Մեկնաբանություն

22.04.2020 16:44


Լավրովն անջատեց Փաշինյանի «լայվը»

Լավրովն անջատեց Փաշինյանի «լայվը»

Ցանկացած աննշան թեմայով գրառում կատարող, անձամբ իրեն ու իր աթոռին վերաբերող հարցերով ժամերով և օրերով ֆեյսբուքյան «լայվ» մտնող Նիկոլ Փաշինյանն «անհետացել» է։ Նրա «լայվը» կտրվել է։ Մեղավորը Լավրովն էր, ով սառը ջուր լցրեց «հիասթափվածների» տեսության ռահվիրայի գլխին՝ բացահայտելով, թե Արցախի հարցում ինչի մասին է լռել ու խաբել «ժողովրդի» վարչապետը։

Լավրովն ասաց, որ անցած տարի քննարկվել է Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակն, ըստ որի՝ առաջին փուլում պետք է հանձնվեն որոշ տարածքներ, հետո բացվեն ճանապարհները և այլն։

Սա 1997–ին Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտպանած տխրահռչակ փուլային տարբերակն է։ Փուլային տարբերակը Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական վերնախավը 1998–ին մերժեց, և 1–ին նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ։

Նիկոլը լևոնական տիրույթի գործիչ է, բայց Լևոն չէ, այսինքն՝ դոկտրինյոր չէ։ Նա կայուն սկզբունքներ ու տեսակետներ չունի։ Արցախի հարցում նրա գլխավոր նպատակը․․․ խնդրի լուծումն արցախցիների վրա բարդելն ու անձնական պատասխանատվությունից խուսափելն է։ Նա ու իր կինը մի օր կարող են ադրբեջանամետ դիրքորոշում հայտնել, մի օր՝ ռազմահայրենասիրական։ Նայած թե որ լսարանի առաջ են խոսում ու երբ։

Պատասխանատվությունից փախչելն ու անգրագիտությունն են պատճառը, որ մենք վերադառնում ենք լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակներին, երբ Հայաստանը մենակ մնաց միջազգային հանրության դեմ։ Նիկոլը վիժեցնում է բանակցությունները, ինչի արդյունքում էլ մենք փոխարենը Մադրիդից առաջ անցնենք, հետ ենք գնում դեպի Լիսաբոն։

1996–ի դեկտեմբերին Տեր–Պետրոսյանը Լիսաբոնից եկավ ու սկսեց «խաղաղություն» քարոզել, ինչն իրականում կապիտուլյացիա էր։ Նա այդպիսով փորձում էր աշխարհի աչքերում լեգիտիմություն ստանալ՝ լկտի ձևով կեղծված նախագահական ընտրություններից հետո։ Հայաստանն ու Արցախն այն ժամանակ փրկվեցին Տեր–Պետրոսյանին տուն ուղարկելով։ Հիմա էլ այլ տարբերակ չի մնալու, քան լևոնական միջավայրի ներկայացուցիչ Նիկոլին տուն ուղարկելը, քանի դեռ անդառնալի կորուստներ չենք ունեցել։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Գազի գնի մասով Լավրովը նույնպես «պասլատ» արեց Փաշինյանին՝ ուղիղ հայտարարելով, որ ՌԴ–ին դուր չի գալիս պաշտոնական Երևանի վարքագիծը՝ սկսած Լուկաշենկոյի հետ «հեռախոսային հանրահավաքների» կազմակերպումից մինչև ներքաղաքական հարցում «հեղափոխականների» պահվածքը։ Երկաթգիծն էլ՝ չհաշված։

Մեզ մնում է արձանագրել, որ հանուն անձնական էգոիստական նպատակների, ֆոբիաների ու կոմպլեքսների՝ Փաշինյանը ստորադասել է Հայաստանի ու Արցախի շահը։

Այս խորագրի վերջին նյութերը