Մեկնաբանություն

23.04.2020 10:10


Ո՞վ կամ ի՞նչը կարող է կանգնացնել Փաշինյանին

Ո՞վ կամ ի՞նչը կարող է կանգնացնել Փաշինյանին

Անգրագետ Պողոսի սրտի վարչապետը պարզ մանիպուլյացիա է անում` ասելով, որ իրեն «միայն ժողովուրդը կարա կանգնացնի», այսինքն` վռնդի ապօրինաբար զավթած ամառանոցից, ուղարկի տուն և վերջ տա չափից ավելի երկարած «թավշյա վակխանալիային»։

Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլը, «գեշ սովորության» համաձայն, ցանկալին իրականության տեղ է փորձում անցկացնել`«ժողովրդին» նույնացնելով իր զոմբիների հետ, որոնց կերակրում է «20 տարվա թալանը կոպեկ-կոպեկ հետ բերելու», «թալանչիներին» հատ-հատ սամասուդի ենթարկելու խոստումներով։

Մի քիչ որ խելքին զոռ տա, կհասկանա` «մեծ հիասթափության» իր մոդելով առաջնորդվելու դեպքում անգամ «հիասթափվածներն» էապես գերազանցում են «չհիասթափվածներին»`թե՛ քանակական, թե՛ հատկապես որակական առումով։ Եթե ժողովրդին «տեսակավորենք» ապրիլյան «խեղափոխության» դիվիդենտներով բավարարված լինել-չլինելու չափանիշով, ինչպես անում է Փաշինյանն իրեն բնորոշ ցինիզմով, և հիասթափվածներին հանենք իր ենթադրյալ աջակիցների «ցանկից», տակը բան չի մնա, բացի իրենից, իր ընտանիքից, կուսակցությունից, որ հաստա՛տ ժողովուրդը չէ, նախարարներից, փոխնախարարներից, պատգամավորներից, միջին օղակի հին ու նոր պաշտոնյաներից, որոնք իր թույլտվությամբ օգտվում են բյուջեի լափամանից։

«Հեղափոխության» շահառուներից (փայատերերից) է նաև ԼԳԲՏ «համայնքը», որը, թեև բավարարված չէ իր «բաժնեմասով» (ստամբուլյան կոնվենցիան դեռ չի վավերացվել, միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը մնում է օդում կախված), բայց Նիկոլի անձնական պաշտպանության տակ լինելով` աջակցում է «թավշապետին»։ Հակառակ դեպքում կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ`թող որ համեստ, բայց «երաշխավորված» նորահայտ արտոնությունները կորցնելու սպառնալիքի տակ։

Սորոսին հավատարմագրված գրանտակերները նույնպես «գնալու տեղ չունեն»։ Սրանց հույսերը`«Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու» հետ կապված ամբողջությամբ չեն արդարացել (Ռուսաստանը չի հեռացել և չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, եթե չասենք`ավելի է ամրապնդել իր դիրքերը, մասնավորապես, Ադրբեջանում, ռուսական ռազմաբազան իր տեղում է), բայց Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առնվազն ղեկավարների մասով «պլինտուսից ցածր» մակարդակի վրա են։ Այնպես որ`սրանք էլ ստիպված են հանդուրժել Նիկոլի բզիկները, մինչև գտնեն ավելի հարմար մեկին, ով կարող է (եթե, իհարկե, կարող է) միս ու արյուն տալ «հին կարծրատիպերը» կոտրելու և Հայաստանը մանկուրտների երկիր դարձնելու իրենց ծրագրերին։

«Չհիասթափվածների» հիմնական «մասսան»`Նիկոլի սոցիալական հենարանը, սակայն, վերջացած պողոսներն են, որոնց հաց չտաս, ջուր չտաս`«նախկիններին» (հակահեղափոխականներին, սևերին, հիասթափվածներին) ասֆալտին փռելու, պատերով տալու տեսարաններ մատուցես։ Ինչն էլ Նիկոլը լավ թե վատ փորձում է անել` տեղ-տեղ դուխով, տեղ-տեղ դուխից ընկած, անհավես, պտիչկա դնելու համար՝ փորձելով կառավարելի դարձնել «մեծ հիասթափությունը», որ, իր ասելով`ամենուր է և ալիքաձև տարածվում է` սպառնալով սրբել-տանել «հեղափոխական արժեքները», որոնցով այնքա՜ն հպարտանում է։

Խնդիրն այն է, որ Նիկոլին «կանգնացնելու» հնարավորություն ունեցող սուբյեկտների շրջանակն ավելի մեծ է, քան ինքը կարծում է կամ փորձում է ներկայացնել։

Հետհեղափոխական Հայաստանում մոլեգնող ամենևին էլ ոչ թավշյա քաղաքական, իրավական և արժեհամակարգային բեսպրեդելը կարող է կանգնեցնել, օրինակ, Ռուսաստանը`պարզապես «չնկատելու տալով» Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները և նախ, Արցախի, ապա` Հայաստանի հետ «սամասուդ անելու» անթաքույց ցանկությունը (հուսով եմ, չեք կասկածում, որ պատերազմի վերսկսման դեպքում (աստված մի արասցե, իհարկե) Նիկոլին գահընկեց անելն ընդամենը տեխնիկայի խնդիր կլինի)։

Բարեբախտաբար, Ռուսաստանի նախագահն, ի տարբերություն Փաշինյանի, պահի ազդեցության տակ հանպատրաստից «բուխտի-բարախտի» որոշումներ չի կայացնում` հաշվարկում է իր քայլերի հնարավոր հետևանքները, և Նազարի բախտով Հայաստանի ղեկին հայտնված արկածախնդիրներին չի նույնացնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ։

Նիկոլին կարող են կանգնեցնել եվրոպական կառույցները, որոնց հետ Հայաստանը համագործակցում է։ Օրինակ, Եվրախորհուրդը, Եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Եվրամիությունը` պատին դեմ տալով, պահանջելով մնալ մեր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում`չխախտել Սահմանադրությունը և օրենքները, պահպանել մարդու իրավունքների և ժողովրդավարության տարրական կանոնները։

Ինչո՞ւ են աչք փակում «թավշյա բեսպրեդելի» վրա. որովհետև, մի կողմից, կորոնավիրուսը հետին պլան է մղել այս հարցերը`եվրոպացիներն ավելի կարևոր գործեր ունեն, քան Հայաստանը և Հայաստանում «ծաղկող» հակաժողովրդավարությունը, մյուս կողմից, ունեն իրենց շահերը, ակնկալիքները`Ղարաբաղի, նույն Ռուսաստանի հետ կապված։ Դրա համար էլ ոտքը կախ են գցում` չեն շտապում Փաշինյանին իր տեղը ցույց տալ։ Նույնը` Միացյալ Նահանգների դեպքում. ամերիկացիներն էլ դեմ չեն` Նիկոլի միջոցով կրակից շագանակներ հանել, և առայժմ չեն միջամտում` լուռ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Եվ ամենակարևորը, Նիկոլին կարող ենք կանգնեցնել մենք` հասարակության մտածող հատվածը, քաղաքական ուժերը և գործիչները, մտավորականները, լրատվամիջոցները. նրանք, ովքեր հասկանում են` ուր է տանում «հեղափոխության» անվան տակ երկիրը քանդելու այս մոլուցքը, և չեն պատրաստվում համակերպվել դրա հետ։

Թե չէ` «ինձ միայն ժողովուրդը կարա կանգնացնի»...

«Կանգնացնելու ժամանակը» գա` այնպե՛ս «կկանգնացնենք», չեք հասցնեք «ախ քաշել»։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը