Կարծիք

23.04.2020 16:29


Սերգեյ Լավրովը պատռեց ՀՀ իշխանությունների դիմակը

Սերգեյ Լավրովը պատռեց ՀՀ իշխանությունների դիմակը

Հայաստանի իշխանությունների դիմակը պատռվեց, երբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց ամբողջ իրականությունը: Իրականություն, որը բավականին տխուր և անհեռանկար է հայկական կողմի համար: Փաստորեն ստացվում է, որ «թավշյա» «հեղափոխական» իշխանությունը մեկ տարուց ավելի բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որը գլխիվայր շուռ է տալիս 20 տարվա որդեգրած քաղաքական գիծը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հայկական կողմը միանշանակ հայտարարել էր, որ ոչ մի դեպքում չի ընդունի փուլային տարբերակով խնդիրը լուծելու առաջարկը, որ դա կարող էր լինել միայն փաթեթային լուծում` փուլ առ փուլ իրականություն դարձնելով: Հեղափոխական իշխանության գալուստից մեկ տարի հետո պարզ դարձավ, որ հիմնական սկզբունքները փոխված են, փաստաթուղթը փոխված է, և բանակցում են լրիվ այլ կետերի շուրջ: Գործող իշխանությունը այդպիսով մսխեց այդքան տարվա ձեռքբերումները` հայ ժողովրդին կանգնեցնելով կոտրած տաշտակի առաջ:

Նորմալ ժողովրդավարական երկրում նման դեպքում խորհրդարանը հատուկ հանձնաժողով կստեղծեր և անվստահություն կհայտներ ինչպես արտաքին գործերի նախարարին, այնպես էլ վարչապետին` այն հիմնավորմամբ, որ նրանք փաստորեն խաբել են ժողովրդին` նրա թիկունքում գաղտնի բանակցություններ վարելով: Բայց քանի որ սա անձնիշխանության երկիր է և գործում է մեկ մարդու կամքը, նման գործընթաց ՀՀ իշխանությանը դ եռևս չի սպառնում:

Այսօր էլ, «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, թե «Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»: Նմանաբովանդակ հայտարարություն էր արել նաև ինքը` նախարար Զոհրաբ Մնացականյանը: Սա նշանակում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ստախոս է անվանում Լավրովին և դարձյալ շարունակում մոլորության մեջ պահել սեփական ժողովրդին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, պետք է նշել, որ ռազմավարական դաշնակցային կապերը ենթադրում են երկկողմանի հարգանք և համագործակցություն: Բնականաբար, ամեն մի պետություն առաջնորդվում է իր սեփական շահով, բայց գործընկերոջ շահը ևս պետք է հաշվի առնել: Հետևաբար, եթե Մոսկվան բավական տևական ժամանակ ցույց է տալիս, թե ինչքան անընդունելի են իր համար Հայաստանում սկսված և շարունակվող քաղաքական հետապնդումները, իսկ Երևանը ջայլամի քաղաքականություն է վարում, դա նշանակում է, որ Մոսկվան կգնա համապատասխան կոշտ քայլերի:

Հետևաբար, շատ շուտով կտեսնենք պարզապես տապալված արտաքին քաղաքականություն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը