ի՞ց, միջազգային դատարանի՞ց, գերտերությունների՞ց, թե՞ Թուրքիայից: Անցած հարյուրամյակը, կարծես, հուշում է, որ թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում պահանջները, անկախ այն բանից, թե որքանով են հիմնավորված, որքանով են հենված անբեկանելի իրողությունների վրա, մեծ հաշվով, ոչինչի չեն հանգեցնում:

Մի փոքր շեղվելով՝ կարելի է, օրինակ, նկատել, որ տասնամյակներ շարունակ ամերիկահայությունը ԱՄՆ իրարահաջորդ նախագահներից պահանջում է Հայոց ցեղաբպանության ճանաչում և դատապարտում: Դրա վրա նշանակալի մարդկային, կազմակերպչական, նաև՝ նյութական ռեսուրսներ են ծախսվում: Եվ՝ ի՞նչ: Ենթադրենք, թե մի օր, առավելապես սեփական՝ ԱՄՆ պետականության շահերից կամ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, Միացյալ Նահանգների որևէ նախագահ Ապրիլի 24-ին ոչ թե «Մեծ եղեռն» է բնորոշում մեր ազգի հայրանեզրկումն ու սիստեմավորված բնաջնջման հանցանքը, այլ ասում է հենց Ցեղասպանություն: Ո՞րն է հաջորդ քայլը:

Ենթադրենք, թե մի օր, կոնկրետ Իսրայելը, իր և թուրքական պետության հարաբերություններում ինչ-որ բան ստանալու կամ պոկելու հաշվարկով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Դրանից մեր պահանջի հարցը լուծվո՞ւմ է:

Անհնար է, բայց մի պահ ենթադրենք, որ թուրքական կառավարությունն է ներողություն խնդրում ու ճանայում իր նախորդի՝ մարդկայնության դեմ գործած և վաղեմության ժամկետ չունեցող ոճիրը: Վե՞րջ, ընդունում ենք ներողությունն ու, ինչպես շարունակ աջուձախից զանազան օտարներ հուշում են՝ «ապագային նայելով շարժվում առա՞ջ»:

Կներեք, քանի՞ գրոշ արժե անցյալից ու հիշողությունից անդամահատված ապագան:

Մի՞թե ցեղասպանված մեր մեծերից շատերն էլ ապագային չէին նայում, նույն Թուրքիայում, նույն երիտթուրքերի հետ, ասենք, 1908-ին, նաև՝ դրանից ու նույնիսկ Ադանայի ջարդերից հետո: Եվ ինչի՞ հասան:

Եվ նկատենք, որ մեր այդ նախնիները, անցյալի շատ ու շատ գործիչները իրենց ինտելեկտով, պատրաստվածությամբ ու աշխարհընկալմամբ հաստատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան ժամանակակից բազմաթիվ գործիչներ:

Կարճ ասած՝ «Հիշում եմ ու պահանջում»: Այո՛: Բայց պահանջելու իմ ընկալումը այլ է: Պահանջել, առաջին հերթին նշանակում է հզորանալ, զարգանալ թե՛ գիտակրթական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումներով: Այնպես ու այն կարգի, որ ցանկացած պահի պատրաստ լինես ներկայացնել արդար պահանջդ այնպես, որ դիմացինը չունենա այլ տարբերակ, քան այդ պահանջն ընդունելը:

Ընդսմին. արդարությունը ոչ թե պահանջում են, այլ հաստատում:

Իսկ դրա համար պետք է ոչ թե խարխլել վերջապես վերականգնած սեփական պետականությունը, այլ ուժեղացնել այն: Իսկ դրա համար պետք է շարունակաբար ուժեղացնել մեր բանակը, պետք է արդիականացնել ու ազգային հենքի վրա պահել մեր կրթությունը, այլ ոչ թե այն փռել օտար և արատներ ու պղծություն սերմանող անհասկանալի, անազգ ու անհայրենիք հերձվածողների ոտքերի տակ:

Ու էլի շատ և շատ բաներ են պետք: Չնայած, կներեք, ես ինչպես ու որ կողմից նայում եմ, դեռ որ հակառակն անելու մեջ ենք հմուտ ու խանդավառ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը